Արցախում կձևավորվեն նոր դաշինքներ

Արցախում կձևավորվեն նոր դաշինքներ

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքում առաջատար Արայիկ Հարությունյանին ընդամենը 320 ձայն չհերիքեց հաղթող ճանաչվելու համար, այն դեպքում, երբ անվավեր քվեաթերթիկների թիվը մոտ երկու հազար հինգ հարյուր էր: Թերևս, Հարությունյանը կարող էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, պահանջեր քվեաթերթիկների վերահաշվարկ, և անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ գտներ իրեն պակասող 320 քվեաթերթիկը: Հարությունյանը չգնաց այդ ճանապարհով, այլ հայտարարեց երկրորդ փուլին պատրաստվելու մասին: Հարությունյանին պետք է համոզիչ ու տպավորիչ հաղթանակ: Քվեարկության արդյունքների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հարությունյանը հայտարարեց, որ խորհրդարանում առավել ձայներ ստացած «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» դաշինքը պատրաստ է բանակցություններ սկսել խորհրդարան անցած այլ ուժերի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ: Արցախի խորհրդարանը ունի 33 պատգամավոր, իսկ «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» դաշինքը ստացել է 16 մանդատ, այսինքն` ընդամենը մեկ մանդատ պակաս որակյալ մեծամասնություն ունենալու և միայնակ կառավարություն ձևավորելու համար: Բայց, ամենայն հավանականությամբ, Հարությունյանը կգնա ավելի լայն խորհրդարանական կոալիցիա ձևավորելու ճանապարհով, քան անհրաժեշտ մեկ մանդատի հարց լուծելն է: Ապագա կոալիցիայի մեջ կմտնեն Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Այս մասին, կարծես թե, նախնական պայմանավորվածություն կա, իսկ առաջիկայում կլինեն պաշտոնական հաստատումներ: Խորհրդարանական ընդդիմությունը կազմված կլինի Վիտալի Բալասանյանին առաջադրած «Արդարություն» կուսակցությունից և Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական Հայրենիքից»: Արայիկ Հարությունյանը հասկացրեց, որ «Արդարությունը» չի կարող կոալիցիայի մաս կազմել Բալասանյանի կողմից Հայաստանի իշխանության հասցեին հնչեցվող կոշտ քննադատության պատճառով, որը շատ դեպքերում անցնում է կոռեկտության սահմանները և վերածվում վիրավորանքի: Չնայած դրան, Բալասանյանի և Հարությունյանի հարաբերությունները բավական ջերմ են, և չի բացառվում, որ ընտրությունների երկրորդ փուլում Բալասանյանը հրապարակայնորեն սատարի Արայիկ Հարությունյանին: Բալասանյանը արդեն իսկ հրապարակել է սատարման քաղաքական և բարոյական հիմնավորումները՝ հայտարարելով որ Արայիկ Հարությունյանը և նրա եղբայրը ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտին: Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ ևս կարող է ձևավորվել կոալիցիա՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների մասնակցությամբ: «Նոր Արցախ» և «Միասնական Հայրենիք» կուսակցություններից բացի, Մայիլյանի թեկնածությունը կարող են պաշտպանել նաև «Արցախի հեղափոխական կուսակցությունը», «Միացյալ Հայաստանը»: Մյուսները փորձելու են բանակցել ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ՝ հետընտրական շրջանում ինչ-որ բան ստանալու ակնկալիքով: