Ես պետք է սրան սպանեմ. Նախկին ոստիկանապետը երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ․ Հենզել Մկոյան

Ես պետք է սրան սպանեմ. Նախկին ոստիկանապետը երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ․ Հենզել Մկոյան

Մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում վեճ է ծագել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և պատգամավոր Հենզել Մկոյանի և կողմերի համակիրների միջև։ Հնչել են կրակոցներ: Հենզել Մկոյանը պնդում է, որ վեճը հրահրել է Սամվել Պետրոսյանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ նախկին ոստիկանապետը, որ 2012-2016 թվականներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր, 2016-ից սկսած չի հաշտվում այն մտքի հետ, որ այլևս պատգամավոր չէ, և սկսել է սրել իրավիճակը: Հենզել Մկոյանը պատմեց, թե ինչից է ծագել վեճն այս անգամ. «Իմ եղբայրը, որ խոշոր գործարար է, հարյուրավոր մարդիկ են իր մոտ աշխատում, իրենից 30 տարի փոքր տղան իրեն ասել է՝ փոշի հանեցիր վրաս: Ինքն էլ ասել է՝ ի՞նչ փոշի, սաղ քաղաքը փոշի է, որից հետո իրեն քարով խփել էր: Ամեն ինչ դրանից է սկսվել: Դրանից հետո այդ տղային չպատժեցին: Իսկ ամսի 26-ին 12-րդ դասարանցի իմ եղբոր տղան մեքենայով գնացել է, Սամվել Պետրոսյանը հայհոյել է: Տղային թվացել է, որ ուրիշին է հայհոյել, գնացել եկեղեցու կողքով պտտվել նորից է եկել այդտեղով անցել, նա էլ թե՝ լավ ա եկար, հենց քեզ եմ ասում, ու նորից է հայհոյել: Եղբորս տղան եկել իմ տղաներին ու զարմիկներին ասել է՝ եկեք գնանք իր տղային տեսնենք, հարցնենք, թե ինչ են ուզում մեզնից: Գնացել տղային են ասել, նա էլ հորն է ասել»,- պատմեց պատգամավորը։ Տեղի ունեցած միջադեպը Հենզել Մկոյանի տան մոտ է եղել. «Ես լսեցի քաշքշոցի ձայներ, գնացի ջահելներին հավաքեցի, ասացի՝ սա պրովոկացիա է, առջևում ընտրություններ են, էդ մարդն ուզում է նորից քաղաքական դաշտ վերադառնալ, դրա համար ինչ-որ բաներ է անում, որ իր հետ հաշվի նստեն, մի սխալ թույլ տանք, որ ինքը շարունակի, և բոլորին հավաքեցի բերեցի տուն: Դրանից մի քանի րոպե հետո Սամվել Պետրոսյանը եկավ, ջահելներն արդեն իրենց մեքենաները նստել գնացել էին: Ինքը եկավ, զենքը հանեց, տղուն ասաց՝ դու գնա ստեղից, դու գործ չունես, էս իմ հաշիվներն ա, ես պետք է սրան սպանեմ: Ու երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ: Մի գնդակը սուլոցով անցավ ականջիս մոտով, երկրորդն էլ կրակեց, մի հատ էլ ոտքերիս տակ կրակեց: Մի փամփուշտն էլ խցանվեց ատրճանակի մեջ: Եթե չխցանվեր, ինքն ինձ անպայման կսպաներ: Ինձ փրկեց այն, որ իր զենքը «օսեչկա տվեց»: Լավ էր, որ ոստիկանությունը ժամանակին հասավ»։ Նշենք, որ Սամվել Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով: Հենզել Մկոյանը դժգոհ է, ասում է՝ հիմա Սամվել Պետրոսյանին մեղադրանք են առաջադրել միայն զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով. «Ես այդ հոդվածի հետ համաձայն չեմ, պահանջելու եմ, որ արդար քննություն տանեն, հատկապես, որ բոլոր տեսագրությունները կան, երևում է, թե ինչպես է 5 մետրից կրակել: Պետք է նրա վրա դնեն մահափորձի հոդված: Իսկ հիմիկվա հոդվածը շատ թույլ է: Դեռ քննություն է ընթանում, երևի կգան, էդ տեսանյութերը նորից կնայեն, մարդկանց նորից կքննեն և հոդվածը երևի կփոխեն, որովհետև ճշմարտությունը պետք է ի հայտ գա: Ինքն ասում է, որ իբր ես եմ կրակել: Հարյուր մարդ, այդ թվում ոստիկաններն ասում են, որ ինքն է եղել կրակողը, բայց ինքը անամոթաբար ստում է և ասում, որ իբր ես եմ կրակել առաջինը: Այնինչ այդ ընթացքում ես բարձրացրել եմ ատրճանակը և ինքնապաշտպանության նպատակով երկու անգամ օդ եմ կրակել: Այդ բոլորը երևում է տեսախցիկներում, բոլորը կարող են տեսնել»: Նա նշեց, որ իրենց միջև այս «հակամարտությունը» հին պատմություն է, պատճառն այն է, որ ընտրությունների ժամանակ ինքը մեզ պարտվում է, դրա համար չարացած է, նաև շատ է ուզում իշխանության գալ, դրա համար կռվում է. «Ինքն առաջ Ախալքալաքի ոստիկանապետն էր, հետո 2012-ին Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունից դարձել է պատգամավոր: Իսկ ես 5 անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրվել եմ պատգամավոր Նինոծմինդայից և Ախալքալաքից: Ես Վրաստանի խորհրդարանում ռեկորդակիր եմ, չկա այդպիսի մարդ, որ 5 անգամ նույն շրջանից անընդմեջ ընտրվի պատգամավոր»։