Նիկոլ Փաշինյանը գնահատեց Արցախի ընտրությունը. իշխանությունը վերարտադրվե՞լ է

Նիկոլ Փաշինյանը գնահատեց Արցախի ընտրությունը. իշխանությունը վերարտադրվե՞լ է

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությանը: Դրա արդյունքում Արցախում ձևավորվել է նոր խորհրդարան, և տեղի է ունենալու նախագահի ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցելու են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում տեղի է ունեցել բարձր որակի ընտրություն, ինչի վկայությունն է այն, որ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի հարյուր ձայն չի բավականացրել հաղթել ընտրությանը առաջին փուլով, իսկ խորհրդարանի երկրորդ և երրորդ ուժեր են դարձել ընդդիմադիր ուժեր: Նիկոլ Փաշինյանն ըստ երևույթին նկատի ունի Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի կուսակցությունները, որոնք երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունից հետո: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի կուսակցությունը դիտարկում է իշխանական կուսակցություն: Ըստ այդմ, հարց է ծագում՝ դա Արցախի նո՞ր իշխանությունն է, թե՞ հին: Որովհետև, եթե նոր իշխանությունն է, ապա ինչի՞ հիման վրա, եթե հինն է, ապա դարձյալ՝ ի՞նչ հիմքով: Բանն այն է, որ նախագահի ընտրությունը դեռ պետք է ունենա երկրորդ փուլ, իսկ խորհրդարանի ընտրության արդյունքով մեծամասնություն չկա, որևէ կուսակցություն չի ստացել 50+1, և անկասկած խորհրդարանում պետք է լինի կոալիցիա, իսկ թե ինչ հարաբերակցությամբ՝ դա դեռ հարց է: Թեև գուցե հարց է միայն հանրության համար, իսկ ահա քաղաքական կուլիսներում արդեն հայտնի է, որ կոալիցիա են կազմելու Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի՝ ԱԺԿ, և ՀՅԴ կուսակցությունները: Այլ կերպ ասած, դա Արցախի դեռևս գործող խորհրդարանի մեծամասնությունն է, և այդ իմաստով Արցախի իշխանությունը խորհրդարանում իսկապես վերարտադրվել է: Հարցն այն է, թե արդյոք այդ իշխանությունը փաստորեն վերարտադրվելու է նաև նախագահի՞ ընտրությամբ: Վարչապետ Փաշինյանն ազդարարում է, որ ընտրությունն անցել է բարձր որակով, թեև ընտրական գործընթացի և բուն քվեարկության ընթացքում եղել են որոշակի ահազանգեր: Երևանը գուցե համարում է, որ դրանք էական ազդեցություն չունեն ընտրության արդյունքի վրա: Միևնույն ժամանակ, կասկածի տակ դնել ընտրությունը՝ կնշանակի կասկածի տակ դնել այն, որ Երևանը կարողացել է ապահովել արցախյան հանրության ազատ կամարտահայտման միջավայր, որի պատասխանատվությունը վարչապետ Փաշինյանը ստանձնել էր նախորդ տարի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Դրա հետ մեկտեղ ընտրական գործընթացը Արցախում փաստացի դեռևս ավարտված չէ, քանի որ կա նախագահի ընտրության երկրորդ փուլը: Վարչապետի գնահատականն այդ իմաստով ստանում է միջանկյալ բնույթ, թեև իհարկե որոշակի առումով կարող է դիտարկվել նաև երկրորդ փուլից առաջ կանխորոշիչ հանգամանք: Միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր է դիտարկումը ընդդիմության ուժերի առումով: Մեծ հաշվով, փաստացի առաջին անգամ Արցախի խորհրդարանում իսկապես էական ներկայացվածություն են ունենում ընդդիմությունը կամ ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ունեն մոտ 40 տոկոս ձայն: Դա աննախադեպ իրավիճակ է, որի նշանակությունը թերևս առկա է Փաշինյանի այն գնահատականի համատեքստում, որ «Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից»: Գործնականում Արցախում ներկայումս էական է քաղաքական մրցակցային կյանքի ձևավորման խնդիրը, որը ի վիճակի է բարձրացնել Արցախի քաղաքական սուբյեկտային կենսունակությունը: Այլ և հիմնարար հարց է, իհարկե, մրցակիցների որակների խնդիրը: