«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» կարող են սնանկանալ. Ռոնալդուն՝ փրկության միջոց

«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» կարող են սնանկանալ. Ռոնալդուն՝ փրկության միջոց

Աշխարհում ահագնացող պանդեմիան լուրջ հետևանքներ կթողնի նաև սպորտի, մասնավորապես ֆուտբոլի վրա։ Ամենամասսայական մարզաձևը կկրի միլիարդավոր դոլարների վնաս, ինչը կստիպի վերանայել մինչ այս գործող քաղաքականությունն ու մոտեցումները։ Ըստ կանխատեսումների՝ պանդեմիայի ավարտից հետո հարյուրավոր ակումբներ կլուծարվեն, իսկ հազարավոր ֆուտբոլիստներ ուղղակի գործազուրկ կդառնան։ Վտանգը սպառնում է հատկապես միջին մակարդակի և համեստ ֆինանսական ռեսուրսներ ունեցող թիմերին, որոնց եկամուտները էապես նվազել են։ Եվրոպայում կորոնավիրուսի էպիկենտրոնը շարունակում է մնալ Իտալիան։ Վարակման դեպքեր արձանագրվել են իտալական մի շարք ֆուտբոլային ակումբներում։ Վարակված ֆուտբոլիստների թիվը օր օրի աճում է։ Կորոնավիրուսից չի հաջողվել խուսափել իտալական ամենատիտղոսակիր ակումբին՝ Թուրինի «Յուվենտուսին»։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս թիմից կորոնավիրուսով են վարակվել պաշտպան Դանիելե Ռուգանին, կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին և հարձակվող Պաուլո Դիբալան։ Վերջինս արդեն ապաքինվել է։ Երեկ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի ֆուտբոլիստների հետ աշխատավարձի նվազման շուրջ։ Պանդեմիայի հետևանքով ակումբը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների, նույնիսկ սնանկացման վտանգի առաջ։ Այժմ «Յուվենտուսը» դիտարկում է ճգնաժամը հաղթահարելու մի քանի տարբերակ։ Մասնավորապես, ակումբի ղեկավարները մտադիր են վաճառել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ Եվրոպական մի շարք ֆուտբոլային ակումբներ արդեն իսկ հայտարարել են սնանկանալու, ինչպես նաև կադրային կրճատումների մասին։ Բնական է, որ ճգնաժամից չեն խուսափի նաև գրանդ ակումբները։ Բանն այն է, որ ֆուտբոլային ակումբները եկամտի զգալի մասը ծախսում են խաղացողների աշխատավարձի վրա։ Մրցաշրջանի դադարեցման հետևանքով ֆուտբոլիստները չեն աշխատում, և ակումբները զրկված են եկամտից։ Բացի «Յուվենտուսից», էլի մի քանի գրանդ ակումբներ հայտարարել են աշխատավարձի նվազեցման վերաբերյալ ֆուտբոլիստների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Իրավիճակն այնպիսին է, որ եթե նույն «Յուվենտուսի» կամ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չհամաձայնեն աշխատավարձի 70 տոկոսով նվազմանը, ապա այս ակումբները ուղղակի կփոշիանան։ Ըստ մոտավոր հաշվարկի՝ կրճատման արդյունքում «Յուվենտուսին» հաջողվել է խնայել մոտ 90 միլիոն եվրո։ Սա որոշ չափով կերկարաձգի գոյատևումը, բայց... Ակումբները դեռ հույս ունեն, որ դադարեցված մրցաշրջանը կվերսկսվի։ ՈՒԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ եթե մինչև հունիսի վերջ չհաջողվի վերսկսել ներքին առաջնությունները, ապա դրանք վերջնականապես կչեղարկեն։ Այս դեպքում ակումբները ընդհանուր առմամբ կկրեն մոտ 4.5 միլիարդ եվրոյի վնաս, ինչը կհանգեցնի կոլապսի։ Մասնավորապես, եվրոպական ակումբները չեն ստանա հեռուստահեռարձակումներից գոյացած գումարները, որը եկամտի հիմնական աղբյուրներից է։ Վաճառելով Ռոնալդուին՝ «Յուվենտուսը» կստանա մոտ 70 միլիոն եվրո, ինչը ևս մի քանի ամիս կերկարաձգի գոյատևումը։ Չինաստանը, որը հաղթահարել է պանդեմիան, պատրաստ է ձեռք բերել եվրոպական ֆուտբոլի աստղերին։ Հավանականությունը մեծ է, որ մոտ ապագայում չինական թիմերը կհամալրվեն հարյուրավոր հայտնի ֆուտբոլիստներով։ Ինչևէ, կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների քանակով այս պահին առաջատարներն են հենց Իտալիան և Իսպանիան։ «Սամպդորիայի» միանգամից 8 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նրանք են՝ Էդգար Բարետոն Մանոլո Գաբիադինին, Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մորտեն Տորսբին, Անտոնիո Լա Գուինան, Ֆաբիո Դեպաոլին և Բարտոշ Բերեշինսկին։ Իտալիայում այս հաշվարկում երկրորդ հորիզոնականում «Յուվենտուսն» էր, սակայն ցավալի այս ցուցանիշով թուրինյան թիմին հավասարվեց մեկ այլ հեղինակավոր ակումբ՝ «Ֆիորենտինան»։ Վերջինիս կազմից վարակված են Դուշան Վլախովիչը, Հերման Պեսելյան և Պատրիկ Կուտրոնեն։ Վարակված են նաև «Միլանի» երիտասարդ ֆուտբոլիստ Դանիել Մալդինին և նրա հայրը՝ լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Վերոնայի» ներկայացուցիչ Մաթիա Դականիի և «Ատլանտայի» խաղացող Մարկո Սպորտելիոյի մոտ։ Իսպանիայում վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճ է գրանցվել։ Մասնավորապես, համաճարակի էպիկենտրոնում է հայտնվել «Վալենսիա» ակումբը։ Այս թիմից վարակված են Էսեկիել Գարայը, Էլյակիմ Մանգալան, Խոսե Գարայը և ևս 7 ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն հրապարակվում։ Կորոնավիրուսով վարակված են նաև «Էսպանյոլ» ակումբի երկու ֆուտբոլիստներ։ Իտալիայի և Իսպանիայի ավելի ցածր դիվիզիոնների ակումբներում հանդես եկող վարակված ֆուտբոլիստների թիվը գերազանցում է 500-ը։