Վիտալի Բալասանյանի հետ խնդիր չունեմ, կարող եմ հիմա էլ զանգել, հանդիպել․ Արայիկ Հարությունյան

Եթե Վիտալի Բալասանյանը չի տեսնում համագործակցություն ՀՀ քաղաքական ուժերի հետ, ապա ինչպե՞ս համագործակցենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ դուք հայտարարում եք, որ պատրաստ եք համագործակցել Արցախի բոլոր ուժերի հետ, սակայն Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ չի ընդունում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, մասավորապես Արցախի հարցում։ «Մենք դեռ չենք խոսել Վիտալի Բալասանայանի հետ։ Եթե պարզվի, որ նրա կոշտ հայտարարությունները հայաստանյան իշխանությունների նկատմամբ, հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում, չեն համապատասխանում իրականությանը, մենք կարող ենք համագործակցել, եթե ոչ՝ ո՞նց համագործակցենք։ Կփորձենք այլ կերպ համագործակցել, բայց դա չի նշանակում, որ մենք դառնալու ենք հակառակորդ, համագործակցություն լինելու է արդեն այլ ձեւաչափով։ Խորհրդարանի ընդդիմությունը եւս մեծ անելիքներ ունի անելու մեր երկրում։ Ես Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու մեծ հնարավորություններ ունեմ, այնպես չէ, որ մենք թշնամիներ ենք, կարող է հիմա դուրս գամ զանգեմ, հանդիպենք եւ որեւէ խնդիր չունենք հանդիպելու»,– ասաց Հարությունյանը։