Պուտինը մերժել է Էրդողանի Սիրիան բաժանելու առաջարկը

Պուտինը մերժել է Էրդողանի Սիրիան բաժանելու առաջարկը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդվել է Կրեմլի կայքում: Էրդողանի հետ զրույցում Պուտինը մերժել է Սիրիան բաժանելու գաղափարը՝ նշելով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը: Ռուսաստանի ղեկավարը նաև լուրջ անհանգստություն է հայտնել ծայրահեղական խմբավորումների շարունակվող ագրեսիվ գործողությունների կապակցությամբ: Երկու պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել Իդլիբի հարցով միջգերատեսչական խորհրդակցությունները՝ լարվածության նվազեցման, հրադադարի ապահովման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար: Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև լիբիական կարգավորման հարցը: Ըստ Թուրքիայի ղեկավարի աշխատակազմի, Էրդողանը Պուտինին հայտնել է սիրիական Իդլիբ նահանգում Սիրիայի բանակի զսպման անհրաժեշտության մասին: Փետրվարի 20-ին թուրքամետ գրոհայինները, Թուրքիայի բանակի աջակցությամբ, Իդլիբում հարձակման փորձ են ձեռնարկել և ճեղքել են սիրիական բանակի պաշտպանությունը Նայրաբ բնակավայրի տարածքում: Հարձակումները հետ են մղվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օգնությամբ: Բացի այդ, ռուս զինվորականները հայտարարել են, որ թուրքական հրետանին դադարել է աջակցել ապստամբներին այն բանից հետո, երբ ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել դրան: Զինյալներն ու սիրիական զորքերը կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ են ունեցել: Օդային հարվածներից երկու թուրք զինվոր է զոհվել: