Արցախի ընտրություններին չմիջամտելու ՀՀ իշխանությունների մոտեցումը ամենաճիշտն է. Աշոտ Ղուլյան

Արցախում մարտի 31-ին սպասվում են համապետական ընտրություններ, արցախցին ձևավորելու է Ազգային ժողով և ընտրելու է հանրապետության նախագահ: Քարոզարշավը մեկնարկելու է փետրվարի 26-ին: «Պլանավորում ենք, թե քարոզարշավի առաջին օրերն ինչպես սկսենք, կան քարոզարշավի որոշակի ավանդույթներ, հենց դրանցով էլ կառաջնորդվենք: Ունենք աշխատանքային ծրագիր, որով նախատեսված են հանդիպումներ Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերում և, իհարկե, մայրաքաղաք Ստեփանակերտում: Կարծում եմ, որ նախընտրական քարոզարշավի նախընտրելի ձևաչափը անմիջական շփումներն են ժողովրդի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն մի ընտրություն հասունության փորձություն է և քննություն է Արցախի համար. «Նախորդ անգամները մենք կարողացել ենք ճիշտ օգտագործել Արցախում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը՝ որպես քաղաքական երևույթ»: Ա. Ղուլյանի դիտարկմամբ՝ Արցախում աննախադեպ ընտրություններ են. թեկնածուների ցանկը բավականին մեծ է, նախագահի 14 թեկնածու է առաջադրվել, քաղաքական ուժերի մեծ ակտիվություն է նկատվում, ինչը նորություն է Արցախի քաղաքական կյանքում. «Կարծում եմ՝ սա կապված է ավելի շատ համապետական ընտրություններում նոր ընտրակարգը կիրառելու հետ. ունենք ունիկալ իրավիճակ, երբ նույն օրը ժողովուրդն ընտրում է իշխանության երկու թևեր՝ գործադիր  իշխանություն՝ ի դեմս նախագահի, և օրենսդիր իշխանություն՝ ի դեմս խորհրդարանի»: Անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ ֆավորիտ թեկնածու չի ունենալու արցախյան ընտրապայքարում, և Հայաստանն այս գործընթացում ապահովելու է միայն քաղաքացիական վերահսկողություն, Աշոտ Ղուլյանն ընդգծեց. «Արցախի ընտրություններին չմիջամտելու ՀՀ իշխանությունների մոտեցումը ամենաճիշտն է»: Մանրամասն տեսանյութում: