Մոնումենտի դղյակների թալանչիներին բացահայտելու համար բարդ գործընթաց է սկսվելու

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի հրապարակած Սպառազինությունների համաշխարհային ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ Իսրայելից և  Սինգապուրից հետո: Անշուշտ, հասկանալի է, որ ռազմականացվածության հանագամանքը չափվում է որոշակի ստանդարտներով, որտեղ դեր ունի նաև բնակչության քանակի և սպառազինության հարաբերակցությունը: Անկասկած է, որ եթե չլինեին Արցախյան հարցն ու պատերազմը և ռեժիմը Ադրբեջանի հետ, Հայաստանը դժվար թե ունենար ռազմականացվածության բարձր մակարդակի անհրաժեշտություն: Մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական իմաստով մենք գտնվում ենք բարդագույն հանգույցում և ամենևին երաշախավորված չէ այն, որ անգամ հակամարտության բացակայության պարագայում  մեր անվտանգության խնդիրների առավելագույնս ինքնիշխան սպասարկումը չէր պահանջի բարձր ռազմականացվածություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: «Պետք է ուրախ լինենք, որ նման բարձր ցուցանիշ ունենք, բայց դա լավ օրից չէ, եթե Հայաստանը չունենար անվտանգության լրջագույն մարտահրավերներ, ապա նման մեծ ծախս չէր կատարի, ռազմական բյուջեն չէր ավելացնի: Այդ ծախսերը վերջին տարիներին կտրուկ աճել են»,- նշեց Վիկտոր Ենգիբարյանը: «Կուզենայի, որ մեծ ծախսեր կատարվեին ոչ թե արտերկրից զենք ձեռք բերելու համար, այլ ռազմարդյունաբերության մեջ ներդրումներ անելով»,- նշեց Հայկ Սահակյանը՝ ընդգծելով, որ հենց դա կլինի երաշխիքը, որ մեր անվտանգությունը կարող ենք ապահովել երկարաժամկետ առումով: Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ ժողովրդավարությունը նախապայման է բարեփոխումներ անելու համար. «Եթե մենք գնում ենք բանակին տրամադրվող ծախսերի մեծացմանը, անհրաժեշտ է մտածել պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին»: Առաջիկայում, ըստ վարչապետի հայտարարության, բանակում ծախսվելու է 2,5 միլիարդ դրամ, անդրադառնալով այս դիտարկմանը՝  Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ դա ռեալ թիվ է, և այդ գումարի մեծ մասը հակակոռուպցիոն պայքարի ճանապարհով է ձեռք բերվելու: «Մենք՝ ինքներս, մեզ քննադատում ենք դանդաղկոտության համար, չնայած, որ բյուջե վերադարձված գումարները մի քանի անգամ գերազանցում են բոլոր ժամանակներում վերադարձված գումարների չափը: Այս գործընթացում դեռ շատ անելիքներ կան, մեխանիզմներ են կիրառվելու օրինական ճանապարհով յուրացված գումարները բյուջե վերադարձնելու համար»: Դիտարկմանը, որ Մոնումենտի անօրինական շինությունների մասին վարչապետի հիշեցումը, թերևս, պատահական չէր, Արմեն Խաչատրյանը նշեց, որ դրանք հիմնականում պաշտոնյաների դղյակներ են. «Բացառում եմ, որ իրենց հայտարարագրված եկամուտներով նրանք կարող էին 300 միլիոն դոլարանոց դղյակ ունենալ: Ես միշտ Վրաստանի փորձն եմ նշում, երբ որ այդ անձնավորությանը օրենքով սահմանված կարգով ճանաչում են որպես թալանչի, նա իր թալանից վերադարձնում է պետությանը և դրա փոխարեն, օրինակ, չի դատապարտվում: Այս գործարքը տրամաբանական կլինի... »: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ դղյակների թալանչիներին բացահայտելու համար բարդ գործընթաց է սկսվելու: Մանրամասն՝ տեսանյութում: