Երկար տարիներ ռուսական էստրադայի տնազն ենք արել, վերջապես ազատագրվել ենք․ Վահագն Հայրապետյան

Համաձայն լեգենդի՝ ջազը ծնվել է Նոր Օռլեանում, նվագել են նավի վրա, և շոգենավով հասել է Չիկագո, Նյու Յորք: Հայաստանում ջազ սկսել են նվագել 1920-30-ականներին: 1950-60-ականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ, ստեղծվեցին ջազային խմբեր, որոնց կատարումները թնդում էին ամբողջ Խորհրդային Միությունում և ոչ միայն: Հայտնի ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես ստացվեց, որ հայերն այդպես սիրեցին ջազը և կարողացան կատարելագործվել ջազում, նշեց. «Որովհետև մենք իմպրովիզացիոն ազգ ենք, հայերն էլ իրենց ոգով, իրենց իմպրովիզացիոն վարպետությամբ ջազմեններ են: Մեր ժողովրդական երաժշտությունն էլ է իմպրովիզացիոն հիմքերից սկսվել՝ գուսանական աշուղական արվեստից, և մեր ժողգործիքների վարպետներն առաջին հերթին իմպրովիզատորներ են: Բացի դրանից՝ մեր կյանքը, մեր պատմությունն ինչ-որ տեղ երևի թե նման է աֆրիկյան երաժշտությանը՝ թմբուկներով, ռիթմիկ զգացողություններով: Հայերը երբ որ ջազ են նվագում, դա շատ յուրահատուկ է հնչում օտարի ականջին և անվանում են հայկական ջազ: Ջազը դասական երաժշտության շարունակությունն է: Դասական երաժշտությունն էլ է սկիզբ առել իմպրովիզացիաներից»: Անդրադառնալով դիտարկմանը, որ երևանյան փաբերում, ակումբներում հնչում է ջազ, Վահագն Հայրապետյանը նշեց, որ իրականում այնքան էլ շատ չի հնչում. «Ընդամենը մեկ ակումբում է, որ կենդանի ջազ է հնչում, կան նաև ակումբներ, որտեղ ժամանակ առ ժամանակ երաժիշտները դրսևորվում են, ինչ-որ նոր բան են ուզում ասել»: Ջազմենի կարծիքով՝ մեր մշակութային կյանքը շատ հարուստ է ու բազմազան. «Ամեն օր նշանակալից միջոցառում կարող եք տեսնել, ֆանտաստիկ փառատոններ ունենք»: Անդրադառնալով քննադատություններին, թե մշակութային ոլորտում հեղափոխություն չի եղել, ավելին՝ այս ոլորտում հիմնականում հակահեղափոխականներ են, Վահագն Հարապետյանը հակադարձեց՝ նշելով՝ քննադատողները թող իրենց Ֆեյսբուքներից դուրս գան ու մտնեն կյանք, մտնեն մշակույթ: Արդեն փոփոխությունների ճանապարհին ենք: Նախ՝ անորակությունը քչացել է: Օրինակ՝ տարիներ շարունակ մենք ռուսական էստրադայի տնազն են արել՝ հայերեն բառերով, հիմա վերջապես ազատագրվել ենք… Նոր մտքեր են պետք, երիտասարդներին պետք է ներգրավենք»: Մանրամասն՝ տեսանյութում: