Դղյակների մասով վարչապետի առաջարկը ողջունելի է, բայց իրագործման մեխանիզմները՝ անհասկանալի

«Հանրային գերակա շահ ասվածն ինքնին տալիս է բովանդակային առումով դրա ենթատեքստը՝ այն առումով, որ հասարակության շահը պետք է բարձր դասվի յուրաքանչյուր անհատի շահից՝ անկախ նրանից, թե ով է այդ անհատը: Սակայն այդ գերակա շահը շատ հաճախ ստորադասվել է ժամանակի հզորների, ամենակարողների շահերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով գերակա շահի անվան տակ սեփականաշնորհված տարածքներին: Նրա խոսքով՝ այսպես ասած, ամենահամեղ պատառները մասնատվել են ու ապօրինի զավթվել, որոնց հողատարածքների վրա իրականացվել են էլ ավելի ապօրինի հիմունքներով շինարարություններ, կառուցվել են շենքեր, դղյակներ. «Այդ ամենի արդյունքում երկիրը աստիճանաբար մաս-մաս է արվել: Այդ քաղաքականությունը ուղղակիորեն խաթարել է մեր երկրի բնականոն զարգացումը, ընդհանրապես՝ քաղաքի ճարտարապետական տեսքը, քաղաքաշինական բոլոր հնարավոր ու անհնար նորմերը, և ամենակարևորը՝ խաթարել է սոցիալական արդարության գաղափարախոսությունը»: Մեր զրուցակիցը օբյեկտիվ առումով ճիշտ է համարում այս առնչությամբ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած դիտարկումները, սակայն կարծում է, որ հետագա ընթացքի վերաբերյալ չկա այն հարցի պատասխանը, թե պետությունն ինչ քաղաքականություն է որդեգրելու այս հարցում: «Ենթադրենք՝ պարզեցին, որ դրանք օրինական չեն, զավթված են, և հենց այդպես էլ կան, ի՞նչ ենք անելու՝ քանդելո՞ւ ենք, բուլդոզերներով հողի՞ն ենք հավասարեցնելու, ստիպելու ենք այդ զավթիչներին վերականգնել քաղաքի նախկին տեսքը և վերականգնե՞լ կորսված անտառն ու այգին: Եղբայր, նախ կանչեք նախկին պաշտոնյային դատախազություն և հարց տվեք, թե նրան որտեղից այդ հնարավորությունը, որ միլիոնանոց դոլարների արժողությամբ դղյակ է կառուցել. սրանից պարզ կոռուպցիոն սխեմա ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Եվ այդ կոռուպցիոն սխեման պետք է պարզել: Երկրորդը՝ պետք է մշակել ընդհանուր հայեցակարգ. նոր կառավարությունը պետք է նոր մոտեցում ցուցաբերի քաղաքաշինական նորմերի և ընդհանրապես զավթված տարածքների և ապօրինի կառուցված շինությունների օրինականացման գործընթացում»,- ընդգծեց Նորայր Նորիկյանը:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: