ՌՈ հավանական նոր պետի պատկերացումները օպերատիվ աշխատանքից զրո են. Նրա միակ «արժանիքը» Պնախարարի ընկերը լինելն է

ՌՈ հավանական նոր պետի պատկերացումները օպերատիվ աշխատանքից զրո են. Նրա միակ «արժանիքը» Պնախարարի ընկերը լինելն է

«Առաջին լրատվական»-ը երեկ գրել էր, որ այս պահին որպես Ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածու դիտարկվում է Արթուր Բաղդասարյանի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանի թեկնածությունը։ Մենք գրել էինք, որ Աղաջանյանը, սակայն, ամենամեծ մեղսակցությունը ունի ինչպես Ռազմական ոստիկանությունում տիրող խայտառակ վիճակի, այնպես էլ բանակում տիրող վիճակի համար։ Նա նաև համարվում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ամենամտերիմ անձանցից մեկը։ Հենց նրա միջոցով է Տոնոյանը քաջատեղյակ եղել ՌՈ-ում տեղի ունեցող ամեն ինչից։ Մենք նաև գրել էինք, որ Ալեքսանդր Աղաջանյանի նշանակմամբ առավելապես շահագրգռված է ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, քանի որ միայն Աղաջանյանի նշանակմամբ նրան կհաջողվի խուսափել հետագա պատասխանատվությունից, ու, ինչպես ասում են, կեղտերը ջրի երես դուրս չեն գա։ Դե այն, որ Ալեքսանդր Աղաջանյանը անմիջական մասնակցություն է ունեցել Արթուր Բաղդասարյանի կոռուպցիոն գործունեությանը՝ անհերքելի է։ Մենք այսօր տեղեկացանք, որ Արթուր Բաղդասարյանի ազատումից հետո ՌՈ-ում ամեն ինչ հանձնվել է Աղաջանյանին։ Իսկ վաղը նրան ներկայացնելու են անձնակազմին՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ ՌՈ մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այս նշանակումը վրդովեցրել է անձնակազմին, ներսում վիճակը շատ վատ է, մթնոլորտը՝  շատ անառողջ։ Նրանց խոսքով՝ Արթուր Բաղդասարյանին հեռացնելով՝ համակարգային խնդիրները չեն վերացել ու չեն վերանա, որովհետև դրանց մեծ մասի պատասխանատուն հենց Ալիկ Աղաջանյանն է եղել։ Աշխատակիցների խոսքով՝ Աղաջանյանի միակ արժանիքն այս պահին ԺՊ դառնալու հարցում Դավիթ Տոնոյանի մոտիկ ընկերը լինելն է։ Գնդապետ Աղաջանյանը նշված պաշտոնին է 2018 թ. հունիս-հուլիս ամիսներից:  Աշխատակիցների խոսքով՝ նա միանձնյա ղեկավարելով ողջ օպերատիվ բլոկը, այդ թվում և հատուկ օպերատիվ ծառայությունը, որը հագեցված է թե համապատասխան անձնակազմով և թե անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ըստ էության պարապուրդի է մատնված եղել: Ողջ պաշտոնավարման ընթացքում,  տիրապետելով օպերատիվ ռեսուրսին, այդպես էլ որևէ լուրջ, հասարակական հնչեղություն ունեցող հանցագործության  դեպք չի բացահայտվել, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի: Երբեք ոչ մի ծանր հանցագործություններով  դեպքի վայր չի գնացել  և չի փորձել անձամբ  ղեկավարել օպերատիվ հետախուզական միջոցառումները, նույնիսկ Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերով: «Եթե վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դեպքերով  Ռազմական ոստիկանությունն ունի իր պատասխանատվության բաժինը, ինչի արդյունքում պաշտոնանկ արվեց  Արթուր Բաղդասարյանը, ապա թիվ մեկ պատասխանատուն հենց ոստիկանապետի տեղակալն է, ով  համակարգում է օպերատիվ ծառայությունը: Եթե Ռազմական ոստիկանությունը չի տիրապետել բանակում տիրող օպերատիվ իրավիճակին,  բավարար հիմքերի վրա չեն դրվել պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումները, ապա դրա անմիջական պատասխանատուն հենց ինքն է՝ ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալը: Եվ այո, գնդապետ Աղաջանյանը պետք է վաղուց պաշտոնանկ արվեր»,- մեզ հետ զրույցում նշեցին ՌՈ աշխատակիցները՝ հավելելով, որ, մեղմ ասած, շատ տխուր վիճակում է նաև ՌՈ օպերատիվ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, ինչը անմիջական ազդեցություն է թողնում  անձնակազմի կողմից գործնականում իրենց  ֆունկցիոնալ պարտականությունների անթերի կատարման վրա: «Միակ բանը, ինչը լավ է ստացվում Աղաջանյանի մոտ, համակարգում անառողջ մթնոլորտի ստեղծումն է,  տեղի-անտեղի ծառայողական քննությունների անցկացնումն է,  աշխատակիցներին գործնական աջակցություն ցուցաբերելու փոխարեն կարգապահական տույժերի ենթարկումը:  Իրականում Աղաջանյանից ավելին սպասել հնարավոր չէ:  Բացի այն, որ նա առհասարակ բանակի հետ կապ չունի, բանակը չի պատկերացնում և իրական խնդիրները չի կարող հասկանալ, հետո էլ վերջինս  ՆԳ ոստիկանական համակարգում հիմնականում զբաղվել է  ծառայողական քննություններ անցկացնելով: Գուցե տեսականորեն  պատկերացնում է օպերատիվ աշխատանքը, բայց գործնականում՝ զրո։ Նրա միակ «արժանիքը» երևի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ընկերը  լինելն է»,- եզրափակեցին մեր զրուցակիցները: