Հայաստանի բացառիկ օրինակը. ռազմականացված ժողովրդավարություն

Հայաստանի բացառիկ օրինակը. ռազմականացված ժողովրդավարություն

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է ռազմականացված երկրների նոր սանդղակ, որում Հայաստանը երրորդն է՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Տասնյակում են նաև Կիպրոսը, Հունաստանը, Հորդանանը,  Հարավային Կորեան, Ռուսաստանը, Բելառուսը և Ադրբեջանը: Անշուշտ հասկանալի է, որ ռազմականացվածության հանգամանքը չափվում է որոշակի ստանդարտներով, որոնք ստեղծում են հարաբերական պատկեր: Այստեղ դեր ունի նաև բնակչության թվաքանակի և սպառազինության հարաբերակցությունը: Անկասկած է, որ չլինեին արցախյան հարցն ու պատերազմի ռեժիմը Ադրբեջանի հետ, Հայաստանը հազիվ թե ունենար ռազմականացվածության բարձր մակարդակի անհրաժեշտություն: Մյուս կողմից՝ մենք պետք է ի վերջո գիտակցենք նաև այն, որ գտնվում ենք աշխարհաքաղաքական իմաստով բարդագույն հանգույցում, և ամենևին երաշխավորված չէ այն, որ անգամ հակամարտության բացակայության պարագայում մեր անվտանգության խնդիրների առավելագույնս ինքնիշխան սպասարկումը չէր պահանջի բարձր ռազմականացվածություն: Այս տեսանկյունից էական է թերևս այն, որ ռազմականացվածության բարձր աստիճանով հանդերձ՝ Հայաստանը ներկայումս ցուցադրում է նաև ժողովրդավարականացվածության բարձր աստիճան և դինամիկա: Իսկ դա բացառիկ օրինակ է, որովհետև մեծ հաշվով ռազմականացվածությունն ու ժողովրդավարականացվածությունը տարիների ընթացքում ձեռք բերվող հատկանիշներ են, համադրություն: Օրինակ՝ տասնյակում կան այդպիսի երկրներ, սակայն նրանք ունեն տասնամյակի պատմություն և հանգամանքների առումով զգալիորեն տարբեր են Հայաստանից: Այդ իմաստով Հայաստանն իսկապես ցուցաբերում է բացառիկ համադրություն, երբ երկիրը, գտնվելով պատերազմի մեջ, գործնականում իրեն թույլ է տալիս ընթանալ ժողովրդավարական վերափոխումների ճանապարհով ու նաև թռիչք կատարել այդ ճանապարհին: Դա գործնականում պետական ու հանրային ուժի որոշակի վկայություն է ու նաև շոշափելի համեմատական առավելություն քաղաքական խաղաքարտի իմաստով՝ Ադրբեջանի համեմատ, որը դիրքավորվել է որպես Հայաստանի հակառակորդ: Ադրբեջանում առկա է հակառակ պատկերը, ու թեև ռազմականացվածության առումով Բաքուն զիջում է Հայաստանին, ինչը ըստ էության վիճակագրական խաբկանք է ժողովրդագրական հանգամանքի պատճառով, այդուհանդերձ Բաքուն Հայաստանին, մեղմ ասած, տասնապատիկ զիջում է ժողովրդավարության առումով: Ավելին, Ադրբեջանում ռազմական գործոնը իշխանության համար առիթ է հանրության համար քաղաքացիական որոշակի ազատություններ սահմանափակելու և թափանցիկության ու հաշվետվողականության սահմանափակում մտցնելու համար, առավել ևս՝ բանակում: Իսկ ընդհանուր իրավիճակի բնույթը խայտառակ ձևով դրսևորվեց խորհրդարանի արտահերթ ընտրություն կոչված միջոցառմանը: Այդպիսով, Հայաստանի բարձր ռազմականացվածության հանգամանքը վերջին երկու տարիներին բարձր ժողովրդավարականացվածության իրողության հետ համադրվելով ձևավորում է Հայաստանի բավականին ուժեղ արտաքին վարկ՝ մեծ հաշվով նաև տալով հայկական բանաձևը. ռազմական ուժ՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար, և ժողովրդավարություն՝ պաշտպանական ուժն ավելացնելու համար: