Հայաստանում վերելակների գործարան կառուցելու գործարարի առաջարկը վարչապետին չի հասել. Խոչընդոտը էկոնոմիկայի նախարարությունն է

Հայաստանում վերելակների գործարան կառուցելու գործարարի առաջարկը վարչապետին չի հասել. Խոչընդոտը էկոնոմիկայի նախարարությունն է

Այս տարվա փետրվարի 10-ին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում վերելակների գործարան կառուցելու վերաբերյալ։ Գաբրիելյանը նամակում մանրամասն հիմնավորել է ու ներկայացրել վերելակների գործարան կառուցելու անհրաժեշտությունը, դրա օգուտները՝ ներկայացնելով նաև ֆինանսական հաշվարկները։ Ուշագրավն այն է, որ Գաբրիելյանը և նամակում, և նամակը վարչապետի ընդունարան մուտք անելիս խնդրել է, որպեսզի այն չվերահասցեագրվի որևէ այլ գերատեսչության, հատկապես՝ էկոնոմիկայի նախարարին. ըստ Գաբրիելյանի՝ էկոնոմիկայի նախարարությունը արդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտն է։ Գաբրիելյանը, սակայն, օրերս պատասխան է ստացել, որ իր նամակը ուղարկել են էկոնոմիկայի նախարարին։ Նախկին պատգամավորը վարչապետին ուղղված դիմում-նամակը ստիպված դարձրել է բաց նամակ, որպեսզի դրա բովանդակությունը գոնե մամուլի միջոցով հասու լինի Նիկոլ Փաշինյանին։ «Արդեն որերորդ անգամն է՝ որևէ առաջարկություն ոչ միայն վարչապետին չի հասնում, այլև վերահասցեագրված նամակներին գերատեսչություններից պատասխանում են պատասխանելու համար: Ես կարծում եմ, որ քանի դեռ չի վերափոխվել կառավարման համակարգը, մեր պետությունը տեղապտույտից դուրս չի գալու, առանձնապես տնտեսության ոլորտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գաբրիելյանը։ Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, ապա նա մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է տնտեսական հեղափոխության մասին, իսկ 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախում վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական պետություն՝ դրանով մատնանշելով, որ Հայաստանը պետք է դառնա կենսունակ պետություն և ստանձնի դերակատարություն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբով: Եվ քանի որ կենսունակ պետություն նշանակում է արդյունաբերապես զարգացած պետություն, հետևաբար արդյունաբերության արագընթաց զարգացումը մեր երկրում այլընտրանք չունի: «Արդյունաբերության զարգացման նպատակով Հայաստանը պետք է վճռականորեն և կտրականապես հայտարարի վաշխառուական տնտեսական համակարգից հրաժարվելու և սոցիալական շուկայական տնտեսական համակարգի անցնելու մասին: Քանի որ սոցիալական շուկայական տնտեսական համակարգն է, որ առ այսօր, որպես հարաբերականորեն արդար հասարակարգի լավագույն մոդել և արդյունաբերության զարգացման համար լավագույն միջավայր ստեղծող, ապացուցել է իր կենսունակությունը (Գերմանիա, Ավստրիա և այլն): Այդ համակարգն է նաև, ուր առաջին հերթին հաշվի են առնվում սոցիալապես ամենախոցելի շերտերի շահերը: Սա ամենակարևոր հանգամանքն է, որից էլ կախված են մնացած ենթաքայլերը»,- ասաց Գաբրիելյանը: Նա հավելեց. «Հայաստանում հին վերելակները փոխելու գործընթացը հրաշալի առիթ է, որ կառավարությունը նախաձեռնի և կատարի արդյունաբերության զարգացման առաջին քայլը, ինքը հանդես գա որպես ներդնող, կառուցի վերելակների գործարան և հանդիսանա դրա սեփականատերը (հետագայում կառավարությունը կարող է բաժնեմասերի մի մասը՝ մինչև հիսուն տոկոսը, վաճառել: Պատրաստի և աշխատող գործարանի դեպքում, ինքնըստինքյան պարզ է, հիսուն տոկոս բաժնեմասերը պետությունը կարող է վաճառել ավելի մեծ գնով, քան իր կատարած ներդրումներն են եղել): Երևանի քաղաքապետը նախաձեռնել է քաղաքի վերելակները փոխելու գործընթացը: Երևան քաղաքում, ըստ քաղաքապետարանի տվյալների, փոխելու ենթակա է մոտ 4500 վերելակ, իսկ Հայաստանում՝ մոտ 8500: Ըստ քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ քաղաքապետարանը վերելակները գնում է քսան հազար (20,000) դոլարով, առանձնապես մեծ գիտելիքներ պետք չեն, որ հաշվենք և տեսնենք, որ 4500 վերելակը փոխելու համար պահանջվելու է մոտ իննսուն միլիոն (4500 վերելակ x 20,000 դոլար = 90,000,000 դոլար) դոլար»։ Ըստ մեր զրուցակցի՝ վերելակները փոխելու գործընթացը կարող է լուրջ խթան հանդիսանալ արդյունաբերության զարգացման համար: «Առաջարկում եմ, որ կառավարությունը նախաձեռնի և կառուցի վերելակների գործարան, որը կարելի է ավարտել մեկուկես տարում: Այդ գործարանի կառուցման ծախսերը, մոտավոր հաշվարկներով, չեն կարող գերազանցել քսան միլիոն դոլարը: Կառավարությունը, նախաձեռնելով այս գործարանի կառուցման գործը, նաև հիմք կդնի արդյունաբերության զարգացման գործընթացի արագացմանը: Ինչպես հայտնի է, Հայաստանում՝ Սպիտակ քաղաքում, խորհրդային տարիներին վերելակների գործարան կար: Սակայն, ինչպես հարյուրավոր այլ գործարաններ, այս գործարանը նույնպես քանդվեց: Կարծում եմ՝ Սպիտակ քաղաքում, այդ գործարանում աշխատած կադրեր դեռևս մնացած կլինեն, դա կարող է գործոն լինել նոր գործարանը Սպիտակում կառուցելու համար, որը և տարածքային համաչափ զարգացման ազդակ կարող է հանդիսանալ ապագայի համար: Ավելորդ գումարներ չծախսելու նպատակով կարելի է մինչև գործարանի կառուցման աշխատանքների ավարտը փոխել միայն այն վերելակները, որոնց շահագործումը անթույլատրելի է՝ անվտանգության տեսակետից, իսկ մյուսները, որոնք դեռևս կարելի է շահագործել, հետաձգել փոխելու գործընթացը և փոխել արդեն Հայաստանում պատրաստված վերելակներով»,- ասաց նախկին պատգամավորը: Նրա խոսքով՝ կառավարությունը, նախաձեռնելով այս գործարանի կառուցման ծրագիրը, ի ցույց կդնի իր վճռականությունը արդյունաբերության զարգացման գործում, և վերելակների գնման գումարը՝ մոտ իննսուն միլիոն դոլար, կմնա Հայաստանում, կստեղծվի մի քանի հարյուր աշխատատեղ, Հայաստանը կունենա ժամանակակից սարքավորումներով զինված գործարան: Այս գործարանի կառուցումը կառավարության կողմից խթան կհանդիսանա, որպեսզի գործարարները մտածեն նաև վերելակների արտադրության համար անհրաժեշտ այնպիսի դետալների և հանգույցների արտադրության մասին, որոնք վերելակների գործարանում չեն պատրաստվելու: Մեխակ Գաբրիելյանը վերջում ընդգծեց, որ այս աշխատանքները արդյունավետ և առանց ձգձգելու իրականացնելու համար անհրաժետ է նաև ստեղծել կառավարությանն առընթեր արդյունաբերության պետական կոմիտե: Իսկ էկոնոմիկայի նախարարությանը պետք է զերծ պահել այս նախաձեռնության հետ առնչվելուց, քանի որ այդ նախարարութունը արդյունաբերության զարգացման ցանկացած առաջարկություն, ըստ մեր զրուցակցի, մեղմ ասած՝ քնեցնում է, իսկ ինքը որևէ նախաձեռնությամբ առ այսօր հանդես չի եկել: