Հայաստանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության աճի պատճառը

Հայաստանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության աճի պատճառը

Աճել է Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, խոսելով «Ամերիկայի ձայն»-ի հետ: Բարսամյանը նշել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով ԱՄՆ հետաքրքրվածության մասին՝ նշելով, թե դա կարող է բերել Հայաստանին ցուցաբերվող աջակցության ընդլայնման: Ի՞նչն է բարձրացրել Հայաստանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրությունը, որն անկասկած ակնառու է առանց նույնիսկ ԱՀՀ համանախագահի հավաստիացման, թեև վերջինս անկասկած իրողությանը տիրապետում է ոչ միայն տեղեկատվական, այլ նաև ներքին խոհանոցային մակարդակով: Այդուհանդերձ, Հայաստանի, հայկական գործոնի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության աճն ակնհայտ է, տեսանելի անզեն աչքով անգամ: Եվ այստեղ ոչ միայն հստակ ցուցիչ է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի աննախադեպ ընդունումը Կոնգրեսի երկու պալատներում, այլ, օրինակ, նաև Կոնգրեսում հետաքրքրության աճը Արցախի հանդեպ: Մի քանի հայամետ կոնգրեսականներ որոշել են Արցախ գործուղել իրենց գրասենյակների ներկայացուցիչների՝ մարտի 31-ին սպասվող համապետական ընտրությունը դիտարկելու համար: Հայաստանի հանդեպ ամերիկյան քաղաքական հետաքրքրության աճն անշուշտ պայմանավորված է թավշյա հեղափոխության հանգամանքով, սակայն համարել, թե միայն այդ հանգամանքն է հետաքրքրության հիմքում, թերևս կլինի թերի գնահատում: Այստեղ անկասկած իր էական դերն ունի աշխարհաքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ ամերիկա-թուրքական հարաբերության հանգամանքը: Պատճառներն իրապես խորքային են, բազմավեկտոր, և դրանց համախումբը հասկանալը, գնահատելն ու վերլուծելը ունեն մեծ նշանակություն ամերիկյան հետաքրքրության հանդեպ համարժեք ծավալի, դինամիկայի և բովանդակության հայկական արձագանքը կառուցելու համար: Այդ հետաքրքրությունից պետք չէ ոգևորվել, գլուխը կորցնել, բայց միևնույն ժամանակ պետք է քայլել դրան համահունչ, ինչը ենթադրում է ոչ միայն Հայաստանի ակնկալիք՝ «օգնություն ժողովրդավարության դիմաց» բանաձևի տրամաբանությամբ, այլ նաև Հայաստանի որոշակի հանձնառություն՝ փոխադարձ քաղաքական պատասխանատվության սկզբունքով: Եվ գլխավորը՝ Հայաստանը պետք է շարունակի հայ-ամերիկյան հարաբերությունը դիտարկել ոչ թե որևէ այլ հարաբերության հաշվին, այլ Հայաստանի պետական սուբյեկտության, ռեգիոնալ ու միջազգային դերակատարման և անվտանգության երաշխավորման տրամաբանությամբ, ինքնիշխանության հիմքով: Խոշոր հաշվով, հենց այստեղ է Հայաստանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրության «գաղտնիքը», որն անշուշտ գաղտնիք էլ չէ՝ ինքնիշխանությունը, Հայաստանի ինքնիշխան քաղաքականության հնարավորությունը, որը ոչ թե ենթադրում է այս վեկտորից անցում մյուս վեկտորին, այլ հենց բազմավեկտորություն, բայց բոլոր ուղղություններով գործընկերների համար հստակ երաշխիքով՝ որ այս կամ այն պարագայում գործ ունեն հենց Հայաստանի որոշման հետ, ըստ այդմ՝ աշխատում են Հայաստանի հետ, համոզված, որ Հայաստանը չի աշխատում իրենց դեմ: Ռեգիոնալ բարդ իրողությունների և աշխարհաքաղաքական բարձր տուրբուլենտության պայմաններում Հայաստանի համար այդ հանգամանքը ուղղակի կենսական նշանակության է: