Ռուսներն այստեղ հարատև պատերազմի ական են դրել. եթե իրենք դեմ են, ուրեմն մենք ճիշտ ենք

Ռուսներն այստեղ հարատև պատերազմի ական են դրել. եթե իրենք դեմ են, ուրեմն մենք ճիշտ ենք

Այն, որ Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպումն ու դրան հաջորդած հրապարակային քննարկումն այնքան էլ Մոսկվայի ու մերձկրեմլյան լրատվամիջոցների ու փորձագետների սրտով չէ՝ տեսանելի է նրանց հրապարակումներից ու արտահայտած մտքերից։ «Կոմերսանտի» հրապարակման համաձայն, օրինակ, Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում «կիսել» են Լեռնային Ղարաբաղը, իսկ ահա «Ռեգնում» գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովն ավելի դարակազմիկ միտք է հայտնել՝ իբրև թե Փաշինյանը միակ գործիչն է, ով հրապարակայնորեն խոսում է Ադրբեջանի շահերի մասին։ Ըստ նրա՝ Փաշինյանը վախենում է հրապարակել կարգավորման իր սցենարը, այդ դեպքում, ըստ նրա, հասարակությունը կարող է «պայթել»: «Այս ամենը ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված: Սա հաստատ կարող եմ ասել, չեմ կարող ասել միայն այն, թե քանի շրջանի մասին է խոսքը՝ Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն»,- ընդգծել է Տարասովը 168.am-ի հետ զրույցում։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հենց Ռուսաստանն է ական դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ 1921 թվականի հուլիսի 4-ին: «Բնականաբար, իրենց ձեռնտու չէ, որ հակամարտություն չլինի։ Մյունխենում Փաշինյանը փորձեց մեր ժողովրդին դուրս հանել «բարեկամի» այդ խարդավանքից ու առաջարկեց բոլորովին նոր կոնցեպցիա։ Իրենց դա դուր չի գալիս, իսկ մենք պետք է գնանք մեր ճանապարհով։ Եթե իրենք դեմ են, ուրեմն մենք ճիշտ ենք։ Սխալ են նաև Հայաստանում հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, Ալիևին պաշտպանողները։ Կրկնում եմ՝ ռուսները հարատև պատերազմի ական են դրել, հայ և ռուս ժողովուրդների «դարավոր բարեկամության» անհեթեթ լոզունգով այլևս չպետք է շարժվենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Շիրինյանի՝ ՀՀ նոր իշխանությունների, մասնավորապես վարչապետ Փաշինյանի որոնումները տանում են Հայաստանի պետականության ամրապնդման. «Կա երեք ուժ՝ Ադրբեջանի թրքական իշխանությունը, ռուսական մուտիլովշիկները՝ տարասովները, ու Հայաստանում հինգերորդ շարասյունը՝ ի դեմս գողապետության պաշտոնական կուսակցությունների, նախկին կոալիցիայի ներկայացուցիչների։ Ովքեր մերժում են հանրաքվեն՝ նրանք բոլորը Տարասովի ու Ալիևի բարեկամներն են։ Իսկ մենք գնում ենք մեր խնդիրների լուծմանը՝ դեպի հանրաքվե»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ նրանք քննադատում են Փաշինյանին, որովհետև հայ ժողովուրդը աջակցում է նրան՝ իր քվեով դա արդեն ապացուցել է: «Պարզապես վերափոխումների հույսը, հավատը, խորհրդանիշը Նիկոլն է, կենտրոնացել են նրա դեմ։ Իսկ էությունը Հայաստանի դեմ լինելն է, մեր մարդավարի ապրելուն է դեմ»,- եզրափակեց նա։ Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի փաստարկները Մյունխենում ողջունելի էին. «Այդ ամենը պետք էր վաղուց ասել՝ 100 տարի առաջ Ադրբեջան անունով պետություն առհասարակ գոյություն չուներ։ Որպես փաստարկ պետք էր ներկայացնել նաև Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկներ, ու ոչ մի Կոլերով ու Տարասով ոչինչ չէին կարող ասել։ Սա սկզբունքային հարց է, ու ես չեմ հասկանում, թե ինչու մեր իշխանությունն այդ հանգամանքը չի ընդունում։ Փաստաթուղթն ուժի մեջ է, ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից, և եթե մենք այն սկսենք օգտագործել, որևէ մեկը մեզ որևէ բան ասել չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Թեպետ մեր զրուցակիցը չի կարծում, թե հնարավոր են արտաքին քաղաքականության փոփոխություններ, այդուհանդերձ նշում է՝ Մոսկվայում նման մտահոգություններ առկա են. «Ես տեսա Մյունխենում Ալիևի դեմքի արտահայտությունը, ի՞նչ ամբողջականության մասին կարող էր խոսք լինել, երբ նման պետություն առհասարակ գոյություն չուներ։ Կոլերովներն ու տարասովներն իզուր են ջանքեր գործադրում, ավելի լավ է թող մտածեն, թե իրենց ընկեր թուրքերի հետ ինչպես են հարցերը լուծում Սիրիայում»։