Հանրաքվեի արդյունքները բավարար չեն անկախ դատական համակարգ ունենալու համար. այն ընդամենն ուռուցքն է հեռացնելու

Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու կոչված հանրաքվեն այլևս իրողություն է՝ ապրիլի 5-ին Հայաստանի քաղաքացին կպատասխանի այն հարցին, թե ինչ Սահմանադրական դատարան չի ուզում ունենալ։ Իսկ ի՞նչ Սահմանադրական դատարան ենք մենք ուզում ունենալ։ Այս հարցի պատասխանն արդյոք մենք գիտե՞նք, կամ ներկայիս իշխանությունները տվե՞լ են այդ հարցի պատասխանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ես մի փոքր մտավախություն ունեմ, որ քաղաքացին էդպես գիտակից չի լինի՝ թեև շատ կուզեի, որոշելու, թե ինչպիսի Սահմանադրական դատարան չի ուզի ունենալ, այլ պարզապես կվստահի իշխանություններին։ Քաղաքացին կասի «Այո» և չի խորանա հարցի էության մեջ։ Ես ինքս կողմ եմ «Այո»-ին, սակայն գտնում եմ, որ հանրաքվեի գնալու այդ որոշումը «վտանգավոր» էր ու ռիսկային։ Ամեն դեպքում ես սա համարում եմ շատ լավ նախադեպ այն իմաստով, որ ժողովուրդը, այնպես, ինչպես զգաց ժողովրդավարության համը՝ անմիջական մասնակցություն ունեցավ իշխանափոխությանը, հետո էլ ազատ ընտրությամբ ամրագրեց իր իշխանությունը, այդպես էլ պետք է լուծի դատական իշխանության հարցը։ Համաձայն Սահմանադրության՝ հանրաքվեի միջոցով ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը։ Ժողովուրդը ժողովրդավարության հետ մեկտեղ պետք է զգա նաև իրավական պետություն կառուցելու իր հնարավորությունը։ Նա անմիջական մասնակցություն պետք է ունենա դրանում և պետք է զգա, որ իսկապես ինչ-որ բան է արվում, ու հենց ինքն է անում»։ Որպեսզի քաղաքացին այդ պատասխանատվությունը զգա, նրան ո՞վ պետք է ուղղորդի՝ իշխանությո՞ւնը, քաղհասարակությո՞ւնը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Գիտե՞ք ինչ՝ պետք չի թերագնահատել, բայց նաև պետք չի գերագնահատել։ Այդտեղ է իմ մտահոգությունը․ մարդկանց պետք չի թերագնահատել, նրանք շատ իմաստուն են՝ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում ապրողները»։       Մանրամասները՝ տեսանյութում։