Մարկ Ցուկերբերգը կոչ է արել կանոնակարգել համացանցում տարածվող վնասակար բովանդակությունը

Մարկ Ցուկերբերգը կոչ է արել կանոնակարգել համացանցում տարածվող վնասակար բովանդակությունը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջարկել է կանոնակարգել համացանցում տարածվող վնասակար բովանդակությունը, հաղորդում է Reuters-ը: «Ես կարծում եմ, որ պետք է լինի վնասակար բովանդակության կանոնակարգում... Խնդիրն այն է, թե ինչ հիմքով է դա արվում»,- ասել է Ցուկերբերգը՝ փետրվարի 15-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով խորհրդաժողովում: Ըստ նրա, սոցցանցերը պետք է կարգավորվեն լրատվամիջոցների և հեռահաղորդակցական ընկերությունների միջև գործող որոշակի համակարգով: Ցուկերբերգը նշել է, որ հեռահաղորդակցությունն ուղղակի փոխանցում է տվյալները, «բայց դուք չեք հետապնդի օպերատորին, եթե ինչ-որ մեկը հեռախոսով ինչ-որ վնասակար բան է ասում»: «Ես կարծում եմ, որ մենք իրոք պետք է լինենք ինչ որ տեղ մեջտեղում»,- ասել է Facebook-ի ղեկավարը: Ցուկերբերգը հավելել է, որ Facebook ընկերությունում 35 հազար մարդ է աշխատում, որոնք վերահսկում են սոցիալական ցանցի բովանդակությունը: Ամեն օր ընկերության աշխատակիցները և ավտոմատացված համակարգերն ավելի քան մեկ միլիոն կեղծ հաշիվներ են արգելափակում: