Արցախում փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծվի

Արցախում փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծվի

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին եւ անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել է ոլորտում պետական քաղաքականության ռազմավարության մեջ: «2019թ. թողարկվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցվել է տարեկան 480 մլն կՎտ/ժ-ի, 2018 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 25 տոկոս: Վերջին 5 տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում արձանագրվել է միջին տարեկան աճ 12,8 տոկոսի չափով, ներկայումս այն ապահովում է հարկային եկամուտներ պետբյուջե տարեկան շուրջ 2 միլիարդ դրամի չափով: Էներգետիկ անկախության ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքում ուրույն տեղ ունի նաև սոցիալական բաղադրիչը. ոլորտում ներգրավված է մոտ 500 աշխատող»,- իր ելույթում նշել է պետական նախարարը՝ հավելելով, որ փոքր հէկերի կառուցման գործընթացում կառավարությունը մշտապես առաջնորդվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություններով: Խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և հաշվի առնելով հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մասնագիտական հիմնավորումների հանրային պահանջը՝ պետական նախարարը հայտարարել է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին: Պետական նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը լինելու է առավելագույնս թափանցիկ, եւ դրա կազմում կընդգրկվեն հասարակական հատվածի, մասնագիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունից: Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը սեղմ ժամկետներում առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարները, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: https://www.facebook.com/ArtsakhGovernment/posts/1316181058569001