Կառավարման մոդելը չի փոխվի. կփոխվի՞ արդյոք սուպերվարչապետությունը

Կառավարման մոդելը չի փոխվի. կփոխվի՞ արդյոք սուպերվարչապետությունը

Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում երկրի կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենալու։ Այդ մասին իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ կիսանախագահական կառավարման համակարգը երրորդ հանրապետության ողջ ընթացքում Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է, որում գործնականում համոզվել ենք բոլորս։ «Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու համակարգ է։ Իմ կարծիքով՝ այս տարբերակն ընդհանրապես ՀՀ համար պետք է բացառել, այս «կիսա» տարբերակն առհասարակ պետք է բացառել: Մենք կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական: Իմ կարծիքը հետևյալն է՝ մենք կառավարման համակարգը չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ խորհրդարանական կառավարման մոդելը դեռևս մեզանում նոր է ու, կարծես թե, դեռ խնդիրների առաջ չի կանգնեցրել: Վարչապետը նշեց, որ ՍԴ փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին։ Վարչապետը ամեն դեպքում նշեց, որ կողմ է նախագահի լիազորությունների ավելացմանը, քանի որ ժողովրդավարական պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող։ Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ սահմանադրական փոփոխությունների համար աշխատանքային խմբի ձևավորման մասին, երկրի կառավարման մոդելի փոփոխության և կիսանախագահական մոդելին անցում կատարելու մասին հայտարարություն տարածեց Հայ ազգային կոնգրեսը։ Կիսանախագահականի ջատագով ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, սակայն, մեզ հետ զրույցում անդրադառնալով վարչապետի անդրադարձին կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ, ասաց, որ առաջիկայում դրա մասին մանրամասն կխոսեն՝ հրաժարվելով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալուց։ Սուպերվարչապետական համակարգին մշտապես դեմ արտահայտվող «Լուսավոր Հայաստան»-ից էլ արձագանքում են՝ իրենք կողմ չեն կառավարման համակարգի փոփոխությանը։ Կառավարման համակարգը պետք է մնա խորհրդարանական, սակայն պետք է վերացվի սուպերվարչապետությունը։ «Չի կարելի անընդհատ կառավարման մոդել փոխել, անընդհատ թռիչք կատարել մի մոդելից դեպի մյուս մոդել՝ հույս ունենալով, որ դրանից երկրի կառավարությունը լավանալու է։ Պետք է եղած մոդելը կատարելագործել և արդյունավետ դարձնել։ Մենք կողմ չենք, որ պառլամենտական համակարգը հիմա փոխվի։ 2015-ին, երբ այս համակարգը ընտրվեց, ընտրվեց սխալներով։ Ձևական առումով հռչակվեց պառլամենտական համակարգ, սակայն գործնականում, բովանդակային իմաստով շարունակվեց պահպանվել գործադիր իշխանությունում քաղաքական իշխանության կենտրոնացումը, որը հայտնի է սուպերվարչապետական համակարգ անունով, որն էլ աղերս չունի խորհրդարանական համակարգի հետ։ ՍԴ փոփոխությունների իմաստը պետք է լինի այն, որ, ի վերջո, վերջ դրվի մեկ անձի ձեռքում իշխանության գերկենտրոնացմանը, որը անտրամաբանական է և չի կարող գոյություն ունենալ ժողովրդավարական համակարգում։ Հիմա եկել է փոփոխության ժամանակը և տեսնենք, թե իրեն ինչպես կդրսևորի իշխանությունը»,-ընդգծեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սահմանադրական փոփոխությունների, առավել ևս կառավարման մոդելի վերաբերյալ հարց ԲՀԿ-ում դեռևս չի քննարկվել։ «Երբ որ մենք կունենանք մեր մասնակցությունը այդ հանձնաժողովին, և երբ մեզ համար արդեն տեսանելի կլինեն այն թիրախները, որոնք մտադրություն ունի փոխելու իշխանությունը, այդ ժամանակ մեր առաջարկները կներկայացնենք։ Մենք նման հարց դեռ չենք քննարկել»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ հավելելով, որ շատ վատ է վերաբերում այն փաստին, որ սահմանադրական փոփոխություններ են արվում միայն մեկ ոլորտի՝ դատական համակարգի համար և այն այսօրվա քաղաքական իրողություններին համապատասխանեցնելու համար։ «Վատ եմ գնահատում դա։ Սահմանադրություն փոփոխել, սահմանադրական հանրաքվե՝ նշանակում է հսկայական ծախսեր։ Եթե նպատակը Սահմանադրական դատարանից ազատվելն է, որից այլ կերպ այլևս չեն կարողանում ազատվել, և միակ տարբերակը մնացել է սահմանադրական հանրաքվեն, ապա այս մոտեցումը ես գնահատում եմ վատ և անընդունելի»,- եզրափակեց Զոհրաբյանը։ «Սասնա ծռեր» կուսակցությունում էլ կարծում են, որ կառավարման մոդելի հարցի որոշումը պետք է լինի ավելի լայն ֆորմատով, քանի որ գործող Սահմանադրությունը, ներառյալ առ այսօր, ժողովուրդը որևէ Սահմանադրություն չի ընտրել, և մինչև հիմա կատարված բոլոր փոփոխությունները պարտադրվել են ժողովրդին։ ՍԴ որևէ հանրաքվե լեգիտիմ չի եղել և, հետևաբար, ըստ «Սասնա ծռերի» խոսնակի, լեգիտիմ չեն եղել այն համակարգերը, որոնցով Հայաստանը կառավարվել է։ «Երբ որ մենք խոսում ենք ՍԴ փոփոխությունների մասին, ապա պետք է հաշվի առնենք, որ մենք պետք է մտածենք ոչ թե ինչ-որ կոսմետիկ փոփոխությունների մասին, ինչ-որ պաշտոնյայից ազատվելու համար, այլ առաջին հերթին ինքնիշխան հայ ժողովրդի կողմից պետք է ստեղծվի և ընդունվի միանգամայն նոր Սահմանադրություն, որի ստեղծմանը պետք է մասնակցի ամբողջ ժողովուրդը»,- ասաց Վահագն Ավագյանը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ապա իրենք այս պահին կոնկրետ որևէ որոշում չունեն և կարծում են, որ կառավարման մոդելը պետք է որոշվի սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ։ «Բայց ես կարծում եմ, որ մեր նման ժողովուրդները մոտ են ուղիղ ժողովրդավարությանը, երբ կառավարման վերաբերյալ կարևորագույն որոշումները ընդունվում են հնարավորինս ներառական, մասնակցային ճանապարհով»,- ընդգծեց Ավագյանը։