Անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին. Գաբրիել Բալայանը՝ ՀՀ ԶՈՒ սպառազինության մասին

Անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին. Գաբրիել Բալայանը՝ ՀՀ ԶՈՒ սպառազինության մասին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ շնորհավորել է բոլոր զինծառայողներին և իրենց կյանքը տված զինծառայողների հարազատներին: Այս մասին Բալայանն ասաց ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում: «Շնորհավորանքս ցանկանում եմ հղել մեր այն զինծառայողների հարազատներին, ովքեր իրենք կյանքն են տվել բանակի հզորացման, հայրենիքի անկախության, զարգացման և սահմանների անքակտելիության համար: Կարծում եմ, որ այս տոնի առաջին հասցեատերերը հենց նրանք են»,- նշեց Բալայանը և հավելեց, որ ՊՆ-ն արդեն իսկ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել՝ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման համար: Փոխնախարարի խոսքով՝ 2019 թվականին Երևանում այդ զինծառայողների ընտանիքների բնակարանային կարիքները մոտ 95 տոկոսով բավարարվել է, իսկ այժմ ծրագիրն իրականացնվում է նաև մարզերում: «Մենք շատ ենք կարևորում նաև այն զինծառայողների վաստակը, ովքեր ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իրենց կյանքն են վտանգում հայրենիքի պաշտպանության համար: Պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Զինված ուժերում մեր զինծառայողներին վերաբերող բոլոր իրավական կարգավորումները գործեն ճիշտ և հստակ: Շատ հաճախ լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպք է կանխվում մեր սպաների և զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ»,- ընդգծեց Բալայանը: Անդրադառնալով սպառազինությանը՝ նա շեշտեց, որ 2019 թվականն աննախադեպ է եղել և հավաստիացրեց, որ անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին, սակայն դեռևս չեն կարող բացահայտել, թե ինչ զինամթերք պետք է ստանա Հայաստանը: «Անցյալ և այս տարվա բյուջետային պլանավորման մեջ բավական գումարներ են հատկացված հենց այդ կարիքները բավարարելու համար: Մենք շեշտը դրել ենք ոչ միայն սպառազինության, այլև համաժամանակյա վարձատրության բարձրացման վրա: Հույս ունեմ, որ բոլոր այդ դրական տենդենցների զարգացումը կկարողանանք ապահովել նաև 2020 թվականին»,- եզրափակեց Բալայանը: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: