ՍԴ ճգնաժամը չլուծելու դեպքում հեղափոխությունը կվիժեցվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական մեծ ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու զարգացումներին։ Վարչապետը նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք այսօր չունենք։ Ըստ ձեզ՝ ի՞նչ է անում իշխանությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրի լուծման ուղղությամբ․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը պատասխանեց․ «Դեռևս ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքն է ուժի մեջ։ Ինչպես ես ասում էի՝ նախանշաններ չկան, որ որևէ մեկը պատրաստ է ընդունելու։ Չեմ ուզում հոռետես լինել՝ մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ դեռ կա։ Իմ կարծիքով՝ այն մարդիկ, որոնց շնորհիվ ժողովրդավարությունը մեր երկրում լուրջ հետընթաց է եղել, նրանց չպետք է տրվեր հնարավորություն։ Այնուհանդերձ, դա նրանց տրվել է, և մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ամեն դեպքում ես կոչ կանեի այդ մարդկանց չտրվել Հրայր Թովմասյանի սադրանքին և ընդունել այդ առաջարկը։ Սա է արժանապատիվ հեռանալու ճիշտ պահը։ Նրանք պետք է ամեն ինչ ճիշտ հաշվարկեն, սթափ ու ողջամիտ գտնվեն ու ընդունեն այդ առաջարկը։ Ավանդաբար, Սահմանադրական դատարանի դատավորները մեծ կախվածություն են ունեցել նախագահից, և այսօր այդ իներցիայով շարունակում են։ Սակայն հիմա նրանք իներցիայից դուրս գալու հնարավորություն ունեն։ 2019 թվականին մենք չունեցանք Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան, և դա իշխանության մեղքն էր, որովհետև, ի հեճուկս տարբեր նախազգուշացումների, նրանք այլ ճանապարհով էին գնում։ Բայց գոնե 2020 թվականը պետք է լինի այն տարին, որի ընթացքում կկարողանանք հնարավորինս արագ ձևավորել նոր Սահմանադրական դատարան»։   Մանրամասները՝ տեսանյութում։