Փաշինյանի «չելենջը» Արցախին. ընդունված է

Փաշինյանի «չելենջը» Արցախին. ընդունված է

Վարչապետ Փաշինյանի մեծ մամուլի ասուլիսը, որ տեղի ունեցավ Կապանում, հանրության ուշադրության կամ հիշողության մեջ մնաց Հրայր Թովմասյանի գրիչով, ու թեև Նիկոլ Փաշինյանը փորձեց բացատրել դրա կարևորությունն ու խորհրդանշականությունը, այդուհանդերձ հարկ է որոշակի մտահոգությամբ արձանագրել ասուլիսի ընթացքում արված կարևոր դիտարկումների ստվերում մնալու հանգամանքը: Իսկ այդ դիտարկումներն, օրինակ, վերաբերում էին Արցախի խնդրին, որի համատեքստում նաև` Հայաստանի զինված ուժերի սպառազինության արդիականացմանը: Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց Արցախի հարցում Հայաստանի նախորդ իշխանության բանակցային բովանդակությունը, որտեղ, մեղմ ասած, չափազանց բարդ է գտնել գեթ մեկ հայանպաստ տիրույթ կամ հանգամանք: Եվ դա այն իրողության ֆոնին, երբ թավշյա հեղափոխությունից ի վեր նախորդ իշխանության քարոզչական գրեթե բոլոր տիրույթներից անդադար խոսվում է «Արցախը հանձնելու» մասին: Այն, ինչի մասին բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը, կարծես թե որևէ կերպ չի արժանանում այդ իշխանության արձագանքին: Չկա որևէ հերքում, թե չի եղել բանակցություն այդ բովանդակությամբ: Մյուս կողմից` ի՞նչը հերքել, երբ այդ մասին գործնականում անձամբ խոստովանել է Սերժ Սարգսյանը: Ահա այդտեղ օգնության է գալիս գրիչը: Որքան էլ նախորդ իշխանությունն ինքը փորձում է գրչի թեման շրջանառել անլրջության համատեքստում, այդուհանդերձ հենց նախորդ իշխող համակարգը, նախորդ իշխանությունն է թերևս այդ թեմայի առանցքային շահառուն, որովհետև գրիչը շեղեց Արցախից, Արցախի հարցի բանակցային գործընթացի պատմության առնչությամբ Հայաստանի վարչապետի արած էական հայտարարություններից, որոնց առնչությամբ չկա որևէ պատասխան: Եվ այդ պարագայում բնականաբար հարցն այն է, թե Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ տվեց Արցախի իր իսկ բարձրաձայնած հարցից շեղելու այդ հնարավորությունը: Դրա հետ մեկտեղ Փաշինյանը յուրօրինակ «չելենջ» արեց Արցախի նախագահի թեկնածուներին, որոնցից գործնականում բոլորը, բացառությամբ թերևս մեկի, գրեթե միանգամից «ընդունեցին» այն և արձագանքեցին վարչապետին այն տրամաբանության համատեքստում, որի ակնկալիքով էլ թերևս նետված էր չելենջը: Առայժմ լուռ է միայն Վիտալի Բալասանյանը, որն իր նախընտրական արշավը փորձում էր կառուցել հենց «Արցախը հանձնելու» տրամաբանության թիրախավորումով` վերագրելով այն Հայաստանի իշխանությանն ու բնականաբար ածանցելով դրանից մյուս թեկնածուներին: Այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը մի կողմից` գրչի պատմությամբ նախորդ համակարգին տվեց Արցախի թեմայից շեղվելու հնարավորություն, մյուս կողմից` թերևս խորքային իմաստով ներկայումս կա մի խնդիր՝ Արցախի ընտրական գործընթացը ամեն գնով զերծ պահելու Հայաստանում ներքին հարաբերությունների տրամաբանության և խնդրի ազդեցությունից` անգամ, այսպես ասած, շեղող մանևրների միջոցով, քանի որ հայկական պետականության համար առաջիկա առանցքային, օրակարգային հարցը այլևս թերևս տեղափոխվել է Արցախ և անհրաժեշտ է ապահովել այնտեղ գործընթացի, այսպես ասած, ստերիլությունն ու լրջությունը, որին ուղղված մի քայլ է պետք գնահատել «չելենջը»: