Փաշինյանն արձանագրեց՝ այն կարծիքին, որ նա եղել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, այդ կարծիքին էլ մնում է մինչ օրս

Փաշինյանն արձանագրեց՝ այն կարծիքին, որ նա եղել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, այդ կարծիքին էլ մնում է մինչ օրս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ: Նա այս մասին հայտարարել է Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «2016թ. ապրիլյան պատերազմի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ում իմ գրառումը՝ ծայրից ծայր, և մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգություններ քննարկել եմ Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական-դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»,- ասաց Փաշինյանը: Ավելի վաղ, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր` «Ելք» խմբակցության պատգամավոր, գրառում էր արել, ապա նաև հայտարարել էր, որ իր կարծիքով` սցենարն այսպիսին էր. «Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից էր հրահրված, որ Ադրբեջանը ԵԱՏՄ կազմ մտնի»։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ այն կարծիքին, որ նա եղել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, այդ կարծիքին էլ մնում է մինչ օրս: «Եվ կյանքն էլ ցույց է տալիս, որ որևէ հիմք չկա այդ կարծիքը փոխելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեհրաբյանն ընդգծեց՝ Ռուսաստանի քաղաքականության մեջ Հայաստանի ուղղությամբ, Հարավային Կովկասի ուղղությամբ քաղաքականությունը ընդհանուր ռուսական քաղաքականության միայն մի մասն է. «Այդ շրջանակներում ինչ կասեր կամ չէր ասի Ռուսաստանը` երկրորդական է։ Կյանքը ցույց է տալիս, որ, մեծ հաշվով, Ռուսաստանի քաղաքականությունը չի փոխվել։ Այն կարող է ժամանակավոր սրբագրումների ենթարկվել, բայց քանի Ռուսաստանի ղեկավարությունը չի փոխվել, Ռուսաստանի ղեկավարության պատկերացումները չեն փոխվել, հիմք չկա մտածելու, որ ռուսական քաղաքականությունն է փոխվել։ Ռուսական քաղաքականությունը կարող է ադապտացվել այս կամ այն ծագած հանգամանքներին, բայց ոչ փոխվել՝ գոնե իր ռազմավարության մեջ, իր հիմքում ու խորքում»։ Դիտարկմանը, թե կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հետ հարաբերություններում կան որոշակի դրական փոփոխություններ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, Հայաստանին այնուամենայնիվ հաջողվեց այն աստիճակի ծանրակշիռ փաստեր ներկայացնել Ռուսաստանին, որ գոնե այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ 2016 և 2017 թվականներին առկա սպառնալիքներն այս պահի դրությամբ չկան։ Թե վաղը ինչ կլինի՝ կապրենք կտեսնենք։ Ներկայումս մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը զբաղված է իր համար շատ ավելի կարևոր ուղղություններով՝ դրանք են Ուկրաինան ու Բելառուսը։ Ու քանի դեռ այդ ուղղությամբ հարցերը լուծված չեն, Ռուսաստանը գերադասելու է Հայաստանում ու Հարավային Կովկասի ուղղությամբ շատ թե քիչ ստատուս քվոն պահպանել, որպեսզի զերծ մնա իր համար անցանկալի զարգացումներից, որոնք իրենից ինչ-որ ռեսուրսներ կարող են խլել ու շեղել իր հիմնական ուղղություններից»։ Այս պահին Հայաստանի դիրքավորումն, ըստ քաղաքագետի, ռազմավարական առումով ճիշտ է։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ Ռուսաստանն իր մասնակցության չափաբաժինն ունի ապրիլյան պատերազմում, և լավ է, որ վարչապետ Փաշինյանը հիմա այս հարցին անդրադարձել է: «Ժամանակային առումով ճիշտ պահ է։ Հայտարարվել է, որ Հայաստանը զենքի մեծ խմբաքանակ է ստացել, այդ թվում՝ ՏՈՐ համակարգ. սա նշանակում է, որ Հայաստանի նոր իշխանությունը աղբանոց գցելով նախկին ռեժիմը՝ սկսեց հավասարակշռել Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները։ Այդ ճանապարհին, վստահ եմ, պարոն Պուտինն ըմբռնումով է ընդունել Հայաստանի դիրքորոշումը՝ որպես գործընկերոջ, դաշնակցի, ու ընդառաջ գնացել։ Վարչապետը լավ արեց, որ անելուց հետո հայտարարեց, ոչ թե հայտարարեց ու չարեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Շիրինյանի՝ Ռուսաստանն այժմ մեր դիրքորոշումը հաշվի չառնել չի կարող: «Մահ գողապետությանը և մահ ռուսուլմանությանը։ Դրանք կրելը Հայաստանի վերջն է, հինգերորդ շարասյունն ու գողապետությունը տապալված են։ Փաստորեն ապրիլյան պատերազմի հետ կապված ուղիղ են ու դաժան։ Զինում ես մեկին, հետո հայտարարում, որ կոմերցիոն գործարք է, եթե համաձայն ես, որ կոմերցիոն է, ուրեմն ՀՀԿ-ի համար «կայֆ» էր կոմերցիոն զենքով մեռնելը։ Ռուսաստանն ամեն անգամ իր պատրվակներն ունի՝ կապ չունի ինչի համար, դա կլինի Ադրբեջանին ԵԱՏՄ տանելը, թե մեկ այլ բան։ Բայց մեզ դա չպետք է հետաքրքրի, եթե դաշնակից է, թող դաշնակցային պարտականությունները կատարի, ինչը և քննարկվել է։ Չի կարելի զենք վաճառել ու դաշնակցի վրա «քշել» տալ։ Հիմա հարցը տնտեսական հարաբերությունների կարգավորումն է, երկու խնդիր իրար հետ փոխկապակցված են՝ գազի մատակարարումը և երկաթուղու վերականգնումը։ Եթե զենքի հարցում գնացել են ըմբռնման, այս հարցերում ուրիշ բան անել չեն կարող»,- եզրափակեց քաղաքագետը։