Չի բացառվում, որ ԱԱԾ-ն շատերի մասին ինֆորմացիան ուղղակի հանել է իր արխիվներից

Չի բացառվում, որ ԱԱԾ-ն շատերի մասին ինֆորմացիան ուղղակի հանել է իր արխիվներից

Անցնող շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո համացանցում քննարկումներ սկսվեցին, թե սպասելիքները ասուլիսից չարդարացան. ակնկալվում էր, որ Փաշինյանը ծրագրային ուղերձներով հանդերս կգա կամ կխոսի Հայաստանի զարգացման ռազմավարության մասին, բայց նա խոսեց Հրայր Թովմասյանից, հեղաշրջման փորձից, կոռումպացված նախկին ռեժիմից և այլնից։ https://www.lragir.am/wp-content/uploads/2019/07/14785288595.jpg Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, անդրադառնալով ասուլիսին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ իհարկե հնչեցին որոշակի բաղադրիչներ, որոնք վերաբերում էին ծրագրային դրույթներին, կային աշխատանքի, հետագա անելիքների մասին բավականաչափ հարցեր, սակայն կիսում է այն կարծիքը, որ իշխանությունն ընդհանուր համակարգային ռազմավարական հարցերում որոշակիորեն թերանում է: «Դա առաջին հերթին երևում է այնտեղ, որ իշխանությունը հապաղում է Սահմանադրությունը փոխելու, օրենսդրական դաշտը վերաձևակերպելու հարցերում։ Վարչապետը նշում է, որ դեռևս մենք անցում չենք կատարելու այլ կառավարման համակարգի, սակայն չի նշում, որ, այնուամենայնիվ, այս համակագի դեպքում էլ բավական շատ են այն գործառույթները, որոնք դրված են մեկ ինստիտուտի՝ կառավարության վրա, և մյուս ինստիտուտները ևս՝ խորհրդարանը, նախագահի ինստիտուտը, անհրաժշտություն կա վերափոխելու, որպեսզի որոշակի գործառույթներ պատվիրակվեն այս մյուս ինստիտուտներին, այսինքն՝ իշխանության իրականացման գործառույթների վերաբաշխման խնդիր կա»,- հավելեց քաղաքագետը։ https://mamul.am/images/photos/200104/nman-banery-patahakan-chen-lin-n168444-1.jpg Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, անդրադառնալով ասուլիսի ժամանակ հնչեցրած հարցերին, նկատեց, որ ինչ հարց տվեցին, վարչապետը դրա պատասխանը տվեց, լավ թե վատ` դա ուրիշ հարց է։ Հարցեր են հնչում, թե միլիարդները կոնկրետ ե՞րբ է վերադարձնելու պետական բյուջե, իսկ այդ կոռումպացվածները, վերջիվերջո, պատասխանատվության ենթարկվելո՞ւ են, թե՞ ոչ: Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ որոշ դեպքերում ապացուցողական բազան է թույլ, իշխանությունները գիտեն այս կամ այն պաշտոնյայի թալանի և ապօրինի հարստացման մասին, բայց չեն կարող ապացուցել, որոշ դեպքերում էլ այդ կոռումպացված պաշտոնյաները լատենտ կերպով գումարներ են փոխանցել իշխանությանը՝ այդպիսով իշխանության կողմից ինդուլգենցիա ստանալով։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Քննչականը, դատախազությունը դուրս են վարչապետի վերահսկողությունից և նախորդ իներցիայով են շարժվում, դրա համար էլ ցանկալի արդյունքներն ուշանում են, քաղաքագետը նշեց, որ չի բացառվում, որ ԱԱԾ-ն շատերի մասին ինֆորմացիան ուղղակի հանել է իր արխիվներից, բայց հիմնական խնդիրն այն է, որ ապօրինի հարստացման մասին օրենքը շատ ուշ՝ 2 տարի առաջ է ուժի մեջ մտել: Իսկ դրանից առաջ ապօրինի հարստացածներին չեն կարող պատասխանատվության ենթարկել, որովհետև օրենքը հետադարձ ուժ չունի: Բացի այդ, նրա դիտարկմամբ, նախկին թալանչիները, նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչները, բնականաբար, շատ լավ իրավաբանների են վարձել ժամանակի ընթացքում և կարողացել են սրբել իրենց կատարած ամբողջ թալանի, կեղծիքների հետքերը, և այժմ շատ դժվար է դա բացահայտելը: Ղևոնդյանի կարծիքով՝ այս հարցը ոչ թե պայմանավորված է իրավական համակարգի բացերով, այլ կապված է համակարգային մոտեցում չցուցաբերելու հետ, քանի որ իշխանությունը փորձում է իրականացնել հատվածային քայլեր, սակայն ընդհանուր համակարգը, որը պետք է աշխատի, և որը պետք է իրավական հիմքերի միջոցով հնարավոր լինի բացահայտել, և գումարները կոնկրետ մեխանիզմներով վերադարձվեն բյուջե, այսօր չկա, չի գործում, և իշխանությունը կարծես չի էլ փորձում այդ համակարգը ստեղծել։ «Ուղղակի մի գործընթաց է սկսվել, խնդիր է առաջանում, փորձում են այդ խնդիրը լուծել, բայց խնդիրները համակարգված չեն, և կարծես թե այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը երկարաժամկետ ծրագիր չունի»,- հավելեց Ղևոնդյանը։