Այս իրավիճակին տիրապետում են կոնկրետ երեք հոգի, որից երկուսը այսօր հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր այսօրվա ուղիղ եթերում ներկայացրել է, թե երբ ու ինչպես է սկսվել ՍԴ նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված քայլերը, ըստ էության, հայտարարելով, որ այդ քայլերն իրականացվել են իր գիտությամբ ու հանձնարարությամբ։ «Կար իրավաբանների և մարդկանց խումբ, ովքեր մեկ-երկու անգամ ինձ դիմել ու ասել էին, որ Հրայր Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է սահմանադրական տրամաբանությամբ, բայց կա նաև այլ հանգամանք, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէ իրականացնել»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել, որ այդ տեղեկությունն իրեն հետաքրքիր է թվացել, սակայն չի հանձնարարել դրանով զբաղվել, քանի որ հունիս-հուլիս ամիսներն էին և ավելի առաջնային գործեր կային։ Փաշինյանը պատմեց, որ ամիսներ անց, երբ թերթում էր նշումների տետրը, տեսել է իրավաբանների ներկայացրած խնդիրն ու ավելի մանրամասն ուսումնասիրել այդ վերլուծությունը. «Սա ինձ համար «պրինցիպիալ» հարց էր, քանի որ ասել ենք՝ օրինականության վրա պետք հանվենք մեր գործողությունների ժամանակ։ Երբ ավելի մանրամասն տեղեկացա ինչի մասին է խոսքը, ինձ համար նույնիսկ չկար ընտրություն դրանով պետք է զբաղվեմ, թե ոչ։ Ընդ որում, մենք ՍԴ նախագահի, անդամների հետ ոչ մի խնդիր չենք ունեցել»։