Ստեփանակերտն արձագանքում է Փաշինյանի՝ Արցախի ընտրություններում ռևանշիստների հնարավոր քայլերի մասին հայտարարությանը

Ստեփանակերտն արձագանքում է Փաշինյանի՝ Արցախի ընտրություններում ռևանշիստների հնարավոր քայլերի մասին հայտարարությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։ - Պարոն Բաբայան, վարչապետ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձի մասին հայտարարությանը՝ ասել է, որ դրա ողնաշարը ջարդվել է, բայց որոշների հույսն Արցախի ընտրություններն են։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող են այդ ընտրություններն օգտագործվել, ի՞նչ շրջանակների մասին է խոսքը։  - Իհարկե, պարզաբանումները պետք է վարչապետը ներկայացնի, բայց ես  կարող եմ ասել հետևյալը՝ Հայաստանն ու Արցախը մեկ միասնական հայրենիք է։ Ցանկացած պառակտում կամ թշնամանք չի կարող որևէ լավ բանի բերել։ Առհասարակ՝ Արցախն ու Հայաստանը չեն կարող մեկը մյուսի հետ թշնամանալ։ Գուցե տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց դա նորմալ երևույթ է, ընտանիքում էլ են տարբեր կարծիքներ լինում։ Հատկապես քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, ղեկավար կազմի անդամները որևէ քայլ չպետք է կատարեն պառակտման ուղղությամբ։ Սա քմահաճույք չէ, անձնական նախասիրություններ չեն, մեր ժողովրդի ճակատագիրն է, մեր ազգային շահերն են պարտադրում, որ լինենք միասնական, հետևաբար ցանկացած այդպիսի դրսևորում անընդունելի է։ Թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրությունները, իմ խորին համոզմամբ, պետք է ձևավորեն այնպիսի իշխանություն, այնպիսի կառավարման մարմիններ, որոնք ունակ կլինեն զարգացնել Արցախը ու որևէ ձևով չմիջամտեն այլ խաղերի մեջ ու պառակտում մտցնեն մեկ հայրենիքի տարբեր հատվածների միջև։ - Սովորաբար ընտրությունները իրավիճակից օգտվելու լավ առիթ են լինում, կա՞ն ինչ-որ շրջանակներ, որոնք դա կանեն։ - Տարբեր ուժեր կան, տարբեր անհատներ... կան նաև դեստրուկտիվ անհատներ, մարդիկ, ովքեր այլ կարծիքներ ունեն, իրարամերժ մոտեցումներ։ Դեստրուկտիվ, մաղձոտ, մաղձաթաթախ անհատները շատ քիչ են Արցախի  քաղաքական դաշտում։ Երևի մեկ կամ երկու հոգի, այն էլ՝ այնքան մարգինալ են, պատահական անձնավորություններ, որ չեմ կարծում, թե քաղաքական դերակատարում կունենան։ Գուցե պղտորեն իրավիճակը, բայց Արցախը երբեք չի ընդունել մաղձով լի մարդկանց՝ տարբեր պատճառներով։ Առաջին հերթին նման մոտեցումը մեզ համար խորթ է, մեկը մյուսին փնովելը, անիծելը, վատ բաներ ասելը զզվելի են մարդկանց համար, մարդիկ այդպիսի պահելաձևը չեն ընդունում։ Մենք ունենք հակառակորդ, ու մարդիկ  հասկանում են, թե պառակտումն ինչի կարող է բերել։ Մենք պետք է շատ զգույշ լինենք այդ ուղղությամբ, երբևիցե չթերագնահատենք հակառակորդին։ Կյանքը մեկ օրով ու մեկ ժամով չէ, վաղը կարող  է միասին կանգնենք խրամատում։ Եթե մեկը մյուսին այնպես վերաբերվի, որ վաղը նույնիսկ բարևել չկարողանա, խրամատում կանգնի, ո՞վ է  դրանից օգտվելու՝ իհարկե, թշնամին։ Այդպիսի անհատները Արցախի քաղաքական դաշտում քիչ են, ու նրանց լուրջ գործիչներ համարել պետք չէ։ Նրանք պարզապես ուրիշի ձեռքերում գործիքներ են։ - Թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը, շատ կոնկրետ թշնամական վերաբերմունք ունի ՀՀ իշխանությունների հանդեպ, վարչապետին, իր կառավարությունը  համարում է աղետ, պայքարում նրան հեռացնելու համար։ Այսինքն՝ ամեն դեպքում այդ  վերաբերմունքը  Արցախի որոշ ուժերի կողմից նկատելի է։ - Գիտեք, Արցախի ընտրություններում ընտրում ենք Արցախի ղեկավարությանը, և ի՞նչ կապ ունի այստեղ ՀՀ գործող իշխանությունը, որ ինչ-որ մեկը նման հարց փորձի լուծել։ Խոսքս ինչ-որ մեկին չի վերաբերում, բայց կա ընդդիմություն, իշխանություն, ու այդ մարդիկ թող դաշտը փոխեն, Հայաստանում դառնան ընդդիմություն ու պայքարեն այս կամ այն գործչի, ուժերի դեմ։ Սա բնական կարող է լինել՝ եթե այդ դաշտում են։ Բայց իմ խորին համոզմամբ՝  որևէ մեկն իրավունք չունի պառակտելու մեր միասնականությունը։ Պետք է լինեն տարբեր մոտեցումներ, կարծիքներ։ Համախմբվածություն կարող է լինել ամենակարևոր հարցերի շուրջ, բայց մնացած  հարցերում կարող են տակտիկական տարբերություններ լինել։ Արցախի ճակատագրի նկատմամբ մենք միասնական ենք՝ չի կարող լինել վերադարձ անցյալին, մեր անկախությունն ու անվտանգությունը գերագույն արժեքներ են։ Կան մարգինալ ուժեր, որոնք այլ բան են խոսում, բայց ես դա լուրջ չեմ ընդունում։ Հիմա տվյալ դեպքում մենք մեր խնդիրների վրա պետք է կենտրոնանանք, լավը պահպանենք  ու անելիքներն էլ էֆեկտիվորեն լուծենք։ - Վարչապետ Փաշինյանը նաև նշեց, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Սերժ Սարգսյանից ժառանգություն է ստացել 7 տարածքների հանձնումը, և հիմա Արցախի ընտրությունների թեկնածուները պետք է պատասխանեն՝ ընդունու՞մ են այդ ժառանգությունը, թե՞ ոչ։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք։ - Մենք ընդհանրապես դեմ ենք տարածք հանձնելուն։ Կա սահմանների հստակեցման խնդիր, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ տարածք պետք է հանձնվի։ Հնարավո՞ր է պահել այն, ինչ կա։ Իհարկե հնարավոր է։ Ո՞րն է վտանգը մեր ապագայի հետ կապված. մենք պատրիոտ ենք, բայց նացիոնալիստ չենք։ Դրանք տարբեր են, նացիոնալիստները սպեկուլյանտներ են, որոնք իրենց ձախողումներն այլ ուժերի, այլ երկրների վրա են փորձում բարդել։ Մենք հայրենասեր ենք, պատրիոտ ենք, ու ամենամեծ վտանգը միշտ է բնորոշ եղել մեզ՝ պառակտվածությունը, անհայրենասիրությունը որոշ դեպքերում։ Տասը հազար տարվա ընթացքում մեկ-երկու պարտություն ենք կրել միայն մեզանից հզոր, հայրենասեր թշնամուց։ Պարտությունները միշտ եղել են մեր ներքին թշնամության պատճառով։ Իմ խորին համոզմամբ՝ մեր հիմնական խնդիրները մեր պատճառով են։ Օրինակ՝ կոռուպցիան,  դա ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանն ու Թուրքիան։ Կոռուպցիան սեփական ժողովրդին դանակահարելն է։ Այսպիսի դրսևորումներ չէի՞ն լինում մեր հասարակությունում, բազմիցս  էին լինում։ Միասնական պետք է լինենք, կրթենք ու դաստիարակենք նորմալ սերունդ, եկեղեցու դերը բարձրացնենք,  լավը պահպանենք, ժամանակակիցն ընդունենք ըստ մեր յուրահատկությունների։ Օրինակ՝ մեր կուսակցությունը պահպանողական է, բայց  չի կարող լինել պահպանողականություն բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի մեջ։ Մենք պետք է պահպանողական լինենք մեր արժեքների ու պատմության մեջ։ Շատ անելիքներ ունենք, բայց ունենք ձեռքբերումներ ևս։ Հրաշքներ են եղել, ո՞վ էր հավատում 1991 թվականին, որ մի քանի ամիս հետո Շուշին է  ազատագրվելու, հավատում, բայց չէինք պատկերացնում, որ Բերձորը, Քարվաճառը հայկական կլինի։ Մի պահ մտածեք, սա տեղի ունեցավ, ու մենք դա պետք է պահենք ու պահպանենք։ Հերոսների թափած արյունը ոչ ոք իրավունք չունի ուրանալու։ Լուսանկարը՝ Photolure-ի