ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուն․ Ռուս մասնագետի պատասխանատու հայտարարությունը

ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուն․ Ռուս մասնագետի պատասխանատու հայտարարությունը

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ռուս մասնագետ Անդրեյ Տատալաևը պատրաստակամություն է հայտնել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։ Տալալաևի վերջին ակումբը մերձմոսկովյան «Խիմկին» էր, որտեղից նա հեռացել էր ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասնավորապես, Տալալաևը չի ցանկացել շարունակել աշխատանքը «Խիմկիում», քանզի թիմի առաջ չի դրվել խնդիր առտաջ շարժվելու և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելու։ Sport24-ի թղթակցի հետ զրույցում խոսելով «Խիմիից» հեռանալու և իր հետագա ծրագրերի մասին՝ Տալալաևը մասնավորապես ասել է․ «Խիմկիի» զարգացման ծրագիրը մեզ թույլ չի տալիս պայքարել լուրջ նպատակների համար և լուրջ խնդիրներ լուծել։ Այս պահին ֆուտբոլիստների մեծ մասը լավ առաջարկներ են ստանում այլ ակումբներից: Գիտակցելով, որ մենք չենք կարող հասնել մեծ բարձունքների, չեմ ցանկանում պատասխանատվություն վերցնել այն խաղացողների ճակատագրերի համար, որոնց մենք հրավիրել ենք: Ուստի, նման որոշում կայացրի, որը կարծում եմ ճիշտ է։Կդիտարկե՞մ արդյոք Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը։ Իհարկե, ես կապի մեջ եմ շատ մարզիչների և մարդկանց հետ, ովքեր աշխատում են Հայաստանում: ՀՖՖ-ն պետք է լուրջ բարեփոխումների գնալ, քանի որ  կարծում եմ, այն ինչ կա այնտեղ, բավարար չէ դրական արդյունքի հասնելու համար: Այժմ Հայաստանում կա շատ լավ երիտասարդ սերունդ: Մարզիչը, ով աշխատում է, պետք է իր վրա վերցնի պատասխանատվություն և արմատական փոփոխություններ կատարի: Այն, որ դրան կարելի է հասնել, ցույց է տալիս «Փյունիկում» կատարված աշխատանքները: Պատահական չէ, որ 8-9 ամիս այնտեղ աշխատելուց հետո, որոշ ֆուտբոլիստներ մեկնել են այլ լիգաներ և խաղում են ավելի լուրջ մակարդակում։Ազգային թիմից առաջարկ կլինի, մենք կքննարկենք, բայց փաստը, որ դա հնարավոր է անել, միանշանակ է»։ Հիշեցնենք, որ Տալալաևը «Փյունիկը» գլխավորել էր 2018 թվականի հունիսին։ Երևանյան ակումբը Հայաստանի ավարտված առաջնությունում զբաղեցրել էր միայն 5-րդ հորիզոնականը և Եվրոպա լիգայի խաղարկությունում հայտնվել էր այն բանից հետո, երբ հայտնի սկանդալից հետո Գյումրիի «Շիրակը» հրաժարվել էր մասնակցել եվրագավաթների խաղարկությանը։ Այն ժամանակ քչերն էին հավատում, որ «Փյունիկը» կկարողանա լուրջ արդյունքներ գրանցել միջազգային ասպարեզում։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Տալալաևին հաջողվեց ձևավորել մարտունակ կոլեկտիվ, որն ուղղակի փայլեց Եվրոպա լիգայում։ Տալալաևի գլխավորությամբ «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Հյուսիսային Մակեդոնիայի ուժեղագույն ակումբներից «Վարդարին», այնուհետև ղազախական «Տոբոլին»։ Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» ըստ էության հավասար պայքար մղեց Իսրայելի հեղինակավոր ակումբներից մեկի «Մաքքաբիի» դեմ։ Ուղղակի փաստ է, որ Տալալաևը կարճ ժամանակում ոչ միայն թիմը դուրս բերեց ծանր իրավիճակից այլև ապահովեց արդյունք։ Այսօր Տալալաևը խոսում է մեր ազգային թիմը գլխավորելու հեռանկարի մասին։ Ոմանք ռուս մնասնագետի հայտարարությանը հնարավոր է այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, բայց եթե օբյեկտիվ գնահատենք իրավիճակը պետք է արձանագրենք, որ նրա շեշտադրումները միագամայն տեղին են։ Այն, որ Աբրահամ Խաշմանյանը չի կարող շարունակել աշխատանքը մեր ազգային թիմում կարծում ենք պարզ է։ Շատ է խոսվում նաև եվրոպացի, մասնավորապես իսպանացի մասնագետ հրավիրելու մասին։ Այո այս տարբերակը ևս տրամաբանական և ընդունելի կլինի, բայց․․․։ Պետք է խոստովանենք, որ իրեն հարգող բարձրակարգ մասնագետը ծանոթանալով Հայաստանի հավաքականի վերջին արդյունքներին և դիտելով վերջին հանդիպումների տեսագրությունները միանգամայն տհաճ զգացողություններ կունենա։ Իրականում դժվար է գտնել մի մասնագետի, որը այս վիճակում իր վրա կվերցնի պատասխանատվություն 0դից թիմ կառուցելու համար։ Աշխատելով Հայաստանում և քաջատեղյակ լինելով մեր ֆուտբոլի ներկայից Տալալաևն այնուամենայնիվ իր վրա վերցնում է այդ պատասխանատվությունը։ Սա միանգամայն ողջունելի քայլ է։ Ավելի ստույգ Տալալաևն ունի մարտունակ Հայաստանի հավաքական ստեղծելու իր տեսլականը։ Այո, այս մասնագետն ունի նաև իր թերություններն ու բացասական կողմերը, բայց անկախ նրանից թե որ մարզիչներն են ՀՖՖ-ի տեսադաշտում, Տալալաևին կարելի է դիտարկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու։ Տալալաևի կատարած աշխատանքի պտուղները մենք քաղել ենք, իսկ այսօր նա վստահ է, որ քանդված ազգային հավաքականը կարող է ոտքի կանգնեցնել։