Երիտասարդ կադրեր՝ ֆավորիտ ուժի ցուցակներում. Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ»

Երիտասարդ կադրեր՝ ֆավորիտ ուժի ցուցակներում. Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու համապետական ընտրություններ: Սա առաջին դեպքն է, երբ Արցախում նախագահի և խորհրդարանի ընտրությունները նույն օրն են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց նախընտրական ցուցակները: Հայտնի է, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որն այսօր Արցախում մեծամասնություն է կազմում խորհրդարանում, համարվում է ֆավորիտ ուժը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ազատ հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակում մեծ տեղ են զբաղեցնելու երիտասարդ, նոր դեմքերը: Իհարկե, կուսակցության նախընտրական ցուցակում, ամեն դեպքում, կլինեն նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք իրենց անցած ճանապարհով և փորձով պետք է օգնեն թիմին, բայց շեշտադրումն արվելու է թարմ կադրերի վրա: Ըստ էության, Արցախի ամենախոշոր կուսակցություն հանդիսացող «Ազատ հայրենիք» կուսակցությունն այսպես ձգտում է հասնել սերնդափոխության: Հավելենք, որ նախագահական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության թեկնածուն լինելու է Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախկին վարչապետը: Նրա նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք ունի նաև Հայաստանի հեղափոխական իշխանությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: