Արմեն Սարգսյանը հմուտ ու շնորհալի մարդ է. բայց չեմ կարծում, թե Ցեղասպանության հարցը պետք է Կնեսետում քվեարկության դրվի

Արմեն Սարգսյանը հմուտ ու շնորհալի մարդ է. բայց չեմ կարծում, թե Ցեղասպանության հարցը պետք է Կնեսետում քվեարկության դրվի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողովին: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հովանու ներքո կայանալիք «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կդառնա Իսրայելի պատմության խոշորագույն միջոցառումը: Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը: Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովրդի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։ Հայաստանի նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով: «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,-շեշտել է Հայաստանի նախագահը: Իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինի կարծիքով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհալի անձնավորություն է, հմուտ, ունի բարձր միջազգային հեղինակություն։ «Նրա մասնակցությունը Երուսաղեմում տեղի ունեցած այդ մեծ միջոցառմանը մտերմության, բարի կամքի դրսևորում է։ Իսրայելում այդ քայլն ըստ արժանվույնս գնահատվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի և Իսրայելի միջև կան տնտեսական և ռազմավարական նշանակության հարցերի շուրջ համագործակցության հնարավորություն։ «Բայց առհասարակ չէի նշի, որ Ցեղասպանությունը համագործակցության հարց է։ Դա պատմական փաստ է»,- ընդգծեց Էսկինը։ Այն դիտարկմանը, որ եթե նմանատիպ մի միջոցառում էլ կազմակերպվի Հայաստանում՝ այս տարվա ապրիլի 24-ին, Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված, արդյոք Իսրայելի նախագահը կգա և իր մասնակցությունը կունենա, Էսկինը պատասխանեց. «Այո, անկասկած։ Ես նույնպես կփորձեմ ներկա գտնվել»։ Էսկինի համար, սակայն, տարօրինակ է այն պահանջը, թե Իսրայելի Կնեսետում պետք է Ցեղասպանության ճանաչման հետ կապված քվեարկություն լինի. «Չեմ կարծում, թե խորհրդարանը պետք է զբաղվի պատմական հարցերի հաստատումով։ Դրա հետ մեկտեղ Իսրայելը հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Աշխարհը գիտի Հայոց ցեղասպանության մասին՝ չորս հրեաների շնորհիվ, այդպես չէ՞: Այդ հարցը Կնեսետի որոշելիքը չէ»։