Չեմ կարծում՝ պետք է ցուցումներ տանք Արցախի իշխանություններին, բայց անհրաժեշտ է սինխրոնիզացված գործել․ Սոս Ավետիսյան

«Կան մի շարք կարևոր արժեքներ, որոնք թավշյա հեղափոխությունից ի վեր վերականգնվել են՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքի պաշտպանությունը: Սրանք Հայաստանի Հանրապետությանը կամ Արցախի Հանրապետությանը օտար արժեքներ չեն, որովհետև մենք քանիցս մեր միջազգային գործընկերներին բացատրում ենք, որ Արցախում մարդու իրավունքների կարևոր խնդիր կա, որ Արցախի հայ բնակչությունը ինքնորոշվել է նաև իր իրավունքները պաշտպանելու տեսանկյունից և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանադրությունում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը կարևոր արժեքներ են: Եթե այս տիրույթից դուրս այլ ընկալումներ կան, գուցե ավելի լավ կլինի Դուք հետագայում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարից պարզաբանեք»,-անդրադառնալով Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը: Արշավիր Ղարամյանը գրառում էր արել, ըստ որի՝ վերջին տարիներին և հատկապես վերջերս՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կատարվող գործընթացները՝ քաղաքական, հասարակական և քաղաքացիական՝ բնութագրվում են, որպես արժեհամակարգերի առճակատում և դիմակայություն: Ո՞րն է հայկական և ազգային այն փոքրամասնությունների, որոնք դարերով ապրում են կողք կողքի մեր երկրներում, ավանդական ազգային արժեհամակարգը, և ու՞մ կողմից ու ինչպիսի՞ նոր՝ ոչ ազգային արժեհամակարգ են փորձում ներդնել կամ արդեն ներդրել են, որն էլ առաջացրել է այդ առճակատումը և դիմակայությունը: