Հայաստանի ֆանտաստիկ օրինակն ու շարունակությունը

Հայաստանի ֆանտաստիկ օրինակն ու շարունակությունը

«Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած զինված միջադեպը հերթական անգամ Հայաստանում առաջացնում է իրավիճակի կառավարելիության խնդիրը և խթանում դրա վերաբերյալ հանրային հարցադրումները: Հայաստանում այդօրինակ սկանդալային միջադեպեր, աղմկոտ սպանություններ եղել են նախկինում, անցնող երեք տասնամյակի ընթացքում՝ ցավալի պարբերականությամբ, բայց ներկայումս կան մի շարք առանձնահատկություններ, որ խնդիրը հանրային գիտակցության, հոգեբանության կամ ինքնազգացողության մեջ վերածում են բաց վերքի: Խոսքն այն մասին է, որ կա հետհեղափոխական բավականին նուրբ շերտերով իրավիճակ, ի լրումն դրա՝ ընդհուպ իշխանական շրջանակում գեներացվող խոսակցություն ու քննարկում պետական հեղաշրջման վտանգի մասին, թեկուզ կախվածության վերաբերյալ հավաստիացումներով, ինչն էլ, իր հերթին, տեղեկատվա-քարոզչական հարթակում լայնորեն օգտագործում է նախկին իշխող համակարգը՝ հանրային տրամադրություններում անորոշության, խուճապի, անպաշտպանության խառնածին առաջացնելու համար: Հեղափոխությունից հետո Հայաստանն, ըստ ամենայնի, մոտենում է բավականին սկզբունքային մի կետի, որտեղ գործնականում բոլորը պետք է գտնեն կարևորագույն հարցի պատասխանը. այն, ինչ ներկայումս կա հանրային, քաղաքական, քարոզչական մթնոլորտի առումով՝ հետհեղափոխական օրինաչափությո՞ւն է, թե՞ տեղապտույտը, կամ գուցե օրինաչափ տեղապտույտ: Բանն այն է, որ Հայաստանում արդեն մոտ երկու տարի առաջ տեղի ունեցածը, այսպես ասած, ստանդարտից դուրս էր՝ թե միջազգային քաղաքական կյանքի, թե նաև ներհայկական հասարակական-քաղաքական կյանքի ստանդարտից: ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշը հազիվ թե պատահականորեն բառեր շռայլեր, Հայաստանում տեղի ունեցածը 2018-ի սեպտեմբերին գնահատելով իբրև ֆանտաստիկ օրինակ: Ամբողջ հարցն այն է, որ հետհեղափոխական գործընթացը աստիճանաբար մոտենում է ստանդարտին՝ առնվազն ներհայկական ստանդարտին: Եվ դա խնդրահարույց է: Ոչ ստանդարտ, ֆանտաստիկ օրինակը, եթե անգամ չունենար նույնքան ֆանտաստիկ շարունակություն՝ ի վերջո, բարդ է այդ դինամիկան ու մակարդակը անընդհատ պահելը, այդուհանդերձ, նվազագույնը գոնե պետք է իր շարունակության հարցում գերակա առումով մնար եղած ստանդարտներից դուրս: Սակայն տեղի ունեցավ, տեղի է ունենում հակառակը, ինչը խորհելու առիթ է ամբողջ հանրության համար: Ընդ որում, այստեղ միայն կառավարությանը, կառավարող ուժին ուղղված հարցադրումները, մեղադրանքն ու ընդդիմախոսությունը բավարար չեն պատասխան գտնելու, պատասխանին մոտենալու համար: Որովհետև, ի վերջո, ֆանտաստիկ օրինակը մատուցելով աշխարհին, Հայաստանի հանրությունը կամ, ավելի շուտ, հայ ժողովուրդը չպետք է իր գործը համարի ավարտված և այլևս պահանջատեր լինի կառավարության գործի հանդեպ: Կառավարության գործի հանդեպ պետք է լինել պահանջատեր, սակայն նույնքան պահանջատեր նաև սեփական գործունեության նկատմամբ՝ իրադարձությունների ոչ ստանդարտ տրամաբանությունը պահպանելու համար: Ի վերջո, եթե, օրինակ, ներքաղաքական, ներխմբային, տարբեր ուղղություններով դիմակայություններում, պայքարում մասնակից սուբյեկտները շարունակում են կիրառել այն գործիքները, միջոցները և հնարքները, որոնց կիրառումը լայնորեն տարածված էր նախկինում և կազմում էր հասարակական-քաղաքական կյանքի ու հարաբերությունների շրջանակը, ապա դա նաև նրանից է, որ այդ սուբյեկտների առաջ դրված չէ հանրային այլ պահանջարկ: Եթե, օրինակ, որևէ մեկի մտքով անցնում է մարդ սպանել, կամ զինված մուտք գործել ինչ-որ տեղ և ինչ-որ հարց լուծելու մասին մտածել, ապա այստեղ պատճառներից մեկն այն է, որ նրա մտքով անցնում է այդ քայլի հանրային սպառման իրատեսականությունը: Այստեղ է ամբողջ խնդիրը, որ Հայաստանի հանրությունը, մոտ երկու տարի առաջ ապրիլին ձեռքը վերցնելով իրավիճակն ու դառնալով նախաձեռնող, քաղաքականություն և օրակարգ ստեղծող, աստիճանաբար վերստին վերադառնում է օրակարգ սպառողի դիրքի: Դա կարող է բերել լուրջ խնդիրների: