Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 26-ի

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 26-ի

Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակման հաստատված դեպքերի քանակը հունվարի 24-ին հասել է 876-ի, մահվան դեպքերի թիվն ավելացել է մինչեւ 26: Դա հետևում է ՉԺՀ-ի տարածաշրջանների հիգիենայի և առողջապահության հարցերի կոմիտեների կողմից հրապարակված լրատվական հաղորդագրություններից: Ներկայում արդեն մահվան երկու դեպք է արձանագրվել հիվանդության տարածման սկզբնական տարածաշրջանի սահմաններից դուրս. մեկը՝ Հեբեյի նահանգում, ևս մեկը՝ Սույհուա քաղաքում (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ): Հիվանդության մի քանի դեպքերի մասին է հայտնի Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում և Սաուդյան Արաբիայում: Հունվարի լույս 24-ի գիշերն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ձեռնպահ Է մնացել միջազգային արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց: Կազմակերպության ղեկավարության հայտարարությամբ՝ ներկայում այդ քայլին դիմելու ժամանակը չէ: Իր հերթին, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կազմակերպությունը կշարունակի գնահատել նոր կորոնավիրուսի վտանգավորության աստիճանը, սակայն այդ հարցում առաջ շարժվելու համար ԱՀԿ-ին «ավելի շատ տեղեկատվություն» կահանջվի: ԱՀԿ-ի փորձագետները պլանավորում են մոտ ժամանակներս հավաքվել ևս մեկ նիստի՝ թոքաբորբի բռնկման շուրջն իրավիճակի գնահատման համար: