Հանրապետականները ներքին լեգիտիմությունը կորցրել են, հիմա դրսից մարդ բերելու տեխնոլոգիան են կիրառում

Ինչպես գիտեք՝ այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում գրանցվեց միջադեպ, որը դարձավ օրվա գլխավոր թեման: Ահազանգ էր ստացվել, որ հյուրանոցում զինված անձ կա,  անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: Տեղի ունեցածը հանգուցալուծվեց, բարեհաջող ավարտ ունեցավ. «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը հանձնվել է ոստիկանությանը: Էական է ոչ այնքան միջադեպը, որքան միջադեպին հաջորդած արձագանքը՝ երբեմն ակնհայտ ուղղորդումներով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Կարապետ Բադալյանը, քաղաքագետներ ՀայԿ Սահակյանը և Ռոբերտ Ղևոնդյանը: «Քննությունը սկսվել է. պետք է պարզել, թե որն է եղել արարքի նպատակը և ինչու է այդ ամեն ինչը նման ավարտ ունեցել. բոլոր հանգամանքները պետք է բացահայտվեն,- նշեց Կարապետ Բադալյանը: Հայկ Սահակյանի կարծիքով՝ «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպը ամենայն հավանականությամբ քաղաքական ենթատեքստ չուներ. «Սա իրավական հարթությունում գտնվող խնդիր է, կարող է լինել նաև անձնական խնդիր»: Միջադեպին հաջորդած գնահատականների համաձայն՝ առաջին հերթին  այս արարքն ուներ քաղաքական ենթատեքստ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ քննարկման մասնակիցները կարծիք հայտնեցին, որ դժվար թե քաղաքական պատվեր լիներ: Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ գնահատական տվողների թվում կար որոշակի կոնտիգենտ, որը փորձեց առիթն օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու և իրավիճակը իր պատկերացումների համաձայն ներկայացնելու համար: «Նախկին իշխանության ներկայացուցիչները սա համարում են սադրանք իշխանության կողմից, գործող իշխանությունը հակառակը՝ համարում է, որ Քոչարյանի աջակիցներն են իրականացրել: Բայց շատ հավանական է նաև, որ անձնական հողի վրա է տեղի ունեցել»: Կարապետ Բադալյանի խոսքով՝ թեև որոշ մեկնաբանությունների համաձայն՝ իշխանության տարածած ատելության մթնոլորտն է, որ այսպիսի արարքներ է ծնում, բայց իրականում ատելություն և հայհոյանքներ տարածվում են արտախորհրդարանական ուժերի և նրանց հետևորդների կողմից. «Արտախորհրդարանական ուժերը փորձում են այս իրավիճակից դիվիդենտներ շահել»: Կարապետ Բադալյանի դիտարկմամբ՝ Քոչարյանի աջակիցներն առաջ են քաշում այնպիսի թեզեր, ըստ որոնց՝ Հայաստանում քաոս է, անկառավարելի իրավիճակ է, և ամեն առիթ օգտագործում են ցույց տալու համար, որ իրենք իրավացի են: Այս ամենը «ներքին սպառման» համար է»: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը երեկ՝ հունվարի 22-ին, հրապարակել է 2019-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքը հավասար է 42-ի, նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 7 միավորով։ Կ. Բադալյանի կարծիքով՝ վերջին տարիների փոփոխությունները անխուսափելիորեն պետք է նման արդյունքի բերեին՝ կոռուպցիան անկում պետք է ապրեր: Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստն օրերս տեղի էր ունենում Ինդոնեզիայում, ընդունել է բանաձև Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Բանաձևը հեղինակել և ներկայացրել է ՀՀԿ-ն: Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, կոչ էր արվում արդար լինել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Կարապետ Բադալյանն ընդգծեց. «Քանի որ ՀՀԿ-ն ներքին լեգիտիմությունն ամբողջությամբ կորցրել է, իսկ դատական համակարգում ունի լծակներ՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, փորձում են պահպանել իրենց «խրամատը»՝ արտաքին լեգիտիմության ուժի շնորհիվ»: Մանրամասն՝ տեսանյութում: