ԱՄՆ հարվածը կարծրատիպերին. Իսրայելը պատրա՞ստ է Երևանի հետ լուրջ հարաբերության

ԱՄՆ հարվածը կարծրատիպերին. Իսրայելը պատրա՞ստ է Երևանի հետ լուրջ հարաբերության

Նախագահ Արմեն Սարգսյանը, Երուսաղեմում մասնակցելով հրեական Հոլոքոսթի հիշատակին նվիրված Համաշխարհային ֆորումին, դրա շրջանակում հանդիպել է Իսրայելի խորհրդարանի նախագահին և զրույցի ընթացքում բարձրացրել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ասելով, որ այդ հարցը պետք է վեր լինի քաղաքական այսրոպեական շահերից: Ինչպես է արձագանքել Իսրայելի խորհրդարանի նախագահը, պարզ չէ: Իսրայելի խորհրդարանում հայկական հարցը մի քանի անգամ խաղարկվել է՝ Թուրքիայի հետ խնդիրների ֆոնին, և հարցը մի քանի անգամ էլ պոպուլիստական խաղարկման է ենթարկել վարչապետ Նեթանյահուի որդին, դարձյալ, թերևս, նույն համատեքստում: Արդյոք Իսրայելը պատրա՞ստ է հայկական հարցին վերաբերել ոչ իբրև խաղ կամ խաղալիք, այլ որպես կարևոր քաղաքական գործոն, որը պահանջում է հարգանք և լրջություն: Երևանը որոշում է կայացրել Իսրայելում բացել դեսպանատուն, թեև Իսրայելը շարունակում է Երևանում դեսպան չունենալը: Այն, որ հրեական պետությունը Հայաստանի համար կարևոր արտաքին քաղաքական ուղղություն է, կասկածից վեր է, սակայն, միևնույն ժամանակ, նույնքան կարևոր է նաև չափից շատ չջանալ այդ ուղղությամբ, Իսրայելի մոտ ոչ թե պատասխան, այսպես ասած, քայլ առաջացնելու, այլ մեծամտություն չխթանելու համար: Միևնույն ժամանակ, անկասկած է, որ ներկայիս ռեգիոնալ, աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանն ու Իսրայելը ձեռք են բերում ընդհանուր շահերի և աշխատանքի նկատելի դաշտ, ու Երևանին մասնավորապես անհրաժեշտ է օգտագործել այն: Ընդ որում, այդ հանգամանքը հաճախ դիտարկվում է Իրանի մոտ որոշակի անբարյացկամ վերաբերմունք առաջացնելու ռիսկի համատեքստում, ինչը, անշուշտ, որպես այդպիսին, կարող է գոյություն ունենալ իբրև մտահոգություն, սակայն մյուս կողմից հայ-իսրայելական հարաբերությունը Երևանի համար կարող է դառնալ նաև Թեհրանի հետ աշխատանքի ուղղությամբ հնարավորությունների դաշտ: Հատկապես նկատի առնելով այն, որ Իրանը հայտարարել է ռեգիոնի արաբական մայրաքաղաքների հետ հարաբերության կարգավորման պատրաստակամության և ռեգիոնալ կայունությանն ուղղված որևէ նախաձեռնության միանալու մասին: Այլ կերպ ասած, մերձավորարևելյան ռեգիոնում անվտանգության համակարգի վերափոխման գործընթացը շոշափելի է, և այդ իմաստով հարաբերությունների վեկտորները չպետք է դիտարկել լոկ ավանդական, այսպես ասած, կարծրատիպային չափումներով: Ավելին, մեծ հաշվով, 2020 թվականի մեկնարկին Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հասցված ամերիկյան հարվածը հարված էր ռեգիոնալ անվտանգության հենց այդ «ավանդական»-կարծրատիպային պատկերացումներին: Այդ իմաստով, թերևս, համարժեք չեն նաև դիտարկումները, թե Իսրայելը բարձր մակարդակով ներկայացված չի եղել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ըստ այդմ՝ Հոլոքոսթի հիշատակի 75-րդ տարելիցի առնչությամբ Իսրայելում Հայաստանի մասնակցությունը պետք է լիներ համարժեք: Ի վերջո, աշխարհաքաղաքականության և ռեգիոնալ դերակատարության հարցերը չպետք է դիտարկվեն պարզ «հայելայնության» տրամաբանության մեջ, և այդ առիթով, ի դեպ, արժե հիշատակել տասնամյակների վաղեմության հանգամանք: Արցախի պատերազմի օրերին Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորությանը Երևանը մասնակցել էր նախագահ Տեր-Պետրոսյանի մակարդակով, այդպիսով հարուցելով թե՛ Թուրքիայի, թե՛ երրորդ այլ երկրների որոշակի զարմանքը, որովհետև այդ մակարդակի մասնակցությունը համարժեք չէր առկա իրավիճակին ու Թուրքիայի հռետորաբանությանն ու վարքին: Բայց այդ մասնակցությունն ի զորու եղավ շոշափելի դեր խաղալ մի շարք դիվանագիտական հարցեր լուծելու առումով: