Ապակայունացման շեմին ենք կանգնած․ ուժային կառույցները պետք է սթափվեն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել, որից հետո Պուտինը փաստացի բարձրաձայնել է սահմանադրական փոփոխությունների և կիսանախագահական կառավարման անցնելու մասին։ Ի՞նչ է ի վերջո տեղի ունենում Ռուսաստանի Դաշնությունում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Նախ ուզում եմ ասել՝ այս փոփոխությունների գլխավոր նպատակն այն է, որ Պուտինն ուզում է շարունակել պաշտոնավարել։ 2024 թվականին կավարտվեն նրա նախագահական լիազորությունները։ Ռուսաստանի այսօրվա Սահմանադրությամբ Պուտինը երրորդ անգամ չի կարող առաջադրվել, և այդ փոփոխությունները կատարվում են, որպեսզի երրորդ անգամվա առաջադրումը լինի տրամաբանական ու օրենքի սահմաններում։ Սահմանադրական փոփոխությունից հետո կասեն, որ հիմա նոր Սահմանադրություն է ու նոր խաղի կանոններ են, և Պուտինն իրավունք ունի երրորդ, չորրորդ անգամ առաջադրվի»։ Փաստացի, փորձ է արվում երկարացնել Պուտինի իշխանության ժամկետներն այլ ձևաչափով, և այն տեղի է ունենում ժողովրդի աճող դժգոհության ֆոնին։ Այս պահին Ռուսաստանը գտնվում է իր բոլոր ցուցանիշների նվազման փուլում՝ թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդավարության, թե՛ իրավունքների ազատության, թե՛ սոցիալական ապահովվածության։ Արդյո՞ք այս ամենը թույլ կտա իրականացնել պուտինյան այս նկրտումները․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Նախ՝ այս հարցով դուք ցույց տվեցիք, որ լավ եք զգում, թե ինչու է դա արվում։ Եթե այդ լարվածությունն ու դժգոհությունը չլիներ, գուցե նրանք չէին շտապի, և Պուտինը չէր շտապի ու թոշակի չէր ուղարկի նախկին կառավարությանը։ Այնպես որ, փոփոխությունները հենց հիմա են անում, որովհետև Ռուսաստանում շատ են դժգոհությունները Պուտինի վարած քաղաքականությունից»։       Մանրամասները՝ տեսանյութում։