Սիմոնը թե՞ Լաշան․ Հայ և վրացի գիգանտների համաշխարհային դիմակայությունը

Սիմոնը թե՞ Լաշան․ Հայ և վրացի գիգանտների համաշխարհային դիմակայությունը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատար, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն 109 քաշային Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է «Տարվա ծանրորդ» կոչմանը:Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքէջում անցկացնում է քվեարկություն, որտեղ 5 ծանրորդների շարքում է նաև Սիմոն Մարտիրոսյանը: Բացի մեր ծանրորդից լավագույնի կոչմանը հավակնում են հյուսիսկորեացի 56-քաշային Օմ Յուն Չհոլը, 73 քաշային չինացի Շի Չժիյունը, Չինաստանի ևս մեկ ներկայացուցիչ 81 քաշային Լյու Սյացյունը և վերջապես գերծանր քաշային վրացի Լաշա Տալախաձեն։ Վերջին տարիներին Սիմոն Մարտիրոսյանը դարձել է հայկական սպորտի ընդգծված առաջատարը։ Նրա ելույթները միջազգային հարթակում կարելի է որակել մեկ բառով փառահեղ։ 2019 թվականին մեր սպորտում գրանցված գլխավոր իրադարձություններից էր հենց Մարտիրոսյանի փայլուն արդյունքները: Աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվելով նա մեր երկրի համար երկու պատմական արդյունք գրանցեց: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում ունեցանք երկու ոսկե մեդալ: Ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի անկախ Հայաստանն ունեցավ աշխարհի կրկնակի չեմպիոն առաջին ծանրորդը: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Մարտիրոսյանը պոկում վարժությանը բարձրացրել էր 190 կգ, այնուհետև՝ 195 կգ: Երրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահել էր 199 կգ և, սահմանելով աշխարհի ռեկորդ, նվաճել էր փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսել էր, երբ մյուս ծանրորդները կատարել էին իրենց բոլոր մոտեցումները: Նա բարձրացրել էր 230 կգ: Երկամարտում մեր մարզիկը գրանցեց 429 կգ արդյունք: Վստահաբար կարող ենք ասել, որ այս պահին 109 քաշային կարգում Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս է և հաստատուն քայլերով գնում է դեպի Օլիմպիական խաղերի ոսկին: Նշենք, որ 109 քաշային կարգը օլիմպիական է: Այս քաշային կարգում գրանցված բոլոր 3 ռեկորդների հեղինակը Մարտիրոսյանն է: Առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը Մարտիրոսյանը նվաճել էր 2018 թվականի նոյեմբերին՝ Աշխաբադում: Մեր ծանրորդը, ցուցադրելով ֆանտաստիկ ելույթ, հրում վարժությունում և երկամարտում գրանցել էր համաշխարհային ռեկորդ: Հրում ձևում նա բարձրացրել էր 240 կգ: Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ էր գրանցել նաև պոկում ձևում, սակայն մրցավարները նրա բարձրացրած 197 կգ-ը, չգիտես ինչու, չէին հաշվել: Նշենք, որ մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվել նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս քաշային կարգում երկամարտի նախկին ռեկորդը 424 կգ էր, ու փաստորեն Մարտիրոսյանը համաշխարհային ռեկորդը գերազանցել էր 11 կգ-ով, ինչը կարելի է բացառիկ արդյունք համարել: Հրում ձևում էլ նախկին ռեկորդը 237 կգ էր: Հատկանշական է, որ Աշխաբադում Մարտիրոսյանը 240 կգ-ը վստահ էր բարձրացրել, և ակնհայտ էր, որ հայ ծանրորդը կարող էր մի քանի կգ-ով ավելի ծանր ծանրաձող հրել: Վստահ ենք, որ մինչև այս տարվա ամռանը ճիշտ աշխատանք տանելու դեպքում Սիմոն Մարտիրոսյանը կկարողանա գրանցել ոչ միայն աշխարհի, այլև Օլիմպիական խաղերի նոր ռեկորդներ: Միջազգային լրատվամիջոցները Մարտիրոսյանի ելույթը որակել էին ցնցող: Շատերի համար անհավանական է թվում, որ 22-ամյա երիտասարդը կարող է նման արդյունքներ գրանցել և շարունակ գերազանցել իր իսկ ռեկորդները: Վերջին 20 տարիներին ունեցել ենք ուժեղ ծանրորդներ, բայց Մարտիրոսյանի հաջողություններն իսկապես փառահեղ են: Երեք տարի առաջ՝ 19 տարեկանում, Մարտիրոսյանը դարձել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Անցյալ տարիների ընթացքում մեր չեմպիոնը ըստ էության ֆանտաստիկ աճ է գրանցել, և վստահ ենք, որ առաջիկայում այս ծանրորդը կավելացնի մեդալների պաշարը:Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն է, ինչպես նաև 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: 2018 թվականի հոկտեմբերին Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը ևս չեմպիոն էր դարձել: Չմոռանանք, որ Մարտիրոսյանը այս տարի ևս մեկ ոսկե արդյունք էր գրանցել: Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ՝ բարձրացրել էր 187 կգ, այնուհետև 192 կգ՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ բարձրացրել էր 225 կգ: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրել էր արդեն 235 կգ: Այս ձևում ևս Մարտիրոսյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձել է 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն: Իսկապես փառահեղ նվաճումներ: Հիմա Մարտրոսյանը կարող է նոր տիտղոս բերել մեր երկրի համար դառնալով 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդ։ Այս կոչման համար Մարտիրոսյանի հիմնական մրցակից պետք է համարել Լաշա Տալախաձեին։ Այս ծանրորդն ուղղակի ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում սահմանելով նորանոր ռեկորդներ։ Տալախաձեն 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն։ Նրան են պատկանում համաշխարհային վերջին երեք ռեկորդները։ Ինչ խոսք՝ ցուցանիշների առումով Տալախաձեն առավելություն ունի, բայց ամեն ինչ որոշվելու է քվեարկության արդյունքնում։ Լաշա, թե՞ Սիմոն։ Այս հարցի պատասխանը կստանանք փետրվարի 10-ին երբ ավարտվի քվեարկությունը։ Ի դեպ Սիմոն Մարտիրոսյանի օգտին կարելի է քվեարկել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ https://www.iwf.net/lifters-year-2019/։