NASA-ն հրապարակել է «Մարս-2020» մարսագնացի համար անունների համառոտ ցանկը

NASA-ն հրապարակել է «Մարս-2020» մարսագնացի համար անունների համառոտ ցանկը

Որոշվել է այն ինը անուններից բաղկացած ցանկը, որոնցից մեկը պաշտոնական անվանում կդառնա հինգերորդ մարսագնացի համար, որն ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունն այս տարի կուղարկի Մարս: Ցանկը հրապարակել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է TASS-ը։ «Մենք շատ ենք հպարտանում, որ մեր կոչը գրավել է մի քանի հազար դպրոցականների և փորձագետների ուշադրությունը: Այժմ խոսքը հանրությանն է. ցանկացած մարդ կարող է իր ձայնը տալ անվան հավանած տարբերակին»,- պատմել է NASA-ի մոլորակագիտության բաժանմունքի ղեկավար Լորի Գլեյզը: Անցյալ տարվա օգոստոսին հայտնի է դարձել, որ այդ ապարատի անունը կընտրեն ամերիկացի դպրոցականները, որոնք շարադրություն կգրեն Մարսի ուսումնասիրման թեմայով և դրանք կուղարկեն NASA: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Գլեյզը, մրցույթի առաջին փուլին մասնակցել է ավելի քան 28 հազար երեխա: Հունվարի կեսերին NASA-ի փորձագետներն ամփոփել են մրցույթի առաջին փուլի արդյունքները և հրապարակել կիսաեզրափակչի 155 մասնակիցների ցուցակը, որոնցից սոսկ մեկը հնարավորություն կստանա անուն շնորհելու մարսագնացին և մասնակցելու այս տարվա հուլիսին Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից դրա արձակման արարողությանը: Հունվարի 22-ին Գլեյզը և նրա գործընկերները հրապարակել են ինը ֆինալիստների ցանկը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտին: Համառոտ ցանկում հայտնված բոլոր անունները կապված են մարդու զանազան դրական հատկությունների՝ անսասանության (Endurance), քաջության (Courage), տոկունության (Fortitude), հանճարեղության (Ingenuity), կամքի աներերության(Tenacity), ներուժի (Promise), հաստատակամության (Perseverance), կանխատեսության (Vision) և մտքի պայծառության (Clarity) հետ: