Մոտ 400 ցուցարար է վիրավորվել Լիբանանում ոստիկանության հետ բախումների ժամանակ

Մոտ 400 ցուցարար է վիրավորվել Լիբանանում ոստիկանության հետ բախումների ժամանակ

Բեյրութում մոտ 400 մարդ է վիրավորվել շաբաթ՝ հունվարի 18-ին, կառավարությունից դժգոհ ցուցարարների եւ լիբանանյան հատուկ ծառայությունների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո, հայտնում է AFP-ն, հղում անելով փրկարարներին: Գործակալությունը հայտնում է, որ սա վերջին 3 ամիսներին շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ տուժածների ամենամեծ թիվն է: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր եւ այլ իրեր նետել ոստիկանության ներկայացուցիչների վրա: Ոստիկանները փակել էին դեպի Ազգային ժողով տանող ճանապարհը: Ցուցարարների մյուս մասն էլ փորձել է ճեղքել փշալարերով արգելափակոցները, որպեսզի հասնի օրենսդիր օրգանի շենքին: Ցուցարարների մի մասը ոստիկանների վրա է հարձակվել որպես զենք օգտագործելով ճանապարհային նշանները: Անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Նախորդ օրը Լիբանանի նախագահ Միշել Աունը բանակի հրամանատարներին եւ անվտանգության ծառայություններին խնդրել է Բեյրութի կենտրոնում վերականգնել խաղաղությունը: Ընդ որում, սպասվում է, որ բողոքի ցույցերը կիրակի օրը կշարունակվեն: AFP-ն հայտնում է, որ համացանցում արդեն հայտնվել են նոր ցույցերի մասին կոչեր: Բեյրութում եւ երկրի մյուս քաղաքաներում բողոքի ցույցերը սկսվել են դեռեւս հոկտեմբերին: Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տնտեսությունում արտակարգ դրություն է: