Վերջապես. Ռուսների բեկումնային որոշումը Հայաստանի ազգային հավաքականի համար

Վերջապես. Ռուսների բեկումնային որոշումը Հայաստանի ազգային հավաքականի համար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները ներկայացնող ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում չեն լինի լեգեոներական: Այս որոշումը երեկ վերջնականապես հաստատվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից: 2019 թվականի նոյեմբերի 2-ին ՌԴ սպորտի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մարզիկները Ռուսաստանում լեգեոներներ չեն համարվի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի մրցումներում: Նախագիծը վերջնականապես պետք է հաստատվեր նոյեմբերի 14-ին, բայց ինչ-ինչ պատճառներով այն հետաձգել էր։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության դատարանը որոշում էր ընդունել ԵԱՏՄ երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու մասին, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը: Վճռում նշված էր, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկա ստեղծելու համար: Այս որոշումը, սակայն, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, այսպես ասած, բանի տեղ չէր դրել: Որոշակի արտոնություն էր տրվել թերևս բելառուս ֆուտբոլիստներին, որոնք իրենց երկրի ազգային թիմի անդամ են: Նշենք, որ ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որն ազդում էր նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ են համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան: Մի քանի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որը առկա խնդրի պատճառով այդպես էլ չխաղաց մեր ազգային թիմում: Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև այժմ «Ռոստովում» ելույթ ունեցող պաշտպան Խորեն Բայրամյանը, որը ևս, չցանկանալով ռիսկի դիմել, մերժեց հրավերը: Անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո պարզ էր դարձել, որ ֆուտբոլային գերատեսչությունը մտադիր չէ փոփոխել սահմանափակման մասին օրենքը: Լեգեոներների սահմանափակումը, ըստ ռուսական կողմի, ուժեղ հավաքականներ և որակյալ կադրեր ունենալու հիմնական գրավականն է: Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանից՝ ԵԱՏՄ անդամ են նաև Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Հաշվի առնելով նշված երկրներում ֆուտբոլի մակարդակը՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանի առաջնությունում որոշակի արտոնություն կարող են ստանալ հայ և բելառուս ֆուտբոլիստները: Մյուս երկրներն այսօր ուղղակի չունեն ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը թույլ կտա խաղալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Շատ չեն նաև հայ և բելառուս ֆուտբոլիստները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն և խաղում են Պրեմիեր լիգայում: Բացի այն բանից, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները չէին միանում Հայաստանի ազգային հավաքականին, լեգեոներների սահմանափակման մասին օրենքը բացասական նշանակություն ուներ մեզ համար նաև այլ տեսանկյունից: Մասնավորապես, սահմանափակման հետևանքով ըստ էության կանգ առավ հայաստանցի ֆուտբոլիստների հոսքը Ռուսաստանի առաջնություն: Մասնավորապես, ռուսական ակումբները նախընտրում են ձեռք բերել թեկուզ ավելի թանկ, բայց ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստների, և գործող լիմիտը լրացնում էին նրանցով: Ժամանակին ռուսական ակումբները հետաքրքրված էին Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներով: Ու հիմա, եթե հայաստանցի մարզիկը ռուսական ֆուտբոլում չունենա լեգեոների կարգավիճակ, կբացվի նոր հորիզոն: Ենթադրվում է, որ ռուսական ակումբներն իրենց հերթին ուշադրությունը կսևեռեն հայաստանցի և բելառուս ֆուտբոլիստների վրա: Վերջին տարիներին ավելի բարձրակարգ ակումբներ ֆուտբոլիստներ «արտահանելը» բավական լուրջ խնդիր է մեզ համար: Հուսանք, որ ԵԱՏՄ-ի դատարանի որոշումը որոշակիորեն զարկ կտա այս գործընթացին: Հուսանք նաև, որ 2020 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականը զգալիորեն կլուծի կադրային խնդիրը: Այս տարի Հայաստանի ազգային թիմը մասնակցելու է Ազգերի լիգայի հերթական խաղարկությանը, և վստահաբար կարող ենք ասել, որ կադրային առումով ռուսների որոշումը բեկումնային կլինի մեր հավաքականի համար։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից այս պահին Ռուսաստանի առաջնությունում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը: