Հայկական ակումբների դիրքը համաշխարհային ֆուտբոլում 2020 թվականի սկզբին

Հայկական ակումբների դիրքը համաշխարհային ֆուտբոլում 2020 թվականի սկզբին

2019 թվականին հայկական ակումբների ելույթները եվրոպական ասպարեզում կարելի է համարել ընդհանուր առմամբ հաջողված: Մասնավորապես, մեր թիմը պատմական արդյունքներ գրանցեց եվրագավաթների խաղարկությունում՝ վարկանիշային միավորներ վաստակելով Հայաստանի համար: Clubworldranking պարբերականի վարկածով՝ 2020 թվականի հունվարին աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Մեր չեմպիոնը՝ «Արարատ-Արմենիան», եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում բավական հաջող ելույթների շնորհիվ անցյալ տարի հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այս պահին 786-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» է: Վերջինիս անցյալ տարի ևս հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»: Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս «Փյունիկը» բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունւմ: Մասնավորապես, երևանյան թիմը Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: Այս պահին «Փյունիկը» 468 միավորով 772-րդ հորիզոնականում է: ՀՀ փոխչեմպիոնին 34 հորիզոնականով զիջում է գավաթակիր «Ալաշկերտը»: Վերջինս նախորդ տարի հաղթահարեց Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով: Երկրորդ փուլում էլ երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը: Ամիսներ առաջ լավագույն 1000 ակումբների շարքում էր նաև հայկական մեկ այլ ակումբ՝ «Գանձասար-Կապանը»: Վերջինս 2019-ին ոչ այնքան հաջող ելույթների պատճառով դուրս է մնացել վարկանիշային աղյուսակից: Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի ընդամենը 2 ակումբ. «Ղարաբաղը» գտնվում է 610-րդ, «Նեֆթչին»՝ 686-րդ հորիզոնականում: Վրաստանը լավագույն 1000 ակումբների շարքում ունի 3 ներկայացուցիչ: Թբիլիսիի «Դինամոն» այս պահին 750-րդն է, իսկ «Չիխրուան»՝ 884-րդը: Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլում «Արարատ-Արմենիային» զիջած Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» 869-րդն է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 38, իսկ Իրանը՝ 17 թիմ: Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հաշվարկում «Բարսելոնան» պահպանում է առաջատարի դիրքը: Clubworldranking-ի վարկածով՝ իսպանական ակումբն ունի 15620 միավոր: «Բարսելոնան» շարունակում է զգալիորեն գերազանցել երկրորդ տեղում գտնվող արգենտինական «Լիվերպուլին»: Վերջինս ունի 15331 միավոր: Երրորդը իսպանական «Վալենսիան» է, իսկ բրազիլական «Ֆլամենգոն» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։ 6-րդ հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է, որին հաջորդում են բրազիլական Մադրիդի «Ռեալը», մեքսիկական «Մոնտերեյը», արգենտինական «Բոկա Խունիորսը» և բրազիլական «Պալմեյրասը»: Իտալական «Ռոման», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 42-րդ հորիզոնականում է: Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 81-րդն է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 51-րդն է, «Կրասնոդարը»՝ 75-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 88-րդը: Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության: Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Մասնավորապես, լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 3 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 192-րդն է: Նշենք, որ 2019 թվականի վերջին Տեր-Զաքարյանը գտնվում էր աղյուսակի 223-րդ հորիզոնականում։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 910-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 950-րդը: