Քոչարյանը նկատի ուներ Վիտալի Բալասանյանին, բայց ՀՀ նախկին նախագահն այսօր Արցախում քաղաքական հենարան չունի

Քոչարյանը նկատի ուներ Վիտալի Բալասանյանին, բայց ՀՀ նախկին նախագահն այսօր Արցախում քաղաքական հենարան չունի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց է տվել և ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Արցախում 2020 թվականին սպասվելիք նախագահական ընտրություններին. «Արցախում պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ»,- նշել է Քոչարյանը։ Վերջինս ավելի վաղ իր հարցազրույցում նշել էր, որ ունի նախընտրած թեկնածու, բայց նրա անունը չի հնչեցնի։ Ո՞ւմ նկատի ուներ երկրորդ նախագահը, որը, անկասկած, Արցախում ունի համակիրների որոշակի շրջանակ, որոնք պարբերաբար հանդես են գալիս իրեն աջակցող և ՀՀ իշխանությունների գործունեությունը քննադատող հայտարարություններով։ Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի դիտարկումներին, ասաց. «Շատ ակնհայտ է, որ Հայաստանի նախկին իշխանությունները փորձում են Արցախի նախագահական ընտրություններում ունենալ իրենց թեկնածուն և նրան տեսնել նախագահի պաշտոնում։ Սա ակնհայտ իրողություն է ու քննարկման ենթակա չէ։ Կոնկրետ ում նկատի Հայաստանի երկրորդ նախագահը՝ կարելի է մի քանի ենթադրություն անել, նա ժամանակին ասել է, որ ունի նախընտրած թեկնածու, որի անունը չի հրապարակում։ Մնում է միայն գուշակել, թե նա ում նկատի ունի՝ ասելով՝ պատերազմով անցած մարդ, ըստ իս՝ նկատի ունի Վիտալի Բալասանյանին։ Համենայնդեպս, այսօրվա հավանական թեկնածուների շարքում, ըստ երևույթին, նա առանձնացնում է Վիտալի Բալասանյանին»։ Մեր զրուցակիցը հավելեց՝ ինքը Բալասանյանը չի թաքցնում, որ աջակցում է Հայաստանի երկրորդ նախագահին. «Նույնիսկ այստեղ իր գրասենյակում ստորագրահավաք է նախաձեռնել՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Այս իրողությունները համադրելով՝ գալիս եմ այն եզրակացության, որ իր խոսքերով ասած՝ պատերազմով կոփված մարդ ասելով՝ նկատի ունի Վիտալի Բալասանյանին»։ Ինչ վերաբերում է ՀՀ նախկին իշխանությունների՝ Արցախում ունեցած լծակներին, դրանց հնարավոր ազդեցությանը ընտրությունների արդյունքների վրա, Վահրամ Աթանեսյանը նկատեց. «Ես չեմ կարող ասել, թե Հայաստանի նախկին իշխանությունները՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները միասին են գործում, նույն թեկնածուին են պաշտպանում և թե ինչ լծակներ ունեն Արցախում։ Չեմ կարծում, թե նրանք որևէ լուրջ ռեսուրս ունեն։ Ընդհանուր տպավորությունս այնպիսին է, որ ՀՀ նախկին իշխանությունները Արցախում լուրջ քաղաքական հենարան չունեն, այսինքն՝ չկա որևէ քաղաքական ուժ, որը պաշտոնապես աջակցի Հայաստանի երկրորդ նախագահին։ Հանրային տրամադրություններն էլ թույլ են տալիս եզրակացնել, որ նրանք Արցախում մեծ աջակցություն չունեն։ Հնարավոր է՝ առանձին անձինք ինչ-որ հայտարարություններ անեն, բայց սա քաղաքական ռեսուրս չէ»։ Քաղաքագետն անդրադարձավ նաև այն դիտարկումներին, որ եթե ֆավորիտ թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը , Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը չկարողանան գալ պայմանավորվածության, ապա ընտրություններում հնարավոր է երկրորդ փուլ լինի. «Գիտեք՝ ձեր նշած թեկնածուները, բացի Արայիկ Հարությունյանից, ըստ իս՝ հանրային մեծ աջակցություն չունեն։ Չեմ պատկերացնում, թե ինչ պայմանավորվածությունների պետք է այդ մարդիկ հանգեն, և թե ինչու Արայիկ Հարությունյանը՝ ունենալով մեկնարկային ահռելի տարբերություն մյուս երկուսից, պետք է նրանց հետ պայմանավորվածության գնա։ Երկրորդ փուլի մասին խոսակցություններն արհեստական են դրվում շրջանառության մեջ՝ որոշակի շրջանակների կողմից։ Իմ անձնական կարծիքը չի փոխվել. համարում եմ, որ Արցախի նախագահական ընտրությունների ֆավորիտը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է։ Իմ դիտարկումները թույլ են տալիս ասել, որ քվեարկության առաջին փուլով հաղթողը հայտնի է լինելու»։ Ինչքանո՞վ Արայիկ Հարությունյանին կօգնի իր վերջին հայտարարությունները՝ հեղափոխությանը աջակցելու մասին՝ փաստորեն դեռ այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր Արցախի պետնախարարի պաշտոնը. «Ես այն կարծիքին չեմ, որ այդ մասին Արցախի նախկին վարչապետն առաջին անգամ է հայտարարում։ Նա միշտ էլ ասել է, որ հեղափոխության կողմնակիցն է եղել։ Փաստն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ ամիս անց նա պետնախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց, և դա խոսում է այն մասին, որ 2018 թվականին նա արդեն իր քաղաքական որոշումը կայացրել է»։ Լուսանկարը՝ Photolure-ի