Վրաստանի նախագահը խոստովանել է երկրում բանակի և զենքի բացակայության մասին

Վրաստանի նախագահը խոստովանել է երկրում բանակի և զենքի բացակայության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել է, որ երկիրը չունի բանակ, զենք և տնտեսական ներուժ: Պետության ղեկավարը նման հայտարարություն է արել գիտական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը՝ գրում է lenta.ru-ն: «Մենք բանակ չունենք, չունենք և չենք ունենա զենք, մենք անգամ այդ տնտեսական մեծ պոտենցիալը չունենք տարածաշրջանը նվաճելու համար»,- ասել է Վրաստանի Գերագույն հրամանատարը: Սակայն, ըստ նրա, այդ ամենի բացակայությունը փոխհատուցվում է «մեկ այլ հզոր զենքի» միջոցով`մշակույթ, գիտելիք և գիտություն: Զուրաբիշվիլին կոչ է արել գիտական համայնքի ներկայացուցիչներին ակտիվ աշխատել արտերկրում՝ տարածելով գիտելիքները Վրաստանի՝ որպես «Կովկասի մշակութային և գիտական կենտրոնի» մասին: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վրացիներն իրենք են մոռանում Թբիլիսիի այս դերի մասին: «Չգիտես ինչու, մենք դարձել ենք մի տեսակ բարդույթավորված ազգ, մինչդեռ մենք ունենք հսկայական հնարավորություններ», - ասել է նա: Զուրաբիշվիլիի հայտարարությունները սկանդալ են առաջացրել Վրաստանում: Նախագահին քննադատել են ընդդիմության ներկայացուցիչները: Պատգամավոր Կախա Օկրիաշվիլին կարծում է, որ պետության ղեկավարի խոսքը վնաս է հասցնում ոչ միայն նրա, այլև իշխող կուսակցության հեղինակությանը: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիգա Բոկերիան կոչ է արել Զուրաբիշվիլիին «հեռանալ, եթե նա չի կարող խոսել», իսկ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պետության ղեկավարին խորհուրդ է տվել «ավելի շատ մտածել, երբ նա խոսում է բանակի մասին»: