Դիմադրություն հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյանը ազդարարում է մեծ բացը

Դիմադրություն հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյանը ազդարարում է մեծ բացը

Պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Ընթացիկ տարում ինչպիսի ձեռքբերում էլ եղել, եղել է ի հեճուկս կառավարման համակարգի: Այդ հայտարարություններն այսօր կառավարության նիստում արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե ինքը ջարդելու է այդ դիմադրությունը: Խոշոր հաշվով, վարչապետը փաստացի հայտարարել է, որ պետական կառավարման համակարգն իր ընդդիմությունն է: Իհարկե, քաղաքական ընդդիմության խորքային վակուումի մեջ գտնվող Հայաստանում ամենևին զարմանալի չի էլ թվում, որ վարչապետի ընդդիմություն կարող է լինել կառավարման համակարգը, բայց, այդուամենայնիվ, իրավիճակը աբսուրդային է: Վարչապետը՝ պետական կառավարման համակարգի կառավարող ուժի առաջնորդը, գործադիր իշխանության ղեկավարը հայտարարում է, որ կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, իսկ ձեռքբերումներն ի հեճուկս են, ոչ թե այդ համակարգի շնորհիվ: Եթե այդ հայտարարությունն արվեր հեղափոխությունից մեկուկես ամիս անց, կլիներ միանգամայն հասկանալի: Երբ արվում է հեղափոխությունից արդեն գրեթե երկու տարի անց, ապա հնչում է որոշակիորեն տարօրինակ, որքան էլ ասվածի խորքը միանգամայն պատկերացնելի է: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության խորքում նշմարվում է նաև պետական կառավարման համակարգից դուրս իրականության խնդիրը: Ինչն է նա գործնականում ասում, կամ ակնարկում: Այն, որ կա նախկին համակարգը և չկա նոր համակարգ, որը իր գործունեության, իր ազդեցության շրջանակով կհակազդեր գոյություն ունեցածին, որն իր որոշակի ցանցայնությամբ ու տրամաբանությամբ պահպանված է պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում: Ընդ որում, խոսելով դիմադրության մասին, այստեղ հարկավոր է թերևս շոշափել ոչ միայն զուտ ներքաղաքական ասպեկտը՝ կան ուժեր, որոնք հնից են և հնի օրակարգն են առաջ մղում ու դիմադրում են: Գուցե կա նաև այդ խնդիրը, սակայն խորքային առումով այստեղ կա մտածողության, պատկերացումների, տեսակի հարց: Այսինքն՝ պետական կառավարման համակարգը դիմադրում է առնվազն իր մտածողությամբ, իր տեսակով, իր մոտիվացիաների բացակայությամբ: Այստեղ է, որ առաջանում է միջավայրային խորքային խնդիրը, երկրում նոր հասարակական-քաղաքական համակարգերի ձևավորման անհրաժեշտությունը: Խնդիր, որը օպերատիվ կառավարման ռեժիմում Նիկոլ Փաշինյանն ինքը գուցե չի հասցրել լուծել, իհարկե գուցե նաև թերացել ինչ-որ հարցերում, բայց նաև խնդիր, որի լուծումը առանցքային նշանակություն ունի ոչ միայն Փաշինյանի համար, այլ նաև ամբողջ հանրության: Այստեղ է, որ համակարգային դիմադրությունը կոտրելու հանգամանքը ստանում է շատ լայն և ընդգրկուն իմաստ ու նշանակություն, որտեղ պայքարը պետք է ստանա ստեղծարար բովանդակություն: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հին համակարգային դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է նոր միջավայրի ձևավորում, դրան միտված արդիական համակարգերի ձևավորում: Ամբողջ խնդիրը այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում մեծ հաշվով շարունակում են գործել հին միջավայրին բնորոշ համակարգերը ոչ միայն պետական կառավարման տարբեր օղակներում, այլ նաև հանրային տիրույթում: Իրականում դիմադրություն ասվածը շատ ավելի լայն ու խորքային իմաստ և բովանդակություն ունի, քան զուտ, այսպես ասած, հեղափոխություն-հակահեղափոխություն «դիսկուրսը»: Ըստ այդմ` լուծումները արդյունավետ կարող են լինել լայն բովանդակության շրջանակով փնտրելու պարագայում: