Արտաքին քաղաքականության մեջ վերջին 1,5 տարին մեզ համար բավականին հաջող է ընթանում․ Զոլյան

Արցախի հարցը պետք է լուծվի Արցախի կամարտահայտության հիման վրա, դա որևէ ձևով չի հակասում նրան, ինչ ասում է պարոն Մանոյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։ Նրա խոսքով, ի վերջո, 1992 թվականի հանրաքվեն ևս Արցախի կամարտահայտության արտահայտություն էր։ «Այստեղ խոսքը սկզբունքի մասին է, եթե գործը հասնի այդ սկզբունքը մանրամասնելուն, ապա կարող ենք և 1992 թվականի հանրաքվեն վերցնել, և շատ այլ դեպքեր, երբ Արցախի ժողովուրդն իր կամքը արտահայտել է։ Այստեղ իրական քննադատելու բան քիչ կա, իսկ ընդդիմությունը հասկանալի է, պետք է քննադատի։ Գոնե արտաքին քաղաքականության մեջ վերջին 1-1,5 տարին մեզ համար բավականին հաջող է ընթանում։ Համեմատած նախկին ժառանգության հետ, ես կասեի, շատ հաջող է ընթանում։ Նաև համեմատած հարևան երկրների հետ, կարծում եմ ՝ Հայաստանը շատ նպաստավոր դիրքերում է»,-ընդգծեց Զոլյանը։