Նույն ռուսները զենք էին վաճառում չեչեններին՝ ռուս զինվորների դեմ․ Լավրովի «բալանսի» բարոյական և իրավական կողմերը

Նույն ռուսները զենք էին վաճառում չեչեններին՝ ռուս զինվորների դեմ․ Լավրովի «բալանսի» բարոյական և իրավական կողմերը

«Եթե նայենք Ռուսաստանի ոչ վաղ անցյալին, երբ ընթանում էր չեչենական պատերազմը, նույն ռուսները, նույն բարձրաստիճան ռուս սպաները, ռուս բիզնեսմենները վաճառում էին ռուսական նորագույն զենքերը չեչեններին, իսկ ռուսական կանոնավոր զորքերը, որոնք մարտնչում էին չեչենների դեմ, միայն լսել էին, որ «մենք ունենք այսպիսի ինչ-որ միջոցներ»: Բայց իրենց մաշկի վրա արդեն զգացին և տվեցին հարյուրավոր զոհեր: Ռուսական մամուլում հարյուրավոր փաստեր են բերվել այն մասին, որ չեչենական կողմը զինված է եղել ռուսական նորագույն սպառազինությամբ, ինչը ռուսական բանակը չուներ: Ռուսական բանակը չուներ, քանի որ գումար չուներ, որ գներ գործարանից, իսկ չեչեններն ունեին՝ գնում էին գործարանից: Եթե այս տրամաբանության մեջ նայենք հարցին, ապա Ռուսաստանը վաճառել է և կշարունակի վաճառել զենք Ադրբեջանին»։ Ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական և հատկապես ռազմատեխնիկական սերտ համագործակցության հարցը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունների ամենացավոտ հարցերից է։ Ռուսաստանը, ինչպես գիտենք, գոնե ֆորմալ առումով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է և սպառազինության հիմնական մատակարարը, նաև անվտանգության երաշխավորը որոշակի առումով։ Բայց մյուս կողմից Ռուսաստանը սերտ հարաբերություններ է զարգացնում Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող հարևան պետության՝ Ադրբեջանական Հանրապետության հետ գրեթե բոլոր կարևոր ոլորտներում՝ քաղաքական, միջազգային, տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, մշակութային և այլն։ Ու նաև ջանքեր է գործադրում Ադրբեջանին ինտեգրելու իր ազդեցության տակ գտնվող ռազմաքաղաքական և տնտեսական կառույցներին՝ ՀԱՊԿ-ին (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միություն)։ Մոսկվան հայտարարում է, թե Ադրբեջանը ՌԴ-ի «ռազմավարական գործընկերն է», ինչը մեկ աստիճան ցածր է ռազմավարական դաշնակցությունից։ Նաև հայտարարում է, որ ինքը տարածաշրջանում ունի որոշակի շահեր, որոնք թելադրում են իրեն «աշխատել» ռեգիոնի բոլոր երկրների հետ ու մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում պահպանել ռազմական ուժերի հավասարակշռությունը։ Երևանում, սակայն, նորմալ չեն համարում այս մոտեցումը՝ ընդգծելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ու թե՛ Ռուսաստանը, թե՛ այս կազմակերպության մյուս անդամ երկրները որոշակի պարտավորություններ ունեն Հայաստանի նկատմամբ անվտանգության ոլորտում, հետևաբար պետք է աջակցեն մեր երկրի անվտանգության ռիսկերի նվազեցմանն ու հատկապես Ադրբեջանից բխող սպառնալիքների չեզոքացմանը։ Բայց ՀԱՊԿ-ի երկրներից մի քանիսը ոչ միայն դա չեն անում, այլև զինում են ադրբեջանական բանակը ժամանակակից սպառազինությամբ, զինտեխնիկայով՝ բնականաբար, ստանալով ֆինանսական մեծ շահույթներ։ Պաշտոնական Երևանի կոչերը ՀԱՊԿ-ի գործընկերներին՝ դադարեցնելու զենքի մատակարարումները պատերազմի նախապատրաստվող Ադրբեջանին, առայժմ, կարծես թե, որևէ լուրջ ազդեցություն չեն ունենում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայացած ՀԱՊԿ-ի վերջին նիստին ևս անդրադարձավ այս հարցին՝ բացատրելով, որ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները, որոնք կարող են հանգեցնել ղարաբաղյան կոնֆլիկտի նոր էսկալացիային, ըստ էության, սպառնալիք են ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ՀԱՊԿ երկրների անվտանգությանը։ Ելնելով այս իրողությունից՝ Փաշինյանը կոչ արեց ՀԱՊԿ գործընկերներին անպատասխան թողնել Ադրբեջանի՝ նոր զենք ձեռք բերելու դիմումները։ Հայաստանի վարչապետի այս կոչը ՀԱՊԿ-ի գործընկերներից առաջինը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու դա, ի դեպ, արել է Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Լավրովը նախ ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը շատ կարևոր ուղղություն է երկու երկրների հարաբերություններում։ Երկրորդը, ամեն ինչ արվում է «բացարձակ թափանցիկ», ու ոչ մի խնդիր չկա ո՛չ միջազգային իրավունքի, ո՛չ էլ երկու երկրների օրենսդրությունների տեսանկյունից։ Երրորդը, «ամբողջությամբ հաշվի է առնվում այն հավասարակշռությունը, որը ձևավորվել է այս տարածաշրջանում»։ https://armtimes.com/static/article/16/92/91/169291.jpg Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը: - Պարոն Պետրոսյանց, ի՞նչ եք կարծում՝ նման կոչերը կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել ՀԱՊԿ գործընկերների քաղաքականության ու մասնավորապես Ադրբեջանի հետ նրանց հարաբ երությունների վրա: Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի խոսքերը: Նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է, և իրենք շարունակելո՞ւ են զենք մատակարարել Ադրբեջանական Հանրապետությանը: - Սովորաբար մենք միայն հրապարակային կոչեր ենք լսում, բայց ինձ թվում է՝ մեր կառավարությունը ոչ միայն հրապարակային կոչերով է սահմանափակվում, այլև որոշակի գործողություններ է իրականացնում, որոնց մասին մենք, ըստ էության, տեղյակ չենք: Ես հավատում եմ, որ այդպես է, որովհետև ուղղակի կոչերով հնարավոր չէ լուծել այս հարցը: Այն, ինչ ասում է Լավրովը, դեմ է ՀԱՊԿ-ի շրջանակներում գոյություն ունեցող համաձայնագրերին: Եկեք զուգահեռներ անցկացնենք ու նայենք նաև ՆԱՏՕ-ի երկրներին: Ենթադրվում է, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկը ռազմական խնդիր ունենա ինչ-որ երրորդ կողմի հետ, ապա ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր չի փորձի այնպիսի հարաբերություններ զարգացնել այդ երրորդ կողմի հետ, ինչ անում են Ռուսաստանն ու Բելառուսը Ադրբեջանի հետ: Ռուսական կողմը, Բելառուսը ասում են՝ դրանք բիզնես շահեր են, հետո ավելացնում են, թե «եթե մեզնից չառնեն այդ զենքը՝ ուրիշից են առնելու»: Իհարկե, գիտենք, որ առնելու են: Գիտենք, որ Ադրբեջանն ունի գումար, եթե Ռուսաստանից ձեռք չբերեց՝ ձեռք կբերի այլ շուկաներից: Բայց եթե ոչ միայն բարոյական, այլև իրավական հիմքերով նայենք հարցին՝ ՀԱՊԿ-ը հանդիսանում է այն կառույցը, որը պետք է գա և օգնի Հայաստանի Հանրապետությանը, եթե անվտանգության սպառնալիքներ լինեն: Բայց ՀԱՊԿ-ի նշված երկրները զենք են վաճառում մի պետության, որը հնարավոր է՝ պատերազմ սկսի ՀԱՊԿ անդամներից մեկի դեմ, և իրենց զինծառայողները գան և զոհվեն իրենց վաճառած զենքից: Նույնիսկ իրավականորեն իրենք չեն կարող դա անել: Ո՛չ բարոյական, ո՛չ իրավական տիրույթում իրենց կատարածը չի տեղավորվում ընդհանրապես: Բայց ես միանշանակ հասկանում եմ այս քաղաքականության պատճառները: Եթե նայենք Ռուսաստանի ոչ վաղ անցյալին, երբ ընթանում էր չեչենական պատերազմը, նույն ռուսները, նույն բարձրաստիճան ռուս սպաները, ռուս բիզնեսմենները վաճառում էին ռուսական նորագույն զենքերը չեչեններին, իսկ ռուսական կանոնավոր զորքերը, որոնք մարտնչում էին չեչենների դեմ, միայն լսել էին, որ «մենք ունենք այսպիսի ինչ-որ միջոցներ»: Բայց իրենց մաշկի վրա արդեն զգացին և տվեցին հարյուրավոր զոհեր: Այսինքն՝ Ռուսաստանի համար միևնույն է, թե իր արտադրած զենքից քանի ռուս զինվոր կզոհվի: - Բայց Ռուսաստանի՞, թե՞ կոռումպացված ինչ-որ շրջանակների: - Այո, երբ ասում ենք՝ Ռուսաստանը, չենք կարող ապացուցել, թե ո՞ր մակարդակներով է դա իրականացվել: Համենայն դեպս, դա տեղի է ունեցել: Ես այսպես եմ մտածում՝ եթե Ռուսաստանի ամենաբարձր մակարդակի իշխանություններին դա «ձեռնտու չլիներ», ապա բոլոր այն անձինք, ովքեր վաճառում էին այդ սպառազինությունն ու զենքը չեչեններին, շատ մեծ դատավարություններով ու ամբողջ աշխարհին ցույց տալով՝ կդատեին: Սակայն այդպիսի որևէ դեպքի մասին մենք չգիտենք: Բայց որ նման բան եղել է՝ ապացուցված փաստ է: Անձամբ ես բազմաթիվ ռուս սպաների հետ եմ զրուցել, ովքեր մասնակցել են չեչենների դեմ մարտական գործողություններ, և իրենք են ցավով ասել, որ նման բան եղել է: Ռուսական մամուլում էլ հարյուրավոր փաստեր են բերվել այն մասին, որ չեչենական կողմը զինված է ռուսական նորագույն սպառազինությամբ, ինչը ռուսական բանակը չուներ: Ռուսական բանակը չուներ, քանի որ գումար չուներ, որ գներ գործարանից, իսկ չեչեններն ունեին՝ գնում էին գործարանից: Եթե այս տրամաբանության մեջ նայենք հարցին, ապա Ռուսաստանը վաճառել է և կշարունակի վաճառել զենք Ադրբեջանին: Բայց կարևոր մի խնդիր կա. մենք պետք է մեր կոչերով ու չերևացող, կուլիսային գործողություններով ուղերձ հղենք առ այն, որ եթե ուզում եք ՀԱՊԿ-ը դարձնել ՆԱՏՕ-ի հակակշիռը, ապա ի վերջո պիտի հասկանաք, որ պիտի լինեք այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի համար թշնամի են բոլոր նրանք, ովքեր թշնամություն են անում ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի հետ: ՆԱՏՕ-ում կան երկրներ, որոնք իրար հետ թշնամական հարաբերությունների մեջ են: Օրինակ՝ Հունաստանն ու Թուրքիան: Բայց եթե հանկարծ այդ երկրներից մեկն ինչ-որ երրորդ ուժի հետ խնդիր ունենա՝ բոլորը միանգամից սկսում են աջակցել նրան: - Կարևոր է այն հանգամանքը, թե ո՞ր հարթությունում ենք հարցը քննարկում։ Գոնե մեզ համար Ադրբեջանը ապակառուցողական կողմ է, ագրեսոր պետություն, որին նման ծավալներով սպառազինություն մատակարարելը անընդունելի է որևէ երկրի, առավել ևս Ռուսաստանի կողմից, որը միջնորդի դեր է խաղում այս հակամարտության կարգավորման գործընթացում։ - Այո, Ռուսաստանը հանդիսանում է նաև միջնորդ պետություն։ Մյուս երկու միջնորդ պետությունները ունեն բարձր մակարդակում ընդունված օրենքներ, կարգավորումներ, որով արգելվում է հակամարտող կողմերին զենք և սպառազինություն վաճառել։ - Իմիջիայլոց, Լավրովի այդ մեկնաբանությունից երկու օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմերին աջակցություն ցուցաբերելը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Այսինքն՝ մի կողմից խաղաղ կարգավորմանը աջակցելը առաջնահերթ հարց է, մյուս կողմից նորմա՞լ է պատերազմին նախապատրաստվող կողմին զենք վաճառելը։ Այստեղ հակասություն չկա՞։ ­- Կա, իհարկե։ Իրենք իրենց հակասում են։ Հայաստանի հետ միասին լինելով միևնույն կառույցի անդամ, Հայաստանի հետ ունենալով երկկողմ ռազմավարական հարաբերություններ, նաև լինելով տվյալ հակամարտության կարգավորման միջնորդ կողմ, նրանք զենք են վաճառում հակամարտող երկու կողմերին։ Ռուսաստանը, կարծես թե, փորձում է կառավարել իրավիճակը սպառազինության կուտակմամբ։ - Իսկ եթե նրանք, որպես հակափաստարկ, ասեն՝ նրանց էլ ենք վաճառում, ձեզ էլ, մեզ համար ավելի լավ է, որ ոչ ոքի զենք չտան, թե՞ կապ ունի՝ ինչ զինատեսակների մասին է խոսքը՝ պաշտպանական, թե հարձակողական։ - Եկեք այսպես նայենք հարցին․ ինչի՞ հիման վրա պետք է Ռուսաստանը զենք չվաճառի Հայաստանին, եթե Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունի դրա իրավունքը։ Զուտ իրավական հարթությունում նայենք հարցին։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով է այդ իրավունքը ձեռք բերել։ - Իսկ երբ ասում է, թե Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, իրոք այդպե՞ս է։ - Գուցե միջազգային նորմերին ամբողջությամբ համապատասխանում է։ Խոսքը միջազգային նորմերի մասին չէ։ Խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակների մասին է, որ Հայաստանի հետ միասին լինելով միևնույն ռազմական կառույցի անդամ՝ նա զենք է վաճառում ՀԱՊԿ անդամ երկրին թշնամի հանդիսացող պետությանը։ Խնդիրը սրա մեջ է։ Իսկ եթե Ռուսաստանին նայենք որպես միջնորդ կողմի, ապա ավելի տրամաբանական կլիներ, որ երկու կողմերին էլ չվաճառեր։ Բայց նույնիսկ միջազգային ռազմական համագործակցության համատեքստում շատ հարցեր կան, որոնք անհրաժեշտ է ճշտել։ Այդ հարցերի թվում է, օրինակ, Սովորական սպառազինությունների մասին եվրոպական կոնվենցիան, որը ստորագրված է և սահմանում է, թե մենք որքան սպառազինություն, ռազմական տեխնիկա կարող ենք ունենալ։ Պետք է ուղղակի հասկանալ՝ սպառազինության այն քանակությունը, որը Ռուսաստանը մատակարարում է Ադրբեջանին, արդյոք չի՞ խախտում սահմանված այդ նորմերը։ Ինձ թվում է, որ խախտում է, որովհետև Ադրբեջանը այդ սպառազինության և տեխնիկայի մի մասը ոչ թե զինված ուժերին կամ այլ խոսքերով՝ բանակին է հաշվագրում, կցում, այլ ռազմական կառույցներին, օրինակ՝ սահմանապահ զորքերին։ - Որոնք հիմա սահմանապահ ծառայություն են իրականացնում։ - Այո, Ադրբեջանի սահմանապահ զորքերը նաև իրականացնում են մարտական հերթապահություն Տավուշի մարզի դիմաց։ Այսինքն՝ փաստացի Ադրբեջանը խախտում է այդ համամասնությունը՝ ստիպված ռազմական տեխնիկայի մի մասը կցելով այլ զորամիավորումների, քանի որ դա չի ենթարկվում կոնվենցիայի նորմերին։ Այս հարցը ուսումնասիրության լուրջ կարիք ունի, և ինձ թվում է՝ միջազգային իրավունքի մասնագետները պետք է լրջորեն ուսումնասիրեն այս հարցը ու հասկանան, թե ի՞նչ է կատարվում։ Իսկ մնացած դեպքերում պիտի հասկանանք, որ Ադրբեջանը շարունակելու է սպառազինություն ձեռք բերել, և եթե չլինի Ռուսաստանը՝ Թուրքիայից ձեռք կբերի։ Բայց այստեղ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Այն սպառազինությունը, որը Ռուսաստանն է տալիս, ամբողջությամբ ադապտացված է ադրբեջանական բանակի և՛ կառուցվածքին, և՛ մարտավարությանը, և՛ այլ ասպեկտներին։ Իսկ եթե սպառազինություն ներկրի Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ական չափորոշիչներին համապատասխան է, բավական ժամանակ դեռևս պետք է անցնի մինչև շատ մեծ փոփոխություններ անելը՝ սկսած ամենատարրական մարտավարությունից, որովհետև մարտավարությունը ամբողջությամբ մշակվում, հաշվարկվում է՝ կախված այն հանգամանքից, թե ի՞նչ սպառազինություն, ի՞նչ տեխնիկա ես օգտագործում մարտի ընթացքում։ - Հիմա նայենք հարցի մյուս կողմին։ Բարոյական և իրավական կողմերին արդեն անդրադարձանք և ընդգծեցինք, որ երկու առումներով էլ ռուս-ադրբեջանական համագործակցությունն անընդունելի է։ Բայց ռուսները փորձում են այս հարցը տանել իրատեսության, բիրտ, անմարդկային պրագմատիզմի դաշտ՝ ասելով, թե «գիտեք, այսպես է իրերի դասավորությունը մենք լավ հարաբերություններ ունենք ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ, և եթե Հայաստանը դաշնակից է, ապա Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է», և այլն, և այլն։ Այս տեսակետն ինչպե՞ս պիտի գնահատենք։ - Այս պարագայում մի քանի տեսակետներ կարող են լինել։ Ես ունեմ իմ անձնական տեսակետը, որ դա ճիշտ չէ և դա սխալ է։ Եվ անկախ այն հանգամանքից, թե նա ինչ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ՝ նա ամեն դեպքում պետք է բարոյական շեմը չանցներ։ Մի ուրիշ բան ասեմ։ Վերջերս մամուլում տեղեկություն շրջանառվեց այն մասին, թե Ռուսաստանը խնդրել կամ պահանջել էր Հայաստանից հարձակվել Վրաստանի վրա, և հայկական կողմն, իհարկե, հրաժարվել է՝ նշելով, որ թեև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, բայց Վրաստանի հետ ապրել ենք, ապրում ենք և դեռ ապրելու ենք ու չենք կարող փչացնել մեր հարաբերությունները։ Հիմա հարցն արդեն գալիս է ռուսական տիրույթին՝ իսկ որպես ի՞նչ է Ռուսաստանը դիտարկում Հայաստանը։ Եթե նրա համար Հայաստանի շահը այդքան անկարևոր է, որ նա կարող է բիզնես շահերի համար զենք վաճառել Հայաստանի թշնամուն, ապա ի՞նչ է իր համար հանդիսանում Հայաստանը։ Եկեք այս տեսանկյունից նայենք և հարցը տանք իրենց՝ ի վերջո, Հայաստանն այն եզակի երկրներից մեկն է, որը անվճար տարածք է տրամադրել ռուսական ռազմաբազայի համար, որտեղ ռուս զինծառայողներն իրենց շատ լավ են զգում, շատ ավելի լավ, քան Ռուսաստանում։ Եվ մենք պետք է հստակ հասկանանք, որ այդ ռազմաբազան ոչ միայն Հայաստանն է պաշտպանում Թուրքիայից, այլ Ռուսաստանի հարավային սահմանը։ Ռուսաստանը Կովկասում գտնվող իր սահմանը շատ գեղեցիկ տեղափոխել է Հայաստանի և Թուրքիայի միջև։ Փաստացի նա այստեղ իր սահմաններն է պաշտպանում։ Այս ամենը իր համար ի՞նչ է նշանակում, որ նա կարող է ուղղակի անցնել մեր շահի վրայով։ - Մանավանդ հիմա Ռուսաստանը փորձում է ամրապնդվել Մերձավոր Արևելքում, և առանց այստեղ հենակետ ունենալու՝ դա շատ դժվար կլինի։ - Ինձ թվում է՝ այո, շատ բարդ կլինի։ Իհարկե, դեռևս խոսքը միայն Սիրիայի մասին է, բայց հետագայում տարբեր այլ սցենարներ նույնպես կարող են գործել։ Եվ այստեղ բազա ունենալն իրոք ահռելի նշանակություն ունի իր համար։ Մի անգամ ես հարցազրույցներից մեկում ասել եմ՝ պատկերացնենք, որ Ռուսաստանին Հայաստանը շատ ավելի շատ է պետք, քան թե Ռուսաստանը՝ Հայաստանին։ Եվ չգիտեմ՝ ինչի՞ց է, որ վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանը ամեն կերպ մոռացության է տալիս դա։ - Ռուսաստանն ասում է, թե պահպանում է ռազմական ուժերի բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Արդյո՞ք իրականում այդպես է։ Շատերը խիստ կասկածում են դրանում։ -Այն թվերը, որոնք հասանելի են մեզ բաց աղբյուրներից, ցույց են տալիս, որ բալանսը չի պահպանվում։ Եթե բալանսը պահպանելը համարում են այն, որ իրենք մեզ տալիս են «Իսկանդեր», որին համարժեք սպառազինություն չունի Ադրբեջանը, ապա դա դեռևս չի նշանակում, որ բալանսը պահպանվում է։ Հավասարակշռությունը ամեն ինչում պետք է լինի։ Դա պետք է լինի և՛ զրահատեխնիկայի, և՛ հրետանային միջոցների, և՛ մնացած առումներով։ Բայց ես չեմ կարծում, որ դա կա։ Համենայն դեպս, թվերը, որոնք բաց են, բալանսի մասին չեն խոսում։ Բալանսի մասին խոսք այնտեղ չի կարող լինել։