Ոստիկանության գաղտնալսման ինտրիգը

Ոստիկանության գաղտնալսման ինտրիգը

Ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություն տալու մասին օրինագծի ընդունումը խորհրդարանում, բավականին թեժ քննարկումներ է առաջացրել հանրության շրջանակներում: Ընդ որում հետաքրքիր է, որ այդ նախաձեռնությունը քննադատության են արժանացնում թե հեղափոխությանն այսպես ասած սատարող շրջանակ, թե նախկին իշխող համակարգին հարող շրջանակ ներկայացնող խմբեր: Քննադատության հիմքում այն է, որ հանրության հադեպ ուժգնանում է իրավապահ մամլիչը: Օրենքը ԱԱԾ-ից բացի, գաղտնալսման իրավունք է տալիս նաև ոստիկանությանը: Ընդ որում, արժե նկատել, որ ոստիկանությունը ունեցել է այդ իրավունքը, բայց այն ստացել է ԱԱԾ-ից: Այժմ ոստիկանությունն այդ առումով ազատվում է ԱԱԾ այդ «կախվածությունից» և ոստիկանությունը ստանում է գաղտնալսման հնարավորություն, իրավունք՝ եթե ստանում է դատարանի հավանությունը: Այլ կերպ ասած, եթե նախկինում դատարանի հավանությունից հետո գաղտնալսման թույլտվություն պետք էր ստանալ նաև ԱԱԾ-ից, այժմ ոստիկանությունը դրա կարիքը չի ունենա և կարող է ինչպես ԱԱԾ-ն՝ դիմել դատարան և ստանալ «ինքնուրույն» գաղտնալսման թույլտվություն: Այն, որ իրավապահ համակարգը քաղաքացու հանդեպ վերահսկողության որևէ նոր իրավունք է ստանում, հասկանալիորեն անհանգստություն կամ աղմուկ է առաջացնում հանրության շրջանում: Սակայն միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ հանրության պաշտպանվածության խնդիրները լուծվում են հակակշռող իրավունքներով և մեխանիզմներով և ասել, թե ոստիկանության գաղտնալսման հնարավորությունն էապես փոխում է ուժերի հարաբերակցությունն այդ տիրույթում, խոշոր հաշվով նշանակում է առաջնորդվել ավելի շատ զգայական գնահատականով, ամբողջությամբ չդիտարկելով իրերի մինչ այդ եղած դրությունը: Այդպիսով, նոր նախաձեռնության ազդեցության գլխավոր հասցեատերը ոչ թե հանրությունն է, քաղաքացին՝ մինչ այդ եղած իրավիճակը դույզն իսկ ավելի այսպես ասած «թեթև» չէր, այլ հենց իրավապահ համակարգը: Այստեղ է նախաձեռնության հետաքրքրականությունը և թերևս գլխավոր ինտրիգը: Ոստիկանությունը գաղտնալսման իրավունքի կամ հնարավորության առումով «անկախանում» է ԱԱԾ-ից, ինչը նշանակում է փաստորեն երկու այդ կառույցների գործունեության կամ հարաբերակցության որոշակի հակակշռում: Այդպիսով, կառավարող մեծամասնությունը ինչ-որ իմաստով ոստիկանությանը տալիս է ԱԱԾ-ին հակակշռելու հնարավորություն, դրանով իսկ փաստացի բարձրացնելով իրավապահ կառույցների կառավարելիության աստիճանը: Թե ինչու՞ է կառավարող ուժի համար առաջացել այդ անհրաժեշտությունը, միարժեք ասելն իհարկե բարդ է: Արդյո՞ք դրանում դեր ունեցել է օրինակ ԱԱԾ նախկին պետի պաշտոնանկությանն առնչված իրավիճակը, թե՞ կառավարող ուժն ընդհանրապես տեսել է խնդիր իրավապահ համակարգում իր ազդեցությունը բալանսավորելու համար: Համենայն դեպս ակնառու է, որ հակակշռման այդ մեխանիզմի ներդրումով կառավարող ուժը բարձրացնում է իրավապահ համակարգի հանդեպ քաղաքական ազդեցությունը: Դա էլ հետաքրքիր է այն հանգամանքով, որ նույն մեծամասնությունը փաստորեն հրաժարվեց իրավապահ համակարգի ղեկավարների քաղաքական նշանակման մասին օրինագծի հետագա աջակցությունից, որը հենց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկության շրջանում ներկայացրել էր Լուսավոր Հայաստանը և այդ շրջանում ստացել մեծամասնության աջակցությունն առաջին ընթերցմամբ: Օրերս մեծամասնությունը հրաժարվեց աջակցությունը երկրորդ ընթերցմամբ շարունակելուն: