Պետք է հետևել Վանեցյանի վարքագծին հիմնադրամի ստեղծումից հետո և նոր հասկանալ՝ ինչի հետ կարող է գործ ունենալ հանրությունը

Պետք է հետևել Վանեցյանի վարքագծին հիմնադրամի ստեղծումից հետո և նոր հասկանալ՝ ինչի հետ կարող է գործ ունենալ հանրությունը

Ազգային անվտանգության ծառայության  նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 27-ին արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի կանոնադրության մեջ «Նպատակներ» բաժնում գրված է՝ «աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերին»: Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք  նման հիմնադրամի ստեղծումը քաղաքականություն մուտք գործելու հետ ունի՞ առնչություն. «Քաղաքականություն մուտք գործելու մասին Վանեցյանը որոշակի ակնարկներ ավելի վաղ արել էր։ Ես դիտեցի Արթուր Աթանեսյանի հարցազրույցը, և նա ասաց, որ դեռևս որպես հիմնադրամ պետք է  զարգանան, կայանան։ Ընդհանուր առմամբ երևույթը որոշակի հիմքեր է  ստեղծում, որպեսզի հետագայում հնարավորության դեպքում  քաղաքականության մեջ որոշակի քայլեր արվեն, սակայն թե  դա ինչպիսի հաջողություն կունենա՝ ժամանակը ցույց կտա։ Տեսնենք, թե հիմնադրամն ինչպես կգործի, որ դաշտում կդիրքավորվի, հայտարարելը մի բան է, իսկ իրական գործողություններով որոշակի դիրքավորումն այլ բան է։ Այսինքն՝ նախ պետք է հասկանալ այդ հիմնադրամի դիրքավորվածությունը, որպեսզի պատկերացնենք, թե հետագայում դա քաղաքականություն տեղափոխելն ինչ հաջողություն կունենա»։ Մեր այն դիտարկմանը, թե նախկինում Վանեցյանը քննադատում էր Սորոսի գրասենյակի գործունեությունը, որոշակի վտանգներ էր տեսնում և հիմա  այդ նույն գրասենյակի գործառույթներն իրականացնող նպատակներով հիմնադրամ է բացում, և հարցին՝ արդյոք որոշակի հակակշռման նպատա՞կ է հետապնդում ԱԱԾ նախկին ղեկավարը, Ղևոնդյանը պատասխանեց. «Ես չէի խոսի հակակշռման մասին։ Ըստ իս՝ Սորոսի գրասենյակի մասին խոսելը որոշակի առումով մոդա է դարձել այսօր, և Սորոսի գրասենյակի նկատմամբ  թե՛ դրական և թե՛ բացասական վերաբերմունք արտահայտելու միջոցով քաղաքականության մեջ որոշակի տեղ զբաղեցնել ցանկացող ուժերը փորձում են որոշակի ուշադրություն գրավել։ Սորոսի գրասենյակի մասին խոսելով՝ նրանք  իրենց մասին «խոսել են տալիս»։ Իրականում շատ հնարավոր է, որ այս հիմնադրամը, քանի որ համանման նպատակներ ունի, ինչ-որ ժամանակահատվածում օգտվի Սորոսի գրասենյակի կողմից տրված նվիրատվություններից՝ իր նպատակներն իրականացնելու համար։ Ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, պարտադիր չէ, որ բոլոր հարցերում համագործակցող կողմերի տեսակետները համընկնեն։ Եթե որոշ հարցերում համընկնում են, և այդ հարցերի շուրջ նրանք որոշակի գործունեություն են ծավալում, ու եթե արդյունքը դրական է, ու հանրօգուտ որևէ գործունեություն է հնարավոր իրականացնել, ապա դա շատ նորմալ է»։ Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Վանեցյանը կարո՞ղ է վայելել ռուսական որոշակի շրջանակների աջակցությունը՝ նաև հաշվի առնելով Ռամզան Կադիրովի շնորհավորանքը նրա ծննդյան օրվա կապակցությամբ. «Հիմնադրամի հետ կապված քանի որ փաստեր չունենք, չենք կարող ասել, որ խոսքը ռուսական կապիտալի ներդրման մասին է։ Բայց  այն, որ Վանեցյանը որոշակի կապեր ունի Ռուսաստանում, ակնհայտ է, և քաղաքականության մեջ հնարավոր է, որ այդ կապիտալն օգտագործվի, ինչո՞ւ ոչ»։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ հիմնադրամի մասին առայժմ հայտնի է  միայն, որ այն պետք է նպաստի քաղհասարակության զարգացմանը. ավելին հնարավոր կլինի ասել միայն հիմնադրամի ծավալած գործունեությունից հետո. «Հիմնադրամը պետք է սկսի գործել, ու միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ ուղղությունները, որպեսզի կարողանանք գնահատել՝ արդյոք հիմնադրամը Արթուր Վանեցյանի համար քաղաքական գործիք է, ֆորմալ ընտրված է, բայց նպատակը քաղաքականությո՞ւնն է, թե՞,  այնուհանդերձ, Արթուր Վանեցյանը հիմնադրամի ստեղծումով հրաժարվում է ուղիղ քաղաքականության մեջ մտնել և ընդհանրապես քաղաքական նպատակներ սպասարկել ու փորձում է ինչ-որ միջավայրի ձևավորմանը նպաստել»։ Այժմ, ըստ Բադալյանի, հնարավոր է ամենատարբեր ենթադրություններն անել. «Ես դրա համար էլ նշում եմ՝ պետք է սպասել տեսնել, թե ինչպես է հիմնադրամը սկսում գործել, հիմնադրամի ստեղծումից հետո ինչպես է փոխվում Արթուր Վանեցյանի վարքագիծը հասարակական-քաղաքական առումով, և նոր միայն հնարավորություն կլինի գնահատել, թե իրական նպատակների կամ բուն գործունեության առումով ինչի  հետ կարող է գործ ունենալ հանրությունը»։