Սկզբնական բլթոցների փուլն անցել է, հիմա հասարակությունը պետք է ստանա իր հարցերի պատասխանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել և քննարկել են մի շարք ընթացիկ հարցեր։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է՝ շատ կարևոր է, որ հաջորդ տարի ունենալ նշանակալի հաջողություններ, և որ 2020 թվականը շատ էական տարի է լինելու։ Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումները․ դա ակնա՞րկ է, թե՞ գնահատական․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Սարո Սարոյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ արդեն իսկ հայտարարվել է, որ մյուս տարի սահմանադրական բարեփոխումների գործընթաց կսկսվի, այստեղ է հիմնական առանցքը կայանալու, և մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո համակարգային փոփոխությունների առումով այնքան էլ հաջողված գործընթացներ չեն կատարվում երկրում։ Կան շատ-շատ խնդիրներ, որոնք չեն լուծվում և չեն լուծվում, որովհետև հարցը հիմքից չի դրվում։ Իմ կարծիքով՝ էական տարի միայն այդ տեսանկյունից կարելի է դիտարկել, որովհետև սահմանադրական բարեփոխումների ժամանակ դիսկուրսն արդեն կծավալվի իրական արժեքների շուրջ, և ոչ միայն քաղաքական խմբերը, այլ նաև մեր ողջ հանրությունը կփորձեն ամեն մեկը բերել իրենց պատկերացումները, թե ինչպիսի երկիր են ուզում կառուցել։ Հիմա մենք ինչ ունենք, դա Սերժ Սարգսյանի ժամանակ ընդունված Սահմանադրության շնորհիվ է, որը բացարձակ չի համապատասխանում այն արժեքներին, այն նպատակներին, որոնք հեղափոխությունը դրել էր 2018 թվականին։ Այդ առումով մենք 2019 թվականը անպտուղ տարի էր, պտղաբեր լինելու համար պետք է հիմքից սկսել ամեն ինչ կառուցել»։ Իսկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց․ «Ես, բացի քաղաքացի լինելուց, նաև գործարար եմ, և ամեն օր գործ եմ անում։ Այս 27 տարիների ընթացքում ինչ-որ խոստացել եմ, մի որոշ ժամանակ անց արել եմ, ու այդպես էլ պահանջում եմ։ Այդ տեքստում միայն կարևորը «պետք են» էր, այսինքն՝ չենք արել, մնացածը կարևոր չէ։ Երբ երկու ձեռնարկություն ունենում են վեճ, կամ ձեռնարկությունն ու պետությունն ունենում են վեճ, մի կողմը պահանջում է, որ բաց թողնված շահույթը փոխհատուցվի։ Հիմա այս հեղափոխությունն ունի բաց թողնված շահույթ։ Մենք ուզում ենք՝ եթե նույնիսկ փոխհատուցումը չեք կարող տալ, ապա գոնե բացատրեք, թե ինչի էսպես եղավ։ Ինչի մեր Սահմանադրական դատարանը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ինչի է մեր Ազգային ժողովի վիճակը այն, ինչը որ կա, ինչի մենք ունենք բացթողումներ տարբեր-տարբեր բաներում։ Սկզբնական էդ բլթոցների փուլը, որ նոր մարդիկ են եկել ասպարեզ ու նրանց համար դժվար է, հասկանալի էր, բա հիմա։ Մեր հարցերը չեն լուծվել։ Ես ուզում եմ, որ իմ պետության ղեկավարները մեր բաց թողնված ժամանակի համար հեղափոխականներիս հաշվետվություն տան»։     Մանրամասները՝ տեսանյութում։