Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել Փաշինյանի առաջարկը

Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել Փաշինյանի առաջարկը

Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ ծավալվելու է լուրջ հակաքարոզչություն, որի նպատակն է լինելու ստեղծել տպավորություն, որ Վիտալի Բալասանյանի հաղթանակից բացի, որևէ այլ թեկնածուի հաղթանակ լինելու է Արցախի սպառնալիք, հաղթանակը հանձնելու «դավադիր» ծրագրի մաս: Այդ հեռանկարի պարզորոշ վկայությունն է Հայաստանի երկրորդ նախագահի հարցազրույցը «Հրապարակ» թերթին, որտեղ նա Հայաստանի իշխանությանը դարձյալ մեղադրում է արցախյան հաղթանակին սպառնացող մտադրությունների համար: Ռոբերտ Քոչարյանի այդ վարքագծի անձնական մոտիվները միանգամայն պարզ են և շատ վաղուց: Բացարձակապես բացակայում է ներկայացվող մեղադրանքների փաստարկային հիմքը: Ավելին, երբ Հայաստանի իշխանությանը Արցախի հաղթանակին սպառնալիք ստեղծելու կամ մտմտալու համար մեղադրում են մարդիկ, որոնք ունեցել են արցախյան հաղթանակը դիվանագիտական-քաղաքական ճանապարհով ամրագրելու հնարավորություն, առնվազն տասը տարի ժամանակ, այն էլ աշխարհաքաղաքական և տնտեսա-քաղաքական բարենպաստ միջազգային միջավայրի պայմաններում, բայց դրա փոխարեն գեներացրել են բանակցային վտանգավոր բովանդակություն, մեկնաբանությունները դառնում են ավելորդ: Եվ ավելին, ներկայումս Հայաստանի նոր իշխանությունը կանգնած է այդ ամենի հետևանքից Հայաստանն ու Արցախը դուրս բերելու անհրաժեշտության առաջ, կամ, այլ կերպ ասած՝ դեռևս 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքների գործընթացից Հայաստանն ու Արցախը դուրս բերելու խնդրի առաջ: Ավելին, թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար այդ խնդիրը լուծելու պատեհ հնարավորություն էր, քանի որ նախկին իշխող համակարգը ինքնին անկարող էր մաքրել իր իսկ աղտոտած բանակցային միջավայրը, հրաժարվել իր իսկ ընդունած բանակցային սկզբունքներից, որոնք այլ բան չէին, քան արցախյան հաղթանակից կամովին հրաժարման նախաձեռնություն: Մադրիդյան սկզբունքներում Արցախի կարգավիճակը թողնված էր անորոշ հեռանկարի, այն դեպքում, երբ տարածքների հանձնման, փախստականների վերադարձի հարցերը ունեին միանգամայն կոնկրետ սահմանումներ, ինչն ուղղակի նշանակում էր ստատուս-քվոյի վերանայում՝ առանց կարգավիճակի վերջնական հստակեցման: Դեռ հարց է, թե հայկական կողմի համար որքան է ընդունելի այդ բանաձևը՝ տարածքներ վերջնական կարգավիճակի դիմաց, քանի որ խնդիրը և անվտանգության էքզիստենցիալ հանգամանքը ունի շատ ավելի խորքային բնույթ այդպիսի տարբերակի համաձայնելու միամտությունն ունենալու համար: Բայց Հայաստանի նախորդ իշխանությունը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն համաձայնել է բանակցել մի սկզբունքով, որտեղ կարգավիճակի հստակեցման հարց չկա, փոխարենը կա ստատուս-քվոյի վերանայման արձանագրում: Հետո արդեն Սերժ Սարգսյանը բանակցել է այդ սկզբունքների հիման վրա կառուցված Կազանյան պլանի շուրջ, և անգամ Ապրիլյան պատերազմից հետո Սարգսյանն անկարող եղավ օգտագործել մեր բանակի ստեղծած առիթը և դուրս գալ Մադրիդյան սկզբունքներից: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը անմիջապես ձեռնամուխ է եղել այդ խնդրի լուծմանը: Մի կողմ թողնելով իրավիճակի գնահատման, այսպես ասած, զգայական, բարոյական հատկանիշները, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի է պատկերացնում՝ եթե մնում են Մադրիդյան սկզբունքները, որպես քաղաքական գործընթացի տրամաբանություն-հենարան, ապա դրանք, վաղ թե ուշ, փոս կամ քաղաքական դամբարան են դառնալու Հայաստանի որևէ իշխանության, անգամ լեգիտիմ իշխանության համար: Որովհետև չի կարող այդպիսին չլինել մի հանգամանք, որն իր էության էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Եվ այսօր Արցախի հարցում վարվող քաղաքականության դեմ և սպառնալիքից են խոսում ուժեր ու մարդիկ, որոնք Ադրբեջանի հետ բանակցել են էքզիստենցիալ սպառնալիքի հիմքով: Ու դա այն պարագայում, երբ վարչապետ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում առաջարկեց Հայաստանի ներքաղաքական կյանքում հրաժարվել «Արցախը հանձնելու» խաղաքարտից կամ գործիքից և առնվազն այդ հարցում գալ համահայկական կոնսենսուսի: Ռոբերտ Քոչարյանը փաստորեն չի ընդունել այդ առաջարկը: