Նոր իշխանության «Ֆլեշը»․ Սերժ Սարգսյանի ուրվականը նոր Հայաստանում

Նոր իշխանության «Ֆլեշը»․ Սերժ Սարգսյանի ուրվականը նոր Հայաստանում

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի համար, որ նա պաշտոնավարման ընթացքում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը: Որևէ մեկին այս տեղեկատվությունն առանձնապես չի զարմացնում, որովհետև գործ ունենք ավտորիտար, կոռումպացված իշխանության առաջին դեմքի հետ, որն «արտոնություններ» է ստեղծել իր ընկեր, սանիկ Բարսեղ Բեգլարյանի ընկերության համար՝ պետության հաշվին։ Սա նախահեղափոխական Հայաստանի համատարած թալանի մի լոկալ դրսևորում է ու մասշտաբային առումով նույնիսկ այնպիսի փոքր բացահայտում, որը հասարակության կողմից անգամ «նվեր» է համարվում Սերժ Սարգսյանին։ Սակայն պարզվում է՝ նոր Հայաստանում «Ֆլեշի» սինդրոմը ոչ միայն չի վերացել, այլ նաև նոր դրսևորումներ կարող է ունենալ։ «Հետք»-ի տեղեկություններով՝ այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունիսի 28-ին։ Դրա միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։ Վերջինս այս տեղեկատվությունն ոչ միայն չի հերքել, այլ հնարավոր է համարել, որ հետագայում Մամե Ամիրյանը կարող է դուրս գալ ընկերության սեփականատերերի ցանկից, և վերջինիս փոխարինի ինքը։ Ռոման Մուրադյանն այժմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է՝ փոխարինելով ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Իհարկե, հիմա իշխանության նեկայացուցիչները կպնդեն, որ բաց մրցույթում պահպանվել են բոլոր ընթացակարգերը ու ընկերությունը մատակարարման պայմանագիրը շահել է միանգամայն օրինական ճանապարհով։ Ֆորմալսիտական առումով՝ բացատրությունը գուցե նույնիսկ տեղին լինի կամ ինչպես Սերժ Սարգսայնն էր ժամանակին ասում՝ ամեն բան թղթով գուցե ճիշտ է։ Սակայն խնդիրն այն է, որ մրցույթը շահում է քաղաքական իշխանության հետ ասոցացվող մի ընկերություն, որն ընդամենը երեք ամսվա կենսագրություն է ունեցել։ Գործունեության լակոնիկ «ստաժն» արդեն կոռուպցիոն ռիսկերի որոշակի լեգիտիմ կասկածներ է ծնում ու նունիսկ այնպիսի տպավորություն է, որ «Գազօիլ» ընկերությունը հատուկ ստեղծվել է՝ ՊՆ հայտարարած մրցույթում հաղթելու համար։ Խնդիրն, իհարկե, ավելի գլոբալ անդրադարձի անհրաժեշտություն ունի։ Հեղափոխությունից հետո Հայաստանում այդպես էլ չի ստեղծվել նոր՝ ավելի արդյունավետ համակարգ, ու նախկին հարաբերությունների իներցիան պահպանվում է՝ կլանելով նոր իշխանության ավելի շատ կադրերի ու լափելով հեղափոխության արժեքները։ Պատահական չէ, որ նոր իշխանության երկու փոխնախարարներ արդեն կալանավորված են կոռուպցիան մեղադրանքներով ու մտավախություններ կան, որ նոր իշխանության ակտիվում կարող են գրանցվել «սեփական» «Ֆլեշ»-ներ։